22/05/2025

Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ հետ բանակցության չորրորդ ռաունդը ինչ կտա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ հետ բանակցության չորրորդ ռաունդը կկայանա մայիսի 11-ին՝ Օմանում:

Ինչպես հայտնի է, Արաղչի-Ուիթկոֆ բանակցային գործընթացի չորրորդ հանդիպումը նախատեսված էր մայիսի 3-ին, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով և անհայտ պատճառներով: Դա ստեղծեց տպավորություն, որ պրոցեսում առաջանում է լարվածություն և այն կարող է բերել Իրանի շուրջ իրավիճակի սրացման:

Հատկապես դրա նախանշան դիտվեց այն, որ հայտարարվեց մայիսի 7-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հնգօրյա այց Ադրբեջան՝ հսկայական պատվիրակությամբ: Սակայն մայիսի 4-ին եղավ հայտարարություն Թուրքիայից, որ տեղեկությունները, թե Անկարան բացել է օդային տարածությունը Նաթանյահուի օդանավի համար, չեն համապատասխանում իրականությանը և չի կարող խոսք լինել օդային ճանապարհ տալու մասին:

Առանց դրա, Նաթանյահուն Ադրբեջան մեկնելու համար հարկադրված կլիներ գծել օդանավային երթուղու շատ մեծ շրջան՝ Թուրքիան կամ Իրանը շրջանցելու համար:

Ըստ ամենայնի, սակայն, բանը լոկ ճանապարհը չէ, այն ընդամենն այսպես ասած հրապարակային պատճառն էր, իսկ այցի հետաձգման բուն պատճառը, թերևս, եղել է քաղաքական: Հատկանշական է, որ Թուրքիան ադրբեջանական մամուլի տարածած տեղեկություններից միայն երկու օր անց որոշեց հերքել Նաթանյահուի օդանավին ճանապարհ տալու մասին տեղեկությունը:

Ինչո՞ւ դա չէր հերքվում անմիջապես: Թուրքիայի հերքումն էլ, ըստ էության, նախորդեց Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցին: Այստեղ հատկանշական է այն, որ այս ընթացքում նաև Սպիտակ տունը լքեց Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայք Ուոլցը:

Վաշինգտոն Պոստ հեղինակավոր պարբերականը տեղեկություն էր հրապարակել, որ Ուոլցի հանդեպ դժգոհություն է առաջացրել այն, որ նա շատ ակտիվ է փորձել առաջ մղել Իրանի հարցում իսրայելական կառավարության մոտեցումները, որոնք ավելի հակված են դեպի ուժային լուծումներ:

Չի բացառվում, որ Իրան-ԱՄՆ բանակցության հետաձգման պատճառներից մեկը այն էր, որ Սպիտակ տանը եղել է դիվանագիտական և ուժային մոտեցումների «բախում»: Դա, իհարկե, կարող էր պայմանավորված լինել նրանով, որ Արաղչի-Ուիթկոֆ բանակցային առաջին երեք ռաունդներով ձեռք է բերվել համաձայնությունների այնպիսի որոշակի պաշար, որը կարող էր թույլ տալ ամրապնդել դիվանագիտական գործընթացը:

Ընդ որում՝ հարկ է նկատել, որ երրորդ հանդիպումից հետո նկատելի էր իրանական կողմում լավատեսական հռետորաբանության աստիճանի բարձրացումը: Եվ առավել տարակուսելի էր, որ դրանից հետո եղավ հետաձգման մասին տեղեկությունը:

Եթե կա համաձայնություն չորորդ հանդիպման վերաբերյալ, ապա դա կարող է նշանակել, որ լարվածության «օջախները» զգալիորեն հաղթահարված են և դիվանագիտական պրոցեսի շուրջ «ականները» որոշակիորեն զերծված, առնվազն առաջիկայի համար:

Դա, իհարկե, կլինի սցենար, որը շատ կարևոր է նաև Հայաստանի համար, քանի որ Իրանի շուրջ գործընթացի կայունությունն ու կառավարելիությունը, անկասկած, էական նշանակություն ունի նաև Կովկասի կայունության և կառավարելիության համար:

Իհարկե ոչ բացարձակ, բայց էական նշանակություն: Հայաստանի համար դրա նշանակալիության մասին խոսելը, թերևս, ավելորդ է: