01/07/2025

Վանաձորում թեժ է լինելու՝ արտահերթ ՏԻՄ ընտրություններ

Վանաձորում արտահերթ ՏԻՄ ընտրությունների անցկացման խոսակցություններն ավելի են թեժացել ու առարկայական դարձել։ Հավանաբար, իշխանությունը հոկտեմբերին կգնա ընտրության՝ փորձելով ամրապնդել իր դիրքերը 2026-ին սպասվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ եւ Վանաձորում հիմնավոր ՔՊ-ական իշխանություն ձեւավորել։

Հիշեցնենք, որ Վանաձորում արդեն երեք տարի է՝ քաղաքապետ չկա, քաղաքը ղեկավարում է Փաշինյանի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը` ՀԱՍԿ թեկնածու Արկադի Փելեշյանը, որը հայտնի է կրիմինալ անցյալով եւ ընտրություններում առաջին տեղը չի զբաղեցրել ու ավագանու կողմից չի ընտրվել։

Հիմա Վանաձորում բոլոր հավակնորդները ծանրութեթեւ են անում իրենց հաղթելու շանսերը, դիրքավորում է գնում: Մենք անցած շաբաթ գրել էինք, որ ՔՊ-ն Վանաձորին ավելի մանրակրկիտ է պատրաստվում` ուզում են երկու ուժեղ թեկնածու առաջադրել, մեկը Լոռվա գործող մարզպետ Արամ Ղազարյանն է, մյուսը` նույն Ական: Հույս ունենք, որ եթե անգամ ՔՊ-ն մեծամասնություն չունենա, ապա համայնքապետի ԺՊ-ն էլ, մարզպետն էլ կօգտագործեն ադմինիստրատիվ ռեսուրս եւ կկարողանան համատեղ 50 + 1 ունենալ:

Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա ընտրություններին անպայման իրենք էլ են մասնակցելու, ինքն է գլխավորելու ցուցակը։ Վստահ է՝ ընդդիմությունը հաղթանակ է ունենալու Վանաձորում։

«Նախորդ ընտրություններին էլ ՔՊ-ն Վանաձորում` նույնիսկ արբանյակ ուժերով չի կարողացել հաղթել, այս ընտրություններին էլ է այդպես լինելու։ Դեռ երեք տարի առաջ մենք ասել ենք, որ ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակը նոր ընտրությունների գնալն է։ ՔՊ-ն ձգձգում էր՝ կարծելով, թե տարբեր միջոցներով կճնշի ընդդիմությանը, որպեսզի հրաժարվեն քաղաքական պայքարին մասնակցությունից, սակայն ստացավ հակառակ էֆեկտը»,-ասաց նա։ «Հաշվի առնելով սա, մենք հաջողություն ենք ունենալու»,- նշեց Դոխոյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն Վանաձորում «մարել է», վանաձորցիների հակակրանքն ավելի է խորացել, իսկ ընդդիմության հանդեպ վստահությունը մեծացել է։ Ի դեպ, Վանաձորում շատ վատ ընդունեցին կրիմինալ անցյալով Ակայի նշանակումը համայնքապետի պաշտոնում, եւ դա էլ է բավականին հեղինակազրկել իշխանություններին:

Հիշեցնենք, որ 2021-ին Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքն ամենաշատ ձայներն էր ստացել՝ առաջ անցնելով ՔՊ-ից։ Որպեսզի թույլ չտան ընդդիմությանը միավորվել եւ քաղաքապետ դարձնել Ասլանյանին, ՔՊ-ն աներեւակայելի կեղծիքների ու ապօրինությունների դիմեց: Նախ՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին 21-ի դեկտեմբերի 15-ին կալանավորեցին եւ 2,5 տարի պահեցին բանտում, ապա Էդմոն Մարուքյանի միջոցով մտան դատարան եւ կասեցրին ավագանու նիստեր հրավիրելը, իսկ դատական վեճը տեւեց 3 տարուց ավելի: Դատական համակարգի միջոցով Վանաձորում կառավարման ճգնաժամ առաջացրին։ Հետո ՏԻՄ օրենքի փոփոխությամբ վարչապետին իրավունք ընձեռեցին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել չընտրված անձին` ՀԱՍԿ թեկնածու Արկադի Փելեշյանին: Եվ հանրապետության երրորդ քաղաքում շուրջ 4 տարի է՝ օրինական ընտրված համայնքապետ եւ իշխանություն չկա․ քաղաքը կառավարում է ընտրություններում չհաղթած «Քաղպայմանագիրը»: Իսկ երբ «Լուսավոր Հայաստանի» հայցը բոլոր հնարավոր դատական ատյաններում մերժվեց, այս անգամ էլ դատարան դիմեց Ակայի ՀԱՍ(Հանուն սոցիալական արդարության) կուսակցությունը` հայտարարելով, թե տեղեկացված չի եղել դատական նիստերի մասին եւ չի մասնակցել դրանց, ուստի դատաքննությունը վերսկսվեց: Սակայն մայիսի 21-ին նշանակված նիստում, ըստ ամենայնի, կվերանա ավագանու նիստեր չհրավիրելու խոչընդոտը, եւ Վանաձորը կգնա նոր ընտրությունների:

Ռեպրեսիաներ, ճնշումներ, քաղաքական հետապնդումներ, ի՞նչ քայլերի կդիմի իշխանությունը, եւ այս իմաստով ո՞վ պետք է լինի ընդդիմության քաղաքապետը, որպեսզի անխոցելի լինի. «Ռեպրեսիաները չեն դադարել երբեւէ։ Այս երեք տարիների ընթացքում իմ, Մամիկոն Ասլանյանի հանդեպ եղել են ճնշումներ, վստահ եմ, որ էլի լինելու են։ Ես ոչնչով խոցելի չեմ, քրեական ոչ մի գործով չեմ անցնում, ինձ վրա ճնշում գործադրել փորձում են, բայց նաեւ հասկանում են, որ չեմ վախենում, հետ չեմ կանգնելու։ Վանաձորում հաղթելու է այն թեկնածուն, որին կվստահի վանաձորցին։ Դա կլինի այն մարդը, որն անկեղծ է, տարիների ընթացքում երբեւէ չի թալանել, վանաձորցու շահը չի օգտագործել՝ սեփական խնդիրները լուծելու համար։ Վստահ եմ, որ Գյումրու համեմատ ունենալու ենք լավ արդյունք»։

Ընտրություններում հաղթած Մամիկոն Ասլանյանը կառաջադրվի՞, թե՞ նրա առաջադրումը խոցելի է։ «Լավ կլիներ, որ Մամիկոն Ասլանյանը մասնակցեր ընտրություններին, բայց չեմ կարծում, որ ՔՊ-ն թույլ է տալու։ Վտանգ կա, որովհետեւ կարող է վերջին պահին ՔՊ-ն դիմի գործողությունների։ Մամիկոն Ասլանյանի հետ կապված դատավճիռը բողոքարկվել է, սպասում են պատասխանի։ Գուցե ՔՊ-ն վերջին վայրկյանին սրանով արգելի»։ Ասլանյանին առաջին ատյանի դատավճռով` մոտ 2 տարի ազատազրկում է սպասվում, եթե դատավճիռը մտնի ուժի մեջ: Գործը վերաքննիչում է: