01/07/2025

Քաղաքական գործիչ չունենք, ինչպես Խորենացին կասեր՝ ազգն անգլուխ է․ Տեր Ահարոն քահանա Մելքումյան

Մոտ մեկ ամիս առաջ Վատիկանում Ադրբեջանի կողմից կազմակերպված հակահայ գիտաժողովից հետո, օրեր առաջ Բաքու ժամանած Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային պարգեւատրեց Ռուս ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով։ Հայաստանում այս իրադարձություններին, ըստ էության, չտրվեց ոչ միայն քաղաքական գնահատական, այլ նաեւ չլսվեց եկեղեցու արձագանքը:

Հրապարակ թերթը գրել է․ Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասում է, որ Հայ առաքելական եկեղեցին գիտաժողովի պարագայում արձագանքեց, ու այդ հայտարարության տողատակերում բավականին մեծ ասելիք կար։

«Ակամայից հիշեցի մի պատմություն. Գյոթեն եւ իր ընկերը նույն չափով նյութ են ուղարկում մի խմբագրություն, երբ գնում են հոնորարը ստանալու, Գյոթեի գումարը շատ է լինում, ընկերն ասում է՝ բայց նույն չափով ենք նյութ տվել, ինչո՞ւ է քո գումարն ավելի շատ, իմը՝ քիչ, Գյոթեն ասում է՝ որովհետեւ իմ գրածի տողատակերում էլ լիքը ասելիք կար։ Հիմա՝ մեր եկեղեցու տարածած հայտարարության տողատակերում էլ կար բավականին մեծ ասելիք․․․։ Հետո՝ մենք կարծես դեսպան ունենք, չէ՞, Վատիկանում, որ կարող էր գնալ, հասկանալ կատարվածի էությունը, բայց քանի որ ապազգային տարրերն են մեր երկիրը ղեկավարում ու թրքացման ուղին են բռնել, գուցե իրենք էլ են նպաստել, որ նման բան լինի։ Այս հարցում ես խորը կասկած ունեմ, որովհետեւ, երբ սրանց գործելաոճը նայում ես, շատ հավանական է, որ իրենք էլ նպաստած լինեն՝ իրենց լուռ համաձայնությամբ։ Իսկ, առհասարակ, մենք ունե՞նք այնպիսի դեսպաններ, որ տեսնենք՝ աշխատում են․ չկա, ամեն մեկը գնում է, իր տաքուկ տեղը նստում ու բիզնես է անում, ո՞վ է հայկական շահի մասին մտածում՝ սեփականից բացի։ Այսօր նույնիսկ մեր պետության «ղեկավարը» չի զբաղվում պետական շահով եւ ուրիշի շահերն է սպասարկում»,- նկատում է զրուցակիցս։

Ինչ վերաբերում է Ռուսիո պատրիարքի քայլին, ու թե ինչով է բացատրում դա, Տեր Ահարոնը նկատում է․ «Ես մտածում եմ, որ տվյալ պարագայում եկեղեցուն օգտագործեցին քաղաքական շահերի համար, ինչը հետո չաշխատեց, այսինքն՝ կանչեցին պարգեւատրեցին, որ մայիսի 9-ին Ալիեւը գնար Մոսկվա, բայց Ալիեւը թեեւ տվեց համաձայնություն, սակայն չգնաց։ Դրա համար քաղաքականության մեջ դետալներն են կարեւոր, մեր երկրի ղեկավարին Մոսկվայում հայտարարեցին ու ներկայացրին որպես Ադրբեջանի ղեկավար, ինչը պատահականություն չէր կարող լինել, եւ գուցե դրանով ինչ-որ հաղորդագրություն ուղարկեցին Բաքու»։

Գորիսի հոգեւոր հովիվն անդրադառնում է նաեւ Ն․ Փաշինյանի եւ նրա կնոջ այցերին Սյունիք՝ «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում․ «Բացի այն, որ անկիրթներն ասում են, որ կրթվելն արդիական է, ակնհայտ է, որ սրանով նաեւ ուղեղ լվանալու պրոցես են սկսել: Երեկ մեկն ինձ զանգեց եւ ասեց, որ նաեւ Որոտնավանք են մտել, բայց լավ է, որ եկեղեցին դեռ վերանորոգվում է, շուտով կօծվի եւ այդ պղծությունից կմաքրվի։ Մի պատմություն հիշեցի․ մեկը քահանային ասում է՝ Տեր հայր, եկեղեցի սատանա մտնո՞ւմ է, ի պատասխան՝ քահանան հարցնում է` գողանո՞ւմ ես, հայհոյո՞ւմ ես, շնանո՞ւմ ես, դավաճանո՞ւմ ես, ասում է` այո, իսկ մտնո՞ւմ ես եկեղեցի, սա դարձյալ ասում է` այո, Տեր հայրն ասում է` ուրեմն սատանան մտավ եկեղեցի…. հիմա, ինքն իր փիառի համար է անում այդ ամենը, որովհետեւ մենք գիտենք, թե ինքն ինչպիսի մարդ է, եկեղեցու դեմ տակից պայքարում է, բայց ցույց է տալիս, որ մտնում է եկեղեցի, մոմ է վառում` մարդկանց սրտի լարերի հետ է խաղում, բայց կարծում եմ` հասարակությունն արդեն հասկացել է, որ սա սատանա է, եւ իմ պատմածի նման սատանան մտնում է եկեղեցի ու դուրս է գալիս»:

«Հրապարակ». Քաղաքական գործիչ չունենք, ինչպես Խորենացին կասեր` ազգը՝ անգլուխ, անհովիվ

Տեր Ահարոնն անդրադառնում է նաեւ Սյունիքի անվտանգային խնդիրներին. «Գորիսից որ գնում ես Սիսիան, Գորիս-Սիսիան սահմանը հենց անցնում ես, ճանապարհի մոտից արդեն տեսնում ես մեր նոր կրակակետերը, որը նախանշում է ապագա պատերազմի ուղղությունը, այդ պաշտպանական կրակակետերը ցածր դիրքում են դրել, մինչդեռ թուրքը վերեւում է, եւ կարելի էր դրանք ուրիշ տեղ սարքել` պաշտպանական առումով ավելի անխոցելի դիրքերում: Մեր երկրի այս ընդհանուր իրավիճակը շատ դաժան է` սահմանների անվտանգությունից մինչեւ Երեւանի այս փոշին, որ մարդ է ուտում, ծառերն ինչի՞ համար կտրեցին, այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ հասարակության դեմ են աշխատում, թուրքի ծառա են, պետք է մի բան մտածենք, բայց, ցավոք, քաղաքական գործիչ չունենք, ինչպես կասեր Խորենացին` ազգը՝ անգլուխ, անհովիվ»:

Ո՞րն է իրական Հայաստանը․ սա, Տեր Ահարոնի կարծիքով, մի հարց է, որ վերջին շրջանում մտցրին մեր օրակարգ ու անընդհատ շրջանառում են, մինչդեռ պատասխանն ակնհայտ է. «Իրական Հայաստանը մեր Արեւմտյան Հայաստանն է, մեր Արցախն է, սա իրական Հայաստան է, ու եթե նա չի քարոզում սա, նշանակում է` ուզում է էլի մարդկանց ուղեղը լվանալ, ինչը չի ստացվելու, ինչքան էլ որ զոռով մարդկանց հավաքեն, տանեն լցնեն այդ հանդիպումներին, որովհետեւ այդ հանդիպումից հետո ինձ զանգում են, ասում են` սրբապիղծն էր եկել, իր պղծությունը տարածեց գնաց։ Այսինքն՝ չի ստացվելու, ինչքան էլ մարդկանց զոռով տանեն լցնեն այնտեղ, մարդիկ հասկանում են, որ նա սրբապիղծ է: Այնպես որ, ինչքան շարունակի այդ հանդիպումները, այնքան ինքը կանարգվի: Նույնը` իր կինը, որ անընդհատ Խորենացու ողբն է դնում սեղանին, երեւի կհիշեք` 2020-ի պատերազմից առաջ գնաց Արցախ` ֆոտոսեսիաներ արեց ու որտեղ նկարվել էր, դա հանձնեցին։ Դե հիմա իմացեք, թե սրանք ինչ էին պատրաստում հայի գլխին` ողբ: Մենք իսկական, իրական Հայաստանի կերտման ճանապարհին կլինենք, երբ ինքն այլեւս չի լինի: Անցյալ չունեցող ազգը չունի նաեւ ապագա, իրենք ազգին ուզում են կտրել ապագայից։ Մեկն էլ կա, որ Ազգային ժողովի նախագահ է իրեն ասում եւ ուզում է կանեփի օգտագործումն օրինականացնել, մի լավ խոսք կա, ասում է` ինչի դեմ չես ուզում պայքարել, դա օրինականացրու, հիմա քանի որ իրենք սա են` թմրամոլ ու բարոյազուրկ երեւույթներ, պիտի երկուսն էլ օրինականացնեն, այսինքն՝ փորձում են Հայաստանի օրենքները հարմարեցնել իրենց պղծությանը»: