«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն է:
– Նախորդ շաբաթ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց սոցհարցումների արդյունքները, ըստ որի` Ձեր կուսակցությունը, որը հիմնադրվել է ընդամենը 1 տարի առաջ, 1.5 տոկոս ձայն ունի, գրեթե այնքան, որքան «Հանրապետություն» կուսակցությունը: Ի՞նչ եք կարծում` այս հարցումը որքանո՞վ է իրականությանը մոտ, պատրաստվո՞ւմ եք 2026-ի ընտրություններին մասնակցել:
– Ընտրություններին պատրաստվում ենք մասնակցել միանշանակ, բայց Gallup International Association-ի հարցումների ցուցանիշները չեմ ընդունում որպես հավաստի, ինչու, որովհետեւ դրանք ինձ համար խիստ կասկածելի են: Դեռ նախորդ տարի սոցիոլոգիական հարցումներ անցկացրին ԱՄՆ-ի սոցիոլոգիական կազմակերպության կողմից, դեռ այն ժամանակ ես նոր հայտ էի ներկայացրել` քաղաքականություն մուտք գործելու, ֆորմալ առումով քաղաքական ուժը՝ որպես ինստիտուտ, դեռեւս գոյություն չուներ, բայց դեռ այդ ժամանակ մենք երեւում էինք սոցհարցումներով, եւ շատ ուժեր, որոնք, ըստ «Գելափի», մեզնից ավելի շատ ձայներ ունեն եւ առաջ են մեզնից, իրականում մեզնից մի քանի անգամ հետ են իրենց ցուցանիշներով: Այժմ մենք ունենք պետական գրանցումով կուսակցություն, որն ունի ծրագիր, կանոնադրություն, անդամներ եւ այլն: Կուսակցությունը տարբեր պրոյեկտներ է անում, մարդկանց հետ է աշխատում, եւ ինձ համար շատ տարակուսելի է, որ հարցումներում իրականությունը ներկայացվում է բավականին խեղաթյուրված՝ չարտացոլելով իրականությունը: Ես չեմ հիմնվի «Գելափի» հարցումների վրա, կարծում եմ` մենք շատ ավելի ծանրակշիռ ենք: Վերջին երկու-երեք տարիների սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում հանրության մեծամասնությունը չի կողմնորոշվում՝ ում ընտրել, որովհետեւ ո՛չ ներկաներին են մարդիկ ցանկանում, ո՛չ նախկիններին, ո՛չ էլ արբանյակ ուժերին: Մեր հանրությունը նոր ուժեր է ակնկալում, նոր մտքեր, նոր գաղափարներ: Այդ էլեկտորատը, որը սրբորեն չի պաշտպանում որեւէ կողմի, այլ պարզապես փնտրում է այլընտրանք, պոտենցիալ մեր ընտրախավն է լինելու:
– Իսկ, ըստ Ձեզ, ո՞ր կուսակցությունների համեմատ են Ձեր ձայներն ավելի շատ:
– Նմանատիպ հետազոտություններ չեմ կատարել, սակայն մակերեսային արված ուսումնասիրություններն առիթ են տալիս կասկածելու «Գելափի» մոտեցումները: Եթե լայնածավալ հետազոտություն ունենանք, անպայման կհրապարակենք:
– Օրինակ` «Հանրապետություն» կուսակցությունը, որը ներկայանում է որպես արեւմտյան արժեքներ կրող կուսակցություն, գրեթե նույնքան ձայներ ունի, ըստ այդ հարցման, որքան դուք:
– Դուք կրկին այդ հարցումներին եք հղում անում, սակայն ես չեմ համարում, որ այդ հարցումն արտացոլում է իրականությունը:
– Նիկոլ Փաշինյանի իշխանության հռետորաբանությունը բացահայտ հակառուսական է, ձեր գաղափարները նույնպես հակառուսական տրամաբանության մեջ են, Նիկոլ Փաշինյանին հիմնականում քննադատում եք ռուսների հանդեպ մեղմ լինելու եւ առավել կտրուկ քայլեր չանելու համար: Այս դեպքում ինչո՞ւ պետք է հանրությունն ընտրի Շնորհապետական կուսակցությանը, այլ ոչ թե նույն ՔՊ-ին, եթե երկուսդ էլ հակառուսական եք:
– Ճշմարտությունն այս պարագայում շեղված է, որովհետեւ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը որեւէ կերպ հակառուսական է կամ առհասարակ հակընդդեմ քաղաքականություն է վարում Կրեմլին: Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը լիարժեքորեն տեղավորված է ռուսական քաղաքականության մեջ, աներկբա է, որ Փաշինյանը չի դրսեւորում հակառուսականություն: Բացի դատարկ բառերից եւ կեղծ իրողություններ ստեղծելուց, չկա որեւէ հակառուսական քայլ: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ապա մենք հակառուսական չենք, առհասարակ՝ ոչ մեկի հանդեպ հակա չենք, մենք պարզապես պրոհայկական ենք եւ Հայաստանի ազգային շահերով պայմանավորված՝ սպասարկելու ենք բացառապես մեր ազգային շահերը, կարեւորելով Հայաստանի ինքնիշխանությունը: Բնականաբար, այն բոլոր պետությունները, որոնք մեր ազգային շահերին հակընդդեմ քայլեր կանեն, մեր կողմից դրական մոտեցման չեն արժանանալու: Այսօր մենք տեսնում ենք, որ մեզ հակընդդեմ գնացող պետությանը շարունակում են վերաբերվել որպես բարեկամի: Մեզ համար բարեկամը նրանք են, ովքեր կքայլեն մեզ հետ համընթաց: Մենք, որպես քաղաքական ուժ, բաց ենք աշխարհի առաջ, սակայն չենք էլ խորշում իդենտիֆիկացնել թշնամիներին: Նույնացնել մեզ եւ ՔՊ-ին՝ կոնցեպտուալ սխալ է: ՔՊ-ն լիակատար տեղավորված է ռուսական ազդեցության գոտում: Ընդամենը մի քանի օր առաջ նույն Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր այցելել՝ մասնակցելու մայիսի 9-ի միջոցառումներին: Մեր քաղաքական ուժը երբեք չէր գնա նման քայլի:
– Պնդել էիք, որ Փաշինյանի իշխանությունը պետք է շրջադարձ կատարի՝ Մեղրիի եւ Մարգարայի անցակետերից դուրս բերելով ռուսական ուժերին: Նա այդ քայլին գնաց, իսկ Դուք պնդում եք, որ գործնականում ոչինչ չի արվում ռուսների դեմ:
– Դա հակառուսականություն չէ, դա մեր ազգային շահերով պայմանավորված քայլ է, այո, մեր հսկիչ անցագրային կետերը պետք է վերահսկվեն բացառապես ազգային ուժերի կողմից: Պետական սահմանների նկատմամբ վերահսկողության հաստատումն ինքնիշխանության չափաբաժնի ավելացմամբ է պայմանավորված: Ես շարունակում եմ պնդել, որ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը Հայաստանում չափազանց շատ է մեզ համար: Հայաստանն այդ լուծը պետք է շարունակաբար թոթափի իր ուսերից, բայց դա չի նշանակում, որ մենք հակա ենք տվյալ ժողովրդին: Մենք բաց ենք բոլորի համար, իսկ հակա լինելը նշանակում է մերժել ինչ-որ մեկին, անկախ ամեն ինչից: Մենք երբեք կառուցողականությունը չենք մերժելու, չենք մերժելու այն ամենը, ինչն օգտակար է մեր ազգային շահերին
– Փաշինյանին քննադատում եք Ռուսաստանի դեմ կտրուկ քայլեր չկատարելու մեջ: Դա՞ է այն միակ թերացումը, որ Ձեզ դրդում է քննադատել իշխանությանը, այլ թերացումներ չունե՞ն: Ի վերջո` ո՞վ է ՔՊ-ից ավելի շատ մեր ազգային շահերին վնաս հասցնում:
– Ես այս իշխանությանը քննադատում եմ առհասարակ որեւէ գործողություն չանելու համար: Երկրի քաղաքականությունը տապալված է: Անվտանգություն, տնտեսություն, ռազմավարություն, հումանիտար, կրթական, գիտական… բոլոր այս ոլորտները ձախողված են: Չկա մի ոլորտ, որտեղ իշխանությունն արդյունք գրանցած լինի: Եթե աշխարհաքաղաքական այս փուլում Հայաստանն իրատեսական քաղաքականություն չիրականացնի, մենք կկորցնենք մեր պետականությունը: Այս իշխանությունը որեւէ կերպ պատրաստ չէ ՀՀ-ի դեմ ծառացած խնդիրները լուծելու, ոչ էլ կարող է արտաքին մարտահրավերները պատշաճ վերահսկելի դարձնել: Ո՛չ նրանք են դա ի վիճակի անել, ո՛չ էլ նախկինները:
– Բացառո՞ւմ եք ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը:
– Մենք ալտերնատիվ ենք, ժողովրդին տալիս ենք այլընտրանքի հնարավորություն: Եթե ՀՀ քաղաքացին կորոշի ԱԺ-ի ինչ-որ մի կոնյունկտուրա, մեր կուսակցությունը դա անպայման հաշվի կառնի: Նախընտրական փուլում բացառում եմ այդ ուժերի հետ համագործակցությունը՝ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, իսկ առողջ ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել:
Բաց մի թողեք
Որոշել են մինչև վերջին մոհիկանը ոչնչացնել
2000 տոննան գերազանցող լոլիկի մթերումներ իրականացնող ընկերություններին պետությունն աջակցություն կտրամադրի. ո՞ր արտադրողներին բաժին կհասնի 150 մլն դրամը
Տեղակալներ, խորհրդականներ, մարզային տնօրեններ. ում է Ռոմանոս Պետրոսյանն ազատել ՀԷՑ-ում զբաղեցրած պաշտոններից