17/06/2025

Իրանին սահմանամերձ տարածքներում Ադրբեջանի ենթակառուցվածքային ծրագրերը միայն ներքի՞ն, տարածաշրջանայի՞ն, թե՞ ․․․

Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան: Ինչպես փոխանցում է «Անադոլուն»՝ նրա գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են էներգետիկայի և բնական պաշարների, ազգային պաշտպանության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և անտառային տնտեսության, առեւտրի նախարարները, Թուրքական պետությունների կազմակերպության Ավագների խորհրդի նախագահ Բինայլի Յըլդրիմը, արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը:

Աչքի է զարնում արտաքին գործերի նախարար Ֆիդանի և Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընի բացակայությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շարիֆը ներկա կգտնվեն «Լաչինի միջազգային օդանավակայանի բացմանը, կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթաժողովի երկրորդ նիստը»:

Ավելի վաղ Բաքվի մամուլն անոնսավորել է, որ Պակիստանի վարչապետը կայցելի ոչ միայն Թուրքիա և Ադրբեջան, այլև՝ Իրան»: Շահբազի Իրան այցի մասին առ այս պահը տեղեկություն չկա: Նույն օրը, երբ նա Ստամբուլում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահի հետ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Օմանի սուլթանություն:

Այցը կայացել է Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիք ալ-Սաիդի անձնական հրավերով: Փակ բանակցություններից հետո կողմերն ստորագրել են մոտ երկու տասնյակ համաձայնագրեր, այդ թվում՝ պաշտպանության և տեխնոլոգիական համագործակցության մասին:

Օմանի սուլթանությունն, ինչպես հայտնի է, իրանա-ամերիկյան բանակցությունների միջնորդն է, և Փեզեշքիանի Մոսկատ այցը կարելի է համարել Թեհրան-Վաշինգտոն քննարկումներում առնվազն դրական մթնոլորտի վկայություն:

Խիստ ուշագրավ է, որ Մոսկվա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի այցին գրեթե զուգահեռ Ռուսաստանի մայրաքաղաքում է գտնվում նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանը:

Ֆորմալ առումով նա այնտեղ է անվտանգության հարցերով պատասխանատուների միջազգային 13-րդ համաժողովին մասնակցելու նպատակով, բայց մայիսի 27-ին հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Պատրուշեւին:

Այդ մասին IRNA գործակալության տարածած հաղորդագրությունը հատուկ ընդգծում է, որ Ահմադիանը Պատրուշեւի հետ քննարկումներ է ունեցել որպես Իսլամական հեղափոխության առաջնորդի անձնական ներկայացուցիչ, ինչից հասկացվում է, որ նա Թեհրանից Ռուսաստանի նախագահին հատուկ կարևորության ուղերձ է փոխանցել:

Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմավարական համագործակցության այսպես ասած՝ աշխարհագրությունն անցնում է կամ Իրանով, կամ նրա հյուսիսային սահմանների գծով, որտեղ բոլորովին վերջերս իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվել:

Ակնհայտ է, որ Պակիստանի վարչապետի, Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ հանդիպման առանցքային հարցը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հնդկաստանի ազդեցության սահմանափակումն է:

Մոսկվայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանն ասել է, որ միջազգային հարաբերությունների առկա վիճակը թույլ է տալիս հասնել արդարացի և բազմաբևեռ աշխարհակարգի կառուցման:

Ավելի վաղ արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը հավասարակշռված հարաբերություններ կպահպանի Արևմուտքի և Արևելքի դաշինքների միջև, կխորացնի կապերը Գլոբալ հարավի հետ:

Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքն ակնհայտորեն ուղղված է Հնդկաստանի՝ Գլոբալ հարավի ամենաազդեցիկ երկրի դեմ, որի հետ Հայաստանի հարաբերությունները չափազանց կարևոր են բոլոր առումներով: Թեհրանը, կարծես, բացահայտել է, որ թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքին չի միանա, բայց այդ հարցում ունի Ռուսաստանի աջակցության կարիքը: Մոսկվան դեռևս պնդում է, որ ուկրաինական կարգավորման բանակցությունների իր համար ընդունելի հարթակը Ստամբուլն է:

Որքանով հասկացվում է՝ եվրոպական «եռյակը» հակված է ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը Շվեյցարիայում կազմակերպելու տարբերակին: Իրանին սահմանամերձ տարածքներում Ադրբեջանի ենթակառուցվածքային ծրագրերը միայն ներքի՞ն, տարածաշրջանայի՞ն, թե՞ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն: