24/06/2025

Մոսկվան չի խանգարում Էրդողանին, ուրեմն մենակ է թողնում Իրանին. Զանգեզուրի միջանցքի թեմայով

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում ակնկալում են Իրանի աջակցությունը:

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին… Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով:

Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները»,-ըստ թուրքական մամուլի՝ հայտարարել է Էրդողանը: Այդ համատեքստում նա նշել է, որ ակնկալում են, որ Իրանը կաջակցի այդ քայլերին, որոնք կծառայեն ռեգիոնալ խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը: Էրդողանի հայտարարությունը մի կողմից բավականին բազմիմաստ է առերևույթ, մյուս կողմից շատ հստակ է իր տողատակով ու համատեքստով:

Կասկած չկա, որ խոսելով ոչ միայն Նախիջևանի, այլևս թյուրքական աշխարհի ինտեգրացիայի մասին, Էրդողանը նկատի ունի ճանապարհը Հայաստանով, որովհետև Իրանի տարածքով հաղորդակցությունը, ըստ էության, առկա է և այդ հարցում հազիվ թե խոսք լինի Իրանի աջակցության մասին:

Ավելին, Իրանն ու Ադրբեջանը այդ հարցում ունեն ստորագրված փաստաթղթեր՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ:

Հետևաբար, ակնառու է, որ Թուրքիայի նախագահը խոսում է Հայաստանի տարածքով «միջանցքի» մասին, և ակնկալիքը, որ Իրանը կաջակցի, թերևս թարգմանաբար նշանակում է ակնկալիք, որ Իրանը չի խանգարի Հայաստանից հաղորդուղիների ապաշրջափակման՝ իրենց համար ցանկալի ռեժիմ ստանալուն:

Ընդամենը օրեր առաջ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ «չի լինի Զանգեզուրի միջանցք»: Իրանի դիրքորոշումը այս հարցում նույնպես բավականին պարզ է:

Թյուրքական աշխարհի ինտեգրացիան Իրանի համար ռազմավարական ռիսկ է իր հյուսիսային սահմանին, էքզիստենցիալ ճնշման մեծ աղբյուր: Էրդողանն ինչ-որ բա՞ն կառաջարկի Իրանին՝ համաձայնության, այսպես ասած՝ չխանգարելու դիմաց, թե՞ նա սպառնում է, որ Իրանի աջակցությունը չլինելու դեպքում կարող է լինել «միջանցքի» ձևավորում ապակայունացման ճանապարհով, այսինքն՝ ռազմական ճանապարհով:

Համենայն դեպս Էրդողանի խոսքը, թե ակնկալում են Իրանից աջակցություն, որը կնպաստի ռեգիոնալ կայունությանն ու խաղաղությանը, տողատակում թերևս պարունակում է այն իմաստը, որ՝ Իրանի աջակցությունը չլինելու պարագայում չի լինի խաղաղություն ու կայունություն:

Հետևաբար, ապակայունացման միջոցով «միջանցքի» բացումը կլինի ժամանակի և պատեհության հարց: Սա է թերևս Էրդողանի հայտարարության «բուն մեսիջը»: Ի՞նչ կարձագանքի դրան Իրանը:

Իսկ Ռուսաստանը: Ինչո՞ւ նա նույն ակնկալիքը չի հայտնում Մոսկվայից, ուր մեկնել էր արտգործնախարար Ֆիդանը մայիսի 26-ին: Մոսկվան աջակցո՞ւմ է այն պատկերացումներին, որ ունի Էրդողանը, թե՞ նա կարծում է, որ Իրանի աջակցության դեպքում Մոսկվան կմնա մենակ և ի վիճակի չի լինի դիմադրել թյուրքական աշխարհի ինտեգրացիային:

Բայց Իրանը կթողնի՞ Ռուսաստանին մենակ, որի հետ ստորագրել ու վավերացրել է ռազմավարական գործընկերության համապարփակ պայմանագիրը: Մյուս կողմից, սակայն նույն հարցը առկա է Մոսկվայի առնչությամբ, որովհետև, եթե Մոսկվան չի խանգարում Էրդողանին, ուրեմն մենակ է թողնում Իրանին: