17/06/2025

Ադրբեջանի կողմից նոր կետեր են թելադրվում, որոնք Հայաստանի իշխանությունն արագ ընդունում է

Այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» մասին մեզ կցկտուր տեղեկություններ են հասնում, դրա վերջնական տարբերակը դեռ չկա` այն անընդհատ փոփոխության է ենթարկվում:

Ադրբեջանի կողմից նոր կետեր են թելադրվում, որոնք Հայաստանի իշխանությունն արագ ընդունում է, բայց նորանոր պահանջներ են առաջ քաշվում, որովհետեւ Ադրբեջանի ախորժակը գնալով բացվում է:

Եթե կարծում եք, որ հայ-ադրբեջանական պատերազմն ավարտվել է, ապա չարաչար սխալվում եք, քանզի անգամ եթե չհաշվենք Սյունիքի սահմանամերձ գյուղերի վրա մշտական կրակոցները, այդ պատերազմը ոչ մի վայրկյան չի դադարել, ուղղակի փոխվել են դրա ռազմավարությունն ու մարտավարությունը` այն իրականացվում է ոչ թե հարձակողական պատերազմի կանոններով, այլ՝ «խաղաղ պահանջների» առաջադրմամբ, եւ այդ «պատերազմում» էլ Հայաստանը պարտվում է ու շարունակ ընդունում իր կապիտուլյացիան:

Հիմա թշնամին մեր տարածքներն իրենն է դարձնում «խաղաղ առաջարկությամբ»՝ առանց զինված ուժի կիրառման: Իհարկե, մի տարբերությամբ, որ մարդկային զոհեր չեն լինում, բայց թշնամին առանց մեծ ջանքերի հասնում է իր ուզած նպատակին:

Պարզ է, որ արդյունքի տեսակետից նույնն է` դրան հասնելու ուղիներն են տարբեր: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը որդեգրել է այս մարտավարությունը, որը, պարզվեց, իրենց համար շատ արդյունավետ մարտավարություն է:

Եվ Ադրբեջանն այդ պատերազմը շարունակելու է այնքան, մինչեւ տիրանա ամբողջ Հայաստանին: Գաղտնիք չէ, որ նրա գերնպատակը հենց դա է, եւ  նա համարում է, որ շատ մոտ է իր նպատակին` քիչ բան է մնացել այն ավարտին հասցնելու համար։

Իսկ հայ ժողովուրդը, մեր ընդդիմությունը շարունակում են վերլուծություններ անել` հույսով, որ դրանով կկապի իշխանությունների ձեռքերն ու կփրկի Հայաստանը կործանումից: Մինչդեռ շատ վաղուց արդեն հասկանալի է, որ ինչքան ուզում ես գրիր, վերլուծիր, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվում:

Դրա հետ հույս կապելն անիմաստ է: Մեծագույն աբսուրդ է, երբ հարեւան երկրները խոսում են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու, խաղաղության մասին, բայց մի հարեւանը մյուսից 240 ք/կմ է զավթել եւ այն չի ազատում, իսկ անեքսիայի ենթարկված պետության ղեկավարն էլ հայտարարում է, որ ռազմական ճանապարհով իր հողը հետ չի բերելու ու պատրաստ է ագրեսորի հետ պայմանագիր կնքել` նրան նվիրելով իր հայրենակիցներին պատկանող հողատարածքները, որտեղ նրանք ապրել են դարերով:

Եվ ագրեսոր պետության ղեկավարին էլ հանդիպելիս ջերմ զրուցում է, սուրճ խմելու է հրավիրում: Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում նորից հայտարարում է, որ գրավելու է ողջ Հայաստանը, իր քաղաքացիներին ուղարկելու է այնտեղ ապրել, որ միջանցք է ստանալու` իր եղբայր պետության հետ ուղիղ կապ ունենալու համար:

Ավելին` ագրեսոր հարեւանը պահանջում է փոխել Հայաստանի գործող սահմանադրությունը, քանզի այն հիմնված է Անկախության հռչակագրի վրա: Աշխարհում նման բան լսված չէ, ոչ մի երկիր երբեւէ այդ աստիճան չի խառնվել անգամ իր կողմից գաղութացված երկրի ներքին գործերին: Այլ խոսքով, դա նշանակում է, որ այսուհետ Հայաստանը ղեկավարվելու է Ադրբեջանի կողմից:

Մյուս պահանջը. էապես կրճատել կամ վերացնել ՀՀ զինված ուժերը՝ բանակը, որ ցանկացած պահի ինչ ուզենա, անի Հայաստանի հետ: Մյուս պահանջը. բացել «Սյունիքի միջանցքը», որ իրար հետ կապվեն Ադրբեջանը, Նախիջեւանը, Թուրքիան եւ ողջ իսլամական աշխարհը:

Հաջորդը` անկլավների հանձնում: Բավական է միայն Տիգրանաշենի հանձնումը, որի արդյունքում նրանց առջեւ կբացվի Երեւան տանող ուղիղ ճանապարհը: Մյուս կետը` 300 հազար ադրբեջանցիների բնակության հաստատում` իրենց նախկին բնակության վայրերում: Ինչը, կարծում եմ, տեղի կունենա Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, որոնք անժամկետ կհայտնվեն ՀՀ տարածքում:

Հետագայում Հայաստանում հաստատված ադրբեջանցիների կողմից կլինեն պրովոկացիաներ, հարձակումներ իրենց հարեւանությամբ բնակվող հայերի վրա, կլարեն իրավիճակը եւ կհրահրեն խառնակչություններ:

Մյուս պահանջը` ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարում, որպեսզի բոլորին հասկացնեն, որ միջնորդ ուժերն այլեւս հարկավոր չեն, բոլոր հարցերը կլուծվեն ուղղակիորեն՝ առանց միջնորդների, որպեսզի ոչ մի արտաքին ուժ չխառնվի, երբ իրենք ոչնչացնեն հային ու Հայաստանը: