Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում ՀՀ գործող իշխանություն-Հայ առաքելական եկեղեցի հարաբերություններում, հիշեցնում է հրաբխի ժայթքում, պրոցես, որը տարիներ շարունակ եռում ու եփվում էր, բայց այդպես էլ կոնդիցիայի չէր հասնում… և պարպումն ամեն անգամ հետաձգվում էր։
Ասել կուզի՝ հանրությունը տարիներ շարունակ խոսում էր բարձրաստիճան եկեղեցականների ոչ սրբակենցաղ վարքի, աշխարհիկ (ներողություն օտար բառի համար) «կայֆերի», բիզնեսներ ունենալու, «Բենթլի»-ների, ցոփուշվայտ կենցաղավարության և վերջապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ կեղծիքով ուղեկցված ընտրության, վերջինիս՝ կուսակրոնության ուխտը խախտած լինելու, դուստր ունենալու մասին…
Սակայն խոսակցություններն այդ, որոնք տարիներ շարունակ ընդհուպ մամուլի ու սոցցանցային էջերն էին «զարդարում», այդպես էլ չէին հերքվում անառարկելի փաստերով՝ շարունակելով խորացնել եկեղեցու, որպես ինստիտուտի, հանդեպ անվստահությունն ու լեգիտիմության դեֆիցիտը։
Բանավեճը, որն ակամա սանձազերծվել է ՀՀ վարչապետի և եկեղեցու միջև, ակնհայտորեն մեկ կոնկրետ նպատակ ունի՝ հերքել կամ հաստատել «բեսեդկաներում», խոհանոցներում և պատատակերին ծավալվող խոսակցությունները։
Այն է՝ Հայ Առաքելական եկեղեցին, որը, ըստ սոցհարցումների, ՀՀ քաղաքացիների շրջանում բարձր հեղինակություն է վայելում, իր ամբողջության մեջ զերծ է ամենայն պղծությունից ու աշխարհիկ կենցաղավարությունից, կամ էլ՝ այո՛, եկեղեցին զերծ չէ կառույցի հեղինակությունը խաթարող, եթե կուզեք՝ խայտառակող սպասավորներից, բայց ընդառաջելով հոտի պահանջներին՝ հանձնառու է քննություն սկսել ու ձերբազատվել (անկախ վերջիններիս ունեցած հոգևոր աստիճանից) խայտառակչիներից՝ այսպիսով վերականգնելով իր սասանված հեղինակությունն ու ազդարարելով «Աստծո տան» նորոգմանն ու ինստիտուցիոնալ «ռեստարտի» մասին։
Թվում էր, թե ընդդիմությունը պետք է նախանձախնդրություն ցուցաբերի՝ կողմ լինելով «մեղքերին թողություն տվող կառույցի» «մեղքերի թողությանը» միտված պրոցեսին, բայց՝ ոչ։ Դիրքավորվելով որպես եկեղեցու «անձնուրաց պաշտպան»՝ ընդդիմությունը հանդես է գալիս ոչ թե այդ կառույցի առողջությանն ու առաքինությանը սպառնացող ախտերն արձանագրելու ու բուժելու դիրքերից, այլ որոշել է ենթադրյալ ախտերով տառապողին պաշտպանել այդ ախտերի մասին լեգիտիմ հարցադրումներ անողից՝ ՀՀ վարչապետից։
«Հարձակում ՀՀ-ում ամենաբարձր հեղինակությունն ունեցող կառույցի՝ եկեղեցու վրա»՝ ընդդիմությունն այսպես է մեկնաբանում տեղի ունեցող պրոցեսը՝ միտումնավոր խեղաթյուրելով ՀՀ վարչապետ-եկեղեցի բանավեճի առարկան ու նպատակը, որը, ինչպես նկատեցինք, ոչ թե եկեղեցին, որպես ինստիտուտ, անավանարկելն է, այլ այդ ինստիտոււտը անվանարկող՝ դրա առանձին սպասավորների բարեվարքության քննությունը, ոչ թե հալածելն է, այլ հալածանքի առիթ տվող թեմաները պարզաբանելը, ոչ թե վնասելն է, այլ հասցված խորը վնասվածքի վերացումը, ամոքումն ու կազդուրումը…
Ընդդիմության նման դիրքավորումն ունի իր ակնհայտ դրդապատճառը՝ եկեղեցին, լինելով «պետությունից անջատ» և վերքաղաքական կառույց, առնվազն 2020 թվականից սկսած ներքաշվել է քաղաքական պրոցեսների մեջ և ընդդիմության հետ համագործակցաբար հանդես է գալիս օրվա իշխանության և մասնավորապես երկրի ղեկավարի հրաժարականի պահանջով։ Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ն քանիցս վերահաստատել է՝ վարչապետի հրաժարականիմասին իր «հայրական հորդորն» ուժի մեջ է, ավելին՝ անժամանցելի։
Ուշագրավ է, որ երբ «հորդորվողը»՝ ՀՀ վարչապետը, որպես ՀԱԵ հետևորդ, «որդիական խոնարհությամբ» բարձրացնում է Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբակենցաղ լինելու հետ կապված հարցեր, ընդդիմությունն ու եկեղեցին (նորեն համագործակցաբար) դա ընկալում են որպես արշավ և հարձակում։ Փաստորեն, պահանջել ժողովրդի կողմից ընտրված իշխանության, դրա ղեկավարի հրաժարականը՝ «նորմալ է ու աստվածահաճո», իսկ երբ հավատացյալ հոտի ներկայացուցիչն է լեգիտիմ հարցադրումներ անում, նման վարքագիծը «աննորմալ է ու ոչ աստվածահաճո»։
Թերևս անառարկելի է՝ եկեղեցին իր այսօրվա սպասավորներով երկրում ամեն գնով իշխանափոխություն անելու ջատագով ընդդիմության քաղաքական պարտնյորն է, նկատենք՝ նույն այն ընդդիմության, որի իշխանավորումը տարիներ շարունակ օրհնել է, հանդուրժել ու խրախուսել։ Պատահական չէ, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո հանրության մի ստվար հատված օրակարգային էր համարում նաև մերժված իշխանության հետ նույնացված եկեղեցու հովվապետի փոփոխության հարցը՝ այդ նպատակով շարժում սկսելով։
Շարժումն այդ, սակայն, չհասավ իր նպատակին՝ եկեղեցի-հավատավոր հոտ հարաբերություններում առկա ճգնաժամը, փաստորեն, թողնելով առանց հանգուցալուծման։
Հիշեցնենք՝ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել էր՝ «եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։ Վարչապետի այս հարցադրմանն ի պատասխան՝ նախօրեին Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաստացի հրաժարվելով քննարկել Փաշինյանի բարձրացրած՝ եկեղեցուն առնչվող այժմեական հարցերը՝ դրանք համարելով «արհեստական»։
«Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։
Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների»։ Փաստորեն՝ հավատավոր հոտը կշարունակի ապրել չփարատված կասկածներով՝ շարունակելով խոհանոցներում, զրուցարաններում և այլուր քննարկել կաթողիկոսի՝ զավակներ ունենալու, ոչ սրբակենցաղ կյանքով ապրելու և այլ հարակից հարցեր։
Հ.Գ. Կար ժամանակ, ի դեպ, երբ ընդդիմադիր ուժերից մեկը՝ ՀՅԴ-ն, որն այսօր ստանձնել է Նիկոլ Փաշինյանի կողմից «հալածվող եկեղեցու», իրականում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի փաստաբանի դերը, անողոք ու հետևողական էր Ամենայն Հայոց մեկ այլ կաթողիկոսի՝ Վազգեն Ա-ի դեմ ուղղված հալածանքներում։ Մասնավորապես 1970-ական թվականներին, երբ Վազգեն Ա-ն, որպես Ամենայն հայոց կաթողիկոս, ցանկանում էր այցելել Անթիլիաս, ՀՅԴ-ն նախապես կազմակերպում է բողոքի հավաք, որի ժամանակ հնչում են Կաթողիկոսին ուղղված վիրավորական հայտարարություններ, ինչպես նաև կոչեր՝ «թույլ չտալ թշնամուն ոտք դնել սրբատեղի»։
Ծրագրած այցը, սակայն, չեղարկվում է անվտանգության նկատառումներից ելնելով։
Բաց մի թողեք
Այս օրերին առավել քան երբևէ ամենակարևոր քայլերից է ․․․ Սիմոն Սարգսյան
Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին
Ադրբեջանը չի կարող իրավիճակից օգտվել և գործողություն ծրագրել Սյունիքի ուղղությամբ՝ հիմնավորում չունի