Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ինչպես և անոնսավորել էր, հունիսի 23-ին այցելել է Մոսկվա, որտեղ նրան ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այդ այցի կարևորության մասին, թերևս, ավելորդ է խոսել: Մինչ այդ Արաղչին Ժնևում բանակցություններ է վարել եվրոպացի պաշտոնակիցների հետ, ապա Ստամբուլում մասնակցել Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների արտահերթ խորհրդաժողովին, որի արդյունքներով ընդունված փաստաթուղթը հազիվ թե գործնական որևէ նշանակություն ունի կամ տեսանելի ապագայում շոշափելիորեն կազդի գետնի վրա իրավիճակին:
Պուտին-Արաղչի հանդիպման բաց մասում կողմերը հանդես են եկել հայտարարություններով: Դրանց համադրությունը բացահայտում է չափազանց կարևոր մի նրբություն. մինչ Արաղչին Իրանի դեմ անօրինական պատերազմը մի քանի անգամ անվանում է «իսրայելա-ամերիկյան» և Միացյալ Նահանգներին մեղադրում տարածաշրջանը նոր փորձությունների ենթարկելու մեջ, Ռուսաստանի նախագահը ոչ պակաս համառությամբ ԱՄՆ-ին չի հիշատակում որպես ռազմական հակամարտության կողմ:
Հակամարտության իրավա-քաղաքական Մոսկվայի պաշտոնական գնահատականի մասին Ռուսաստանի նախագահն ասում է, որ այն ներկայացված է արտաքին գործերի նախարարության կողմից:
Տարածված տեղեկատվությունից հստակ չի երևում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արտաքին գործերի նախարարի միջոցով կոնկրետ ի՞նչ ուղերձ է փոխանցում Ռուսաստանի նախագահին: Ռազմական օգնությու՞ն է խնդրում, թե՞ պատերազմը կանգնեցնելու միջնորդություն:
Դատելով Վլադիմիր Պուտինի բավական զգուշավոր ձևակերպումներից, երբ նա ուղղակի չի հիշատակում Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ օդային հարվածների անօրինականությունը, Մոսկվան Թեհրանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մտադրություն չունի: Նա Թեհրանին առաջարկում է համատեղ խորհրդատվությունների արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի հնարավորություն գտնել:
Ո՞րն է դա: Ավելի վաղ Պուտինը նկատել է տվել, որ Ռուսաստանը կարող է Իրանին խաղաղ օգտագործման նպատակով միջուկային վառելիք տրամադրել: Իրանա-ամերիկյան բանակցությունների նախնական շրջանում ԱՄՆ նախագահն իր հերթին չի բացառել, որ հարստացված ուրանի իրանական պաշարները կարող են ի պահ հանձնվել Ռուսաստանին:
Թեհրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից առաջ հարստացված ուրանի պաշարները տեղափոխվել են ապահով վայր:
Գուցե «ապահով վայրն» Ռուսաստա՞նն է, և Արաղչին Մոսկվա է մեկնել, որպեսզի քննարկի «ի պահ հանձնելու» արդեն իրավական պայմաննե՞րը: Ամեն դեպքում Ռուսաստանը նույնիսկ քաղաքական հայտարարության մակարդակում ԱՄՆ-ին իրանական միջուկային օբյետներն ռմբակոծելու համար չի դատապարտում: Վաշինգտոնը համաձայնե՞լ է, որ Մոսկվան Իրանի հետ «գործարքի» միջնորդ լինի:
Բաց մի թողեք
Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել
Պուտինը հիմա էլ ատամ ունի Մոլդովայի վրա․ Օդեսայի ուղղությամբ «հումանիտար միջանց» բացել և մտնել Մոլդովա
Ադրբեջանում հակված են «պատմական նվաճումները» ֆորմալացնել Թուրքիայի հետ նոր պայմանագրով