Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հունիսի 23-ին կարգադրություն է ստորագրել «հատուկ կարանտինային ռեժիմը» մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը երկարաձգելու մասին: Իրականում խոսքը երկրի ցամաքային սահմանները մինչ այդ ժամկետը փակ պահելու մասին է:
Ադրբեջանը ցամաքային սահմանները փակ է պահում 2020 թվականի հունվարից ի վեր: Նման որոշում կայացվել էր թագավարակի տարածումը կանխելու հիմնավորմամբ, բայց հետագայուն Իլհամ Ալիևը խոստովանել է, որ «հատուկ կարանտինային ռեժիմի» պարբերական երկարաձգումը պայմանավորված է «արտաքին սպառնալիքները կանխելու անհրաժեշտությամբ»:
Ադրբեջանը ցամաքային սահման ունի Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի հետ: Թե թվարկած երկրներից ո՞րն է Ադրբեջանի ներքին կայունության սպառնալիք, Ալիևը երբեք չի մանրամասնել, բայց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրա վարչախումբն առավելապես բացասաբար է տրամադրված Իրանի դեմ:
Ըստ միջազգային իրավապաշտպան կառույցների՝ ներկայումս Ադրբեջանի բանտերում պատիժ է կրում ավելի քան 300 կրոնական գործիչ: Նրանք շիադավան են և պատժվել են որպես «իրանական ազդեցության գործակալներ»:
«Հատուկ կարանտինային ռեժիմը» երկարաձգելու մասին Ադրբեջանի վարչապետի կարգադրությունը հրապարակվել է նախորդ սահմանած ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ:
Դա հստակ ուղերձ է, որ ինչ վատագույն զարգացումներն էլ ընթանան Իրանում՝ Ադրբեջանն այդ երկրի հետ ցամաքային սահմանը չի բացի: Ավելի պարզ ասած՝ Ալիևն Իրանի իշխանություններին ասում է, որ մեկ փախստական անգամ չի ընդունի:
Նախ՝ դա երախտամոռություն է, որովհետև ղարաբաղյան առաջին պատերազմի մարտական գործողությունների հետևանքով իրենց բնակավայրերը լքած տասնյակ հազարավոր ադրբեջանցիների Իրանն է ապաստանել, իսկ մոտ մեկ տասնամյակ հոգացել վրանային ճամբարներում արգելափակված հարյուր հազար տեղահանվածների բոլոր կարիքները:
Իրանից ոչ մի փախստական չընդունելու Ալիևի որոշումը նաև քաղաքական ցինիզմի աննախադեպ դրսևորում է: Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ նա հանդես է եկել որպես աշխարհի բոլոր ադրբեջանցիների «հայր», իսկ պետական քարոզչությունը բազմիցս Իրանի իշխանություններին մեղադրել է «Հարավային Ադրբեջանի թուրք եղբայրների իրավունքները խախտելու» մեջ:
Այսօր այդ մարդկանց ամենահիմնական՝ ապահով կյանք ունենալու, իրավունքը կոպտորեն խախտում է Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Իսրայելը, որի ռմբակոծումներից և հրթիռային հարվածներից տուժել և տուժում են Թավրիզը, Արդեբիլը, Ուրմիան: Այդ քաղաքների և հարակից տարածքների բնակչության գերակշիռ մեծամասնությունը թուրքախոս է, ինքնագիտակցվում է որպես «ադրբեջանցի»:
Ավելի քան երեք տասնամյակ պաշտոնական Բաքուն սնուցել է «բռնությամբ բաժանված եղբայրների միավորման» գաղափարը, Իրանի հետ հարաբերություններում մշտապես շահարկել այդ գործոնը:
Ալիևի իրանցի «եղբայրներն» այսօր զրկվում են Ադրբեջանում գոնե ժամանակավոր ապահովություն ստանալու, իրենց ֆիզիկական գոյությունը փրկելու հնարավորությունից: Դա, երևի, քաղաքական ցինիզմի աննախադեպ օրինակ է:
Բաց մի թողեք
«Բաքվում Մոսկվայի աչքը և ականջը». Մեհթիևը «լիովին ունեզրկվել է»
Ինչ կտա Հայաստանի հետ խաղաղությունը՝ բարբաջել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը
Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի շնորհիվ․ Սինանյանի հոր գրառումը Բաքվի բանտում գտնվողների մասին․ Լուսանկար