«Հրապարակի» հարցերին պատասխանում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
– Տեղական լրատվամիջոցներին երբեմն մեղադրում են միջազգային մամուլից կեղծ տեղեկություններ արտատպելու, առանց դրանց հավաստիությունը ստուգելու տարածելու եւ դրանք որպես իրականություն ներկայացնելու մեջ: Առհասարակ, լրատվամիջոցներին ու լրագրողներին մեղադրելը, պաթետիկ մտքեր գրելը, խորհուրդներ տալը շատ տարածված են մեզանում: Բոլորը գիտեն` ինչպես լրագրող աշխատել, ինչ գրել, ինչ չգրել: Սակայն հարցն այն է, թե ինչպես պետք է տեղական լրատվամիջոցները մոնիթորինգ անեն դրսի մեդիաներին, պարզեն դրանց հրապարակած տվյալների իսկությունը: Դրա համար մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ: Վերջերս անգամ «Մեդիամաքսն» էր շփոթմունքի մեջ հայտնվել, կեղծ ինֆորմացիան թարգմանել ու տարածել էր, հետո ընթերցողից ներողություն խնդրել: Արդյո՞ք սա չի նշանակում, որ բավականին բարդ է նման ուսումնասիրություններ կատարելը, եւ այս պարագայում հայաստանյան լրատվամիջոցներին մեղադրելն արդար չէ…. Մամուլի մասին օրենքով չկա նման կետ, որ ԶԼՄ-ն այլ լրատվամիջոցի հղում անելիս պետք է պատասխանատվություն կրի դրա բովանդակության ճիշտ կամ սխալ լինելու համար:
– Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ ցանկացած լրատվամիջոց պետք է քիչ թե շատ իրազեկված լինի, թե տվյալ լրատվամիջոցն ինչպիսի վստահություն է վայելում, եւ ըստ դրա որոշում կայացնի` արժե՞ արտատպել այդ լրատվամիջոցից, թե՞ ոչ: Եթե նյութերը սկանդալային են, պարունակում են սկանդալային տարրեր, գուցե պետք է շատ ավելի զգույշ լինել, եւ նույնիսկ եթե այնտեղ տարածվող տեղեկությունն ունի հանրային կարեւորություն, ապա պետք է արտատպելու դեպքում գոնե նշել, որ աղբյուրն այնքան էլ արժանահավատ չէ, սակայն տվյալ տեղեկության կարեւորությունը հաշվի առնելով՝ հրապարակվում է նյութը, հետագայում դրա ճշմարտացիությունը ստուգելու նպատակով: Կան նաեւ դեպքեր, երբ տարածվող նյութերը չունեն մեծ նշանակություն, սկանդալային չեն, սակայն դրանք օգտագործվում են ԶԼՄ-ների կողմից, ինչն ընդհանրապես արդարացված չէ, որովհետեւ, եթե անգամ նյութը չունի հանրային մեծ նշանակություն, սակայն կրում է սենսացիոն բնույթ, անգամ այդ դեպքում չկան բավարար հիմքեր՝ այն արտատպելու համար: Լրագրողների եւ լրատվամիջոցների հիմնական առաքելությունը, պարտականությունը լսարանին իրազեկված պահելն է:
– Նշում եք, որ պետք է տեղական լրատվամիջոցները տարբերեն դրսի արժանահավատ ԶԼՄ-ներին ոչ արժանահավատներից, սակայն ընկալումները կարող են շատ տարբեր լինել: Օրինակ` նույն իշխանական ԶԼՄ-ներին ինչ ձեռնտու չէ, կարող են ներկայացնել ոչ իրական եւ հակառակը: Այստեղ չի՞ առաջանում խնդիր:
– Հասկանում եմ, թե ինչ եք ասում, սակայն ամեն դեպքում կայացած, պրոֆեսիոնալ լրատվամիջոցը պետք է տեղեկացված լինի, պետք է տարբերի` մեջբերվող լրատվամիջոցն ինչ հաճախականությամբ է իրական եւ կեղծ տեղեկություններ տարածում: Ես կարծում եմ, որ սա մասնագիտական կարողությունների հարց է: Եթե մենք աշխատում ենք մեդիա ոլորտում, ուրեմն պետք է քաջատեղյակ լինենք, թե այս կամ այն լրատվամիջոցներն ինչպիսի համբավ ունեն: Օրինակ` հայաստանյան ԶԼՄ-ների մասին ունենք, չէ՞, նման կարծիք, պետք է նման կարծիք ունենանք նաեւ դրսի ԶԼՄ-ների մասին: Դեղին մամուլը, բուլվարային մամուլը, պրոֆեսիոնալ մամուլը, մանիպուլյատիվ քարոզչությամբ զբաղվող ու կեղծիքներ տարածող մամուլը պետք է կարողանանք տարանջատել:
– Օրինակ` իսպանական Periodista Digita կայքը մի հոդված է հրապարակել, որտեղ խոսք է գնում այն մասին, որ ՀՀ-ն հեռանում է ՌԴ-ից, ԱՄՆ-ն Սյունիքի միջանցքը ցանկանում է 100 տարով վարձակալել, դրանից շահելու են Ադրբեջանն ու Թուրքիան, եւ այդ մասին հուշագիր է ստորագրվել: Այդ հոդվածի մեջ, ըստ էության, միակ կասկածելի կետն այն է, որ հուշագիր է ստորագրվել, սակայն մյուս իրողությունները բացարձակ ճշմարտություն են, գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների կողմից միջանցքը վարձակալվելու առաջարկ է եղել, որ Հայաստանը հեռանում է ՌԴ-ից եւ այլն: Այս պարագայում, երբ հոդվածի գերակշիռ մասն իրական է, ինչպե՞ս հասկանալ՝ հոդվածի բովանդակությունը կե՞ղծ է, թե՞ իրական:
– Եկեք հերթով մի քանի հարցի անդրադառնանք. առաջինը` արդյո՞ք սա այն թեման է, որը հրավիրում է հանրային ուշադրություն, միանշանակ` այո: Եթե այն հրապարակել է ոչ այնքան հայտնի լրատվամիջոց, ապա այդ պարագայում ավելի ճիշտ է մեջբերումներ անելը, այլ ոչ թե արտատպելը, կամ փաստերին հղում անելը: Փաստերի իսկության վերաբերյալ, ամեն դեպքում, արտատպող լրատվամիջոցը պետք է պատասխանատվություն կրի: Այդ հոդվածում, բացի հուշագրի հատվածից, կասկած է առաջացնում նաեւ հանդիպումների ժամանակ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու հանգամանքը: Երբ նման հոդվածներն առաջացնում են կասկած, այնքան էլ արժանահավատ չեն, ես խորհուրդ կտամ լրատվամիջոցներին՝ տվյալ հոդվածի բովանդակությանը վերաբերող ինֆորմացիային տիրապետող փորձագետի կարծիք լսել, թե արդյո՞ք կարող է նման բան լինել:
Շատ հաճախ Օլեսյա Վարդանյանը տարբեր լրատվամիջոցներին տալիս է նման մեկնաբանություններ, նա հետազոտող է: ԱՄՆ-ի հետաքրքրությունների մասին նա հաճախ խոսում է, հայ-ադրբեջանական հարաբերություններից քաջատեղյակ է:






Բաց մի թողեք
21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչը էլ ընթացք չի տալիս գործին. Լուսանկար
Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. Լուսանկար
Հոգեւորականների եւ նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում»