Դուք ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ նստում եք ավտոմեքենա եւ պարզում, որ վարորդը ծայրահեղ հարբած է, չի կառավարում իր գործողությունները, շփոթում է աջն ու ձախը եւ շատ մեծ արագություն է բացել` նեղ ճանապարհի վրա:
Հրապարակ թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է․ Ճիշտ եք` տագնապի ու վախի զգացում, որ «ձերն էլ այստեղ վերջացավ»: Գիտակցում եք, որ շուտով բախում է լինելու, եւ միայն հրաշքը կարող է ձեր կյանքը փրկել: Իսկ հրաշք պատահում է միայն այն դեպքում, երբ Աստված բարեհաճ է ձեր նկատմամբ, դուք արժանացել եք նրա բարձր հովանավորությանը:
Հիմա մենք այդ «հարբած մարդու մեքենայում» ենք հայտնվել, որը մեզ տանում է նեղ ու խորդուբորդ ճանապարհով, դիմացից մեծ բեռնատարներ են գալիս, որոնք ամեն րոպե մեզ կարող են ճզմել: Իսկ կյանքն ապացուցել է, որ Աստված հայի նկատմամբ երբեք բարեհաճ չի գտնվել, մենք նրա բարձր հովանավորությունը երբեք չենք վայելել` ո՛չ միջնադարում, ո՛չ 20-րդ դարի սկզբին, ո՛չ 21-րդ դարի, ինչո՞ւ պետք է այս անգամ բացառություն լինի, եւ մեզ բարի աչքով նայի Ամենակարողը:
Մանավանդ որ մենք մեր սխալներից դասեր չենք քաղում, չենք կարողանում ճիշտ ապրել, Աստծու պատվիրաններն անտեսում ենք, վատ, ապա ավելի վատ իշխանություն ենք ձեւավորում եւ մեր ձեռքով մեզ կրակը գցում:
Այնպես որ՝ «մեր մեքենայի ղեկին» հայտնված «հարբած ծաղրածուն» միանգամայն արժանի է մեզ` մեր իսկ ծնած-սնածն է, մեր աճեցրածը, մեր ընտրածը, մեր ծոցից դուրս եկածը: Եվ եթե 2018-ին դեռ կարելի էր հասկանալ այն էյֆորիան, որը մեզ պատել էր, քանի որ նախկին վատ իշխանությունից էինք ազատվում եւ որոշել էինք թույլ չտալ, որ 10 տարի պաշտոնավարած նախագահը տարբեր խորամանկություններով շարունակի պաշտոնավարել, ապա 2021-ի ընտրությունը մեր ամոթն է, մեր խարանը, մեր տհասության, ապուշության, անգրագիտության, անտեղյակության, մանկամտության դրսեւորումը:
Երբ փոքր չարիքից խուսափելով մի ահռելի արհավիրքի մեջ նետվեցինք` չգիտակցելով, թե ինչ է մեզ սպասվում: Երբ ընտրություն կատարեցինք 15-ամյա անուղեղ աղջկա նման` ականջներով սիրելով եւ տասնյակ փեսացուներից ամենավատին ընտրելով: Երբ մեզ թվաց, թե ընտրությունը խաղուպար է` այսօր սրան կընտրենք, իսկ մի քանի օրից` մեկ ուրիշին:
Երբ մտածեցինք, որ այնքան հզոր ենք, որ կարող ենք մեր «ընտրյալին» կամաց փոխել, մարդ դարձնել, գիտելիք, փորձ, կուլտուրա փոխանցել: Բայց պարզվեց՝ նա անգամ դանակ-պատառաքաղ օգտագործել չի ուզում սովորել, որովհետեւ «մատներով ուտելն» է նախընտրում, կոստյում հագնել չի ուզում, որովհետեւ իր հոր չուխան է լավագույն հագուստը համարում:
Բայց այսքանից հետո էլ կան մարդիկ, որ ասում են` «թողեք՝ թող աշխատի», կարող է ստացվի: Թողեք բանակցի` կարող է պատերազմներից հետո մեկ էլ ու «խաղաղություն» բերի: Թողեք որոշումներ կայացնի` կարող է ողջ Հայաստանը «վարի չտա», այլ միայն նրա մի մասը, գուցե տակը մի բան մնա` հայերով հավաքվենք այդ հողակտորի վրա, ապրենք` հիշելով մեր լավ օրերը:
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը