ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բանակցություններ է սկսել քաղբանտարկյալ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, խմբակցության անդամները նախօրեին այցելել են ԱԱԾ մեկուսարան՝ Սրբազանին տեսակցելու, համոզելու համար, որ նա դառնա վարչապետի իրենց թեկնածուն, որպեսզի խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի Սրբազանի թեկնածությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց ճշտել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից. «Այո՛, իսկապես, օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք ԱԱԾ մեկուսարանի այն խուցը, որտեղ ապօրինի քրեական գործով պահվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Բավականին երկար զրուցել ենք, ամենատարբեր թեմաներով: Այդ հարցին, սակայն, անդրադարձ չենք կատարել:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ, այո՛, խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկել է, որ միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը, որին հաջորդել էր Սրբազանի հայտարարությունը՝ չշրջանառել իր անունը որպես վարչապետի թեկնածու: Այլ զարգացումներ այս մասով չկան: Կարող եմ միայն ասել, որ մեծ բավականություն ստացանք Սրբազանի հետ շփումից, իր ամրությունը, կամքն ու իմաստությունն իրոք ոգեւորող է: Հուսամ՝ ուսուցողական էր նաեւ խցում գաղտնալսում իրականացնող ուժային կառույցի ներկայացուցիչների համար»,- հայտնեց պատգամավորը»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է