ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը չի կիսում իշխանության ընդդիմախոսների այն պնդումները, թե Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով պատերազմի ռիսկը մեծացել է: Ըստ նրա՝ ընդհակառակը՝ սրանով այդ ռիսկերը նվազում են:
Աթանեսյանը, սակայն, դեռ չի պատկերացնում, թե ինչպես է հաղթահարվելու ազգերի միջև փոխադարձ անհանդուրժողականությունը:
«Նոնսենս է, որ ասում են՝ վաշինգտոնյան համաձայնագրից ՀՀ-ն ինչ է ստացել: Ես էլ հակադարձում եմ, ասում՝ իսկ Ալիևն ի՞նչ է ստացել: 17 հոդվածներից յուրաքանչյուրն ի՞նչ է տալիս Ադրբեջանին»,- ասում է նա, ապա նկատում. «Զանգեզուրի միջանցք արտահայտությունը միջազգային խոսույթից դուրս է եկել»:
Միաժամանակ Աթանեսյանը ուշագրավ հանգամանք է մատնանշում. «Թրամփը Ալիևին է ուղարկել Սպիտակ տանը արված լուսանկարները և գրել՝ «դու խիզախ առաջնորդ ես, Իլհա՛մ»: Թրամփը փաստորեն Ալիևին ասում է, որ պայմանավորվածությունից հրաժարվելու տեղ չունի: Ադրբեջանական քարոզչությունը սա ներկայացնում է, թե Ալիևը Հարավային Կովկասի Ռեմբոն է, բայց սա, դիվանագիտական լեզվով ասած, կշտամբանք է»:
Ըստ Աթանեսյանի՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պայմանագիրը ստորագրվի մինչև 2026 թվականի ընտրություններ. «Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Իլհամ Ալիևը կարող է ենթարկվել ճնշումների. նախատեսվում է Պուտին-Ալիև հանդիպում․ այնտեղ է լինելու Իրանի նախագահը»:
Մեկնաբանելով ընդդիմության այն պնդումները, թե սահմանները բացվելով՝ Թուրքիան կկլանի Հայաստանը՝ վերջինս ասում է. «Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր ապրում են Ստամբուլում, աշխատում, ի՞նչ է նշանակում՝ սահմանը որ բացվի, Թուրքիան մեզ կկլանի: Սահմանի բացումը առաջին հերթին մեզ է ձեռնտու: Եթե վերականգնվի Գյումրի-Կարս երկաթուղին, ապա մենք անխոչընդոտ կարող ենք կապ հաստատել եվրոպական երկրների հետ: Հայաստանը որևէ աշխարհաքաղաքական վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար, որ Թուրքիան հարձակվի մեզ վրա»:
Ինչ վերաբերում է ընդդիմության այն պնդումներին, թե պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ Աթանեսյանը նկատում է. «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ասում էին՝ կապիտուլյացիա է, հիմա ասում են՝ վերադառնանք դրան: Օգոստոսի 8-ը փակել է Նոյեմբերի 9-ի էջը: Ընդդիմությունը պետք է ընդունի, թե ինչպես ողջունեց ԼՂ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, որը առիթ դարձավ Ադրբեջանի կողմից ահաբեկչական պատերազմ սկսելուն»:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»
Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը