Օգոստոսի 28-ին, Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում գործադիրն ընդունեց «Ալեքս Ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծման ենթակա տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի մաքսատուրքից ազատելու վերաբերյալ որոշումը։
Ըստ ծրագրի՝ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար, որն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Կառավարության որոշմամբ ընկերությունը կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից՝ մոտ 30 մլն դրամի չափով։
«Ալեքս Ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներմուծումները նախատեսված են իրականացնել 2025 թվականի հուլիսի 9-ից մինչև 2028 թվականի հուլիսի 8-ը։
Ո՞ւմ է պատկանում «Ալեքս Ֆաբրիկան»
Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Հասմիկ Վիկտորի Հովհաննիսյանն է։
Մեր որոնումները ցույց տվեցին, որ Հովհաննիսյանը բաժնետեր է նաև մեկ այլ՝ «Ալեքս Ռիթեյլ Քամփանի» ընկերությունում՝ 5 տոկոս բաժնեմասով։ Մնացած 95 տոկոսի բաժնետերը Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեքսանյանը։
Սա նշանակում է, որ այսօր Կառավարության կողմից 30 մլն դրամի մաքսային արտոնություն ստացած «Ալեքս Ֆաբրիկա» ընկերությունը ուղիղ կապ ունի Ալեքսանյանների ընտանիքի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Fip.am-ը անդրադարձել էր Կառավարության մեկ այլ որոշման, որով 57 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն էր տրամադրվել Ալեքսանյանների ընտանիքին պատկանող մեկ այլ ընկերության։
Այսպիսով, Կառավարության շարունակական աջակցության և արտոնությունների շնորհիվ Ալեքսանյաններին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող երկու ընկերություն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ստացել է ընդհանուր առմամբ 87 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն։
Գայանե Մարկոսյան
Բաց մի թողեք
Տուրիստական Դիլիջան՝ առանց ավտոկայան, զուգարանների, սպանդանոցի ․․․
Վերջին ամիսներին դիտվում են տնտեսական աճի արագացման միտումներ. ԿԲ նախագահ
Քաղաքացիների թունավորվելուց հետո նմուշառում է արվել հանրային սննդի կետում առկա հավի մսից, աղցանից, պիցցայից