10/09/2025

Ուրիշների զորահանդեսները նայելու եւ քո թշնամիների առաջ քո թուլությունն ու խեղճությունը ցուցադրելու

Նայում եմ Չինաստանում զինվորական շքերթի կադրերը եւ սարսռում` իրար կողք շարված, անթերի հագնված զինվորների քայլքը, զենք-զինամթերքի ցուցադրությունը, տրիբունան, հանդիսավորությունը, դրոշները, երաժշտությունը, հանդիսատեսի ոգեւորությունը պատկառանք են առաջացնում:

Հրապարակ թերթը գրել է․ Պարզ է, որ մենք Չինաստանի հետ «ոտք գցել» չենք կարող, եւ այդ հզորությունն էլ բնակչության քանակով, հարյուրամյակների տքնաջան աշխատանքով, հազար ու մի այլ հանգամանքով է պայմանավորված: Բայց միայն դա չէ, որ ազգերին ազգ է դարձնում, պետությունները` պետություն:

Դա նաեւ կոլեկտիվ խելքի, համատեղ աշխատանքի, ճիշտ ընտրություն կատարելու հետեւանք է: Երբ պետության գլխին կանգնած մարդիկ ոչ թե իրենց խղճուկ աթոռը պահելու մասին են մտածում եւ ամեն խորամանկության դիմում` մրցակիցներին ոչնչացնելու, իշխանությունը երկար պահելու-վայելելու համար, այլ պետության համար օգտակար որոշումներ են կայացնում, լսում են խելացի մարդկանց խորհուրդներն ու իրականացնում հեռանկարային ծրագրեր:

Իսկ երբ տեսնում են, որ իրենց մոտ չի ստացվում պետությունը կառավարել, եւ պետությունն իրենց պատճառով շարունակական կորուստներ է կրում, ժամանակին հեռանում են՝ շանս տալով սեփական ազգին նոր իշխանություն ձեւավորելու, «զրոյական կետից» իր պատմությունը կերտելու:

Հակառակ դեպքում ստացվում է, որ դու` որպես պետության ղեկավար, չես կարողանում քո բանակը ստեղծել, զենք-զինամթերք ձեռք բերել, 7 տարվա ընթացքում գեթ մեկ զորահանդես անել, բայց գնում ես հեռավոր երկրներում ուրիշների զորահանդեսները նայելու եւ քո թշնամիների առաջ քո թուլությունն ու խեղճությունը ցուցադրելու:

Ստացվում է, որ դու ընդամենը լավ զբոսաշրջիկ ես եւ պաշտոնավարման ժամկետն օգտագործում ես ընդամենը աշխարհով մեկ շրջելու համար: