07/09/2025

Ծափ մի տվեք, թատրոն չի ստեղ․ Լուսանկար

Սեպտեմբերի 5-ին Երեւանի դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մեկնարկեց եւ ավարտվեց «Սիզնսի» այգու գործով դատական նիստը։ Հուլիսի 8-ին  Տաշիր քաղաքից բերման էին ենթարկվել եւ կալանավորվել քաղաքի 2 բնակիչ, որոնք հուլիսի 4-ին մասնակցել էին Մաշտոցի պողոտայի «Սիզնսի» այգուց մեկնարկած երթին՝ ի պաշտպանություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի։

Երկու մեղադրյալին՝ Լեւոն Բաղդասարյանին եւ Արթուր Վարդանյանին, նույն մեղադրանքն էր առաջադրվել՝  «Հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով օժանդակել է մի շարք անձանց նյութապես շահագրգռելու» համար, այսինքն՝ ըստ մեղադրանքի, նրանք ստիպել են քաղաքացիներին` գումարի դիմաց մասնակցել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթին։

Դատարանում պարզվեց, որ նրանք աշխատում են «Գազպրոմ»-ում, Տաշիրից են։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը հարցրեց՝ ընդդատության վերաբերյալ կողմերն ունե՞ն դիրքորոշում, դատախազն ասաց՝ ոչ, այս դատարանն իրավազոր  է քննելու այս գործը, հիմքեր չկան, որ գործը պետք է քննվի այլ դատարանում։ Դատավորին հետաքրքրեց՝ ենթադրյալ արարքի վայրն ինչո՞ւ գործի նյութերում չկա, ինչո՞ւ չի նշվել։ Դատախազն ասաց՝ հիմք է ընդունված այն, որ գործի  նախաքննությունն ավարտվել է Երեւանում։ Պաշտպանական կողմը հակառակ դիրքորոշումն ուներ․ քանի որ մեղադրյալները, գործով վկաները Լոռու մարզի բնակիչներ են, «հանցանքը» կատարվել է այնտեղ, ապա գործը պետք է քննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Ապա դատարանը քննարկեց կալանքի տակ գտնվող մեղադրյալների խափանման միջոցի հարցը, որոնց կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 8-ին եւ 9-ին։

Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը սկսեց ներկայացնել կալանքի ժամկետները երկարացնելու միջնորդությունը։ «․․․․Լեւոն Բաղդասարյանը 2 տարի առաջ դատապարտվել է 2 հանցանքի համար․․․»,- ասաց դատախազը, որի խոսքն ընդհատեց դատավորը՝ ուղղելով, թե «դատապարտվել է 1 հանցանքի համար, լավ չեք նայել»։ Դատախազն ընդունեց սխալն ու առաջ անցավ։ Ներկայացրեց, որ եթե մարդն ազատ արձակվի, կարող է նոր հանցանք կատարել, ազդեցություն ունենալ գործով վկաների վրա, փախուստի դիմել` օրենսգրքում կալանավորման համար նշված բոլոր հիմքերը հերթով թվարկեց մեղադրողը։ Ավելի ուշ պարզվեց, որ մեկ այլ քրեական գործով մյուս մեղադրյալ Արթուր Վարդանյանը նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի։ Անդրադառնալով դատվածություն ունենալու խնդրին՝ դատավորը նշեց, որ այն մարված է։ «Անձը դատապարտվել է 2022 թվականին, դատապարտվել է տուգանքի, տուգանքը վճարել է, դատվածությունը մարվել է, ինչն օրենքի ուժով իրավական հետեւանք չի կարող առաջացնել, ինչի՞ եք կարծում՝ հանցանք կատարելու հավանականությունը բարձր է»,- հարց ուղղեց մեղադրողին։

«Անձի վարքագիծը կանխորոշող հանգամանք է»,-ասաց դատախազը։ Հանրային մեղադրողը մի հարցում էլ էր վրիպել, նա մեղսագրվող հոդվածն ընթերցելիս ներկայացրել էր 236-րդ հոդվածի 3-րդ կետը՝ առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ, մինչդեռ դատավոր Բալայանն ուղղեց՝ ոչ թե 3-րդ, այլ 2-րդ կետն է այդ սահմանումը տալիս, դատախազն ասաց՝ տեխնիկական վրիպակ է։

Անցան պաշտպանական կողմին լսելուն, Բաղդասարյանի փաստաբան Պառավյանը ներկայացրեց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։ «Կատարվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները, հարցաքննել է եւ տվել խոստովանական ցուցմունք, հայտնել դեպքի իրական հանգամանքները․․․․»,- թղթից կարդաց փաստաբանը, դատավորն ընդհատեց՝ հարցնելով «ո՞րն է խոստովանականը, մեղքն ընդունե՞լ է»։

Փաստաբանն ասաց՝ ոչ, իրական հանգամանքներն է հայտնել։ Փաստաբանը միջնորդեց՝ կալանքը փոխել, ընտրել վարչական հսկողություն կամ տնային կալանք, կամ կիրառել գրավ՝ մինչեւ 5 միլիոն դրամ։ Մյուս մեղադրյալ Վարդանյանի փաստաբան Այվազյանն էլ նմանատիպ միջնորդություն ներկայացրեց։

Դավիթ Բալայանը, լսելով առաջարկվող գրավի չափը, հումորով արձագանքեց՝ «սաղդ փողատեր եք»։ Եվ որոշեց Լեւոն Բաղդասարյանի նկատմամբ կալանքը փոխել բացակայելու արգելքով եւ 2 միլիոն դրամի չափ գրավով, Արթուր Վարդանյանինը՝ բացակայելու արգելք եւ 1 միլիոն դրամ գրավով։ Որոշումից հետո ներկաները ծափահարեցին, դատավորը դիտողություն արեց․ «Ծափ մի տվեք, թատրոն չի ստեղ»։

Քննելով նաեւ գործի ընդդատության հարցը՝ դատավորը որոշեց գործն ուղարկել Լոռու  մարզի դատարան՝ քննության։

«Հրապարակ»․ Ծափ մի տվեք, թատրոն չի ստեղ