07/09/2025

Նրանց երկար ժամանակ չի մնացել․ Մելիքյան

Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը շարունակ խոսում են խաղաղության մասին, հայ ժողովրդին հավատացնում, որ խաղաղությունը վերջապես թակել է հայ ժողովրդի դուռը, եւ չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է «Թրամփի ուղին» բացահայտ միջանցք անվանել, եւ դրա պաշտոնական նկարագրությունն էլ համընկնում է «միջանցք» հասկացության բաղադրիչների հետ, Փաշինյանն ու իր արբանյակները չեն դադարում թմբկահարել իրենց «հաղթանակի» մասին եւ խոսել ճանապարհների ապաշրջափակման, ՀՀ ինքնիշխանության պահպանման եւ «Թրամփի ուղին» փոխադարձության սկզբունքով օգտագործելու մասին:

Ի դեպ, Իլհամ Ալիեւը չի հրաժարվել նաեւ թշնամանքի եւ ագրեսիայի խոսույթից, չնայած վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթղթում կա նաեւ ագրեսիվ հռետորաբանությունից եւ թշնամանք տարածելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին կետ: Նա բոլոր առիթներով, անգամ հրապարակային խոսքում շարունակում է պիտակավորել եւ վիրավորել հայ հանրությանը` ամենավերջին վիրավորական խոսքերն ասել, իսկ ՀՀ իշխանություններն այդ խոսքերը չլսելու են տալիս: Չտեսնելու եւ չլսելու են տալիս նաեւ Բաքվում խոշտանգվող հայ ռազմագերիներին, Արցախում հողին հավասարեցվող հայկական մշակույթի կոթողներն ու արցախցիների շենք-շինությունները, «Արեւմտյան Ադրբեջան» տերմինն ու դրան ուղղված քայլերը, Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված այլ ոտնձգությունները:

Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին «Հրապարակը» հարց տվեց` ինչպե՞ս է վերաբերվում հայ-ադրբեջանական հնարավոր հաշտությանը: Հավատո՞ւմ է, որ կողմերը կարող են խաղաղ ապրել եւ հարաբերվել: «Այն, ինչի մասին խոսեցին ԱՄՆ-ում, չի լինելու, իրականություն չի դառնալու: Չի լինելու ոչ մի նման բան: Համոզված եմ դրանում, որովհետեւ այդ ամենը չի համապատասխանում համաշխարհային այն շահերին, որոնք առաջնային են: Գոյություն ունեն համաշխարհային շահեր, այլ պետություններ: Նրանցից շատերին ձեռնտու չէ այն, ինչ տեղի է ունենում: Ես համոզված եմ, որ նախքան եկող տարվա ընտրությունները, այս իշխանությունները գնալու են, նրանց երկար ժամանակ չի մնացել»,- ասաց պրոֆեսորը: