08/09/2025

Աշխատավարձից բացի Կոնջորյանի կինը այլ միլիոններ է ստանում «Հայփոստից». Լուսանկար

«Երբ հեղափոխությունը սկսելու առաջին քայլերն էին արվում, ՔՊ-ականները միաձայն վանկարկում էին, որ չեն լինելու ԽԾԲ-ով աշխատանքի տեղավորված, պաշտոն ստացած անձինք, մեկը մյուսի հաշվին կարիերային աճ չի գրանցի։ Հեղափոխությունից հետո ամեն բան տեղի ունեցավ ճիշտ հակառակ կոմբինացիայով։

Armlur.am-ը գրում է. Օրինակ՝ ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, հեղափոխությունից հետո կարիերայի կտրուկ աճ է գրանցել՝ «Հայփոստի» հասարակ աշխատողից դառնալով «Հայփոստի» տնօրեն։

Ուսումնասիրելով Կոնջորյանի կնոջ հայտարարագիրը՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ հանգամանքներ է նկատել, որոնց բացատրությունը հարցման միջոցով փորձեցինք ստանալ Ալեքսանյանից, բայց ապարդյուն:

Մասնավորապես, ըստ փաստաթղթերի՝ նրա տարեկան եկամուտները 2024 թվականին կազմել են 67 մլն 327 հազար դրամ։

Իսկ ինչպես են բաշխվել դրանք. «Հայփոստ»-ից ստացված նրա աշխատանքի վարձատրությունը կազմել է 11 մլն 443 հազար դրամ։

48 մլն 600 հազարը վարկ է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից։

Մյուս եկամուտների վերաբերյալ հարցում ուղարկեցինք Ալեքսանյանին, որ նրա՝ որպես ԱԺ պատգամավորի կնոջ հայտարարագրում առկա են մի քանի տվյալներ, որոնք ցանկանում ենք ճշտել և հստակեցնել։

Մասնավորապես․

«1․ Որպես «Միանվագ վճարներ» «ՀՀ, ք. Երևան Կառավարական 3 տուն» հասցեից, ինչպես դուք եք նշել, ստացել եք 300 հազար դրամ։ Ի՞նչ հիմքով է ձեզ տրվել միանվագ վճար ենթադրաբար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

2․ Նշել եք, որ որպես «այլ եկամուտներ» «ՀԱՅՓՈՍՏ»-ից բացի աշխատավարձից, ստացել եք ևս 5 մլն 180 հազար դրամ։ Ինչի՞ համար եք ստացել նշված եկամուտը։

3․ Խնդրում ենք նշել, թե որպես «Հայփոստ»-ի տնօրեն՝ որքա՞ն է կազմում ձեր աշխատավարձը մեկ ամսվա համար»։

Սակայն իշխող ՔՊ խմբակցության ղեկավարի կինը խուսափողական պատասխան է տվել։ Հարցման մեջ հստակ պահանջել էինք նշել աշխատանքի վարձատրության չափը, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այն կազմում է մոտ 3 մլն դրամ։

Blog Image

Պատասխանում ասվում է.

«Հայտարարատու անձի գույքի և եկամուտների, այդ թվում նաև եկամտի ծագման աղբյուրի, եկամտի տեսակի, աշխատավարձի չափի վերաբերյալ հանրամատչելի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտության հավասարակշռություն ապահովող ամբողջ տեղեկությունն օրենքով սահմանված կարգով ներկայացված է «Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում»։

Նկատելի է, որ պատասխաններից խուսափելու հիմնավոր պատճառներ կան։

Հարկ է նշել, որ Ալեքսանյանը նախորդ տարի գնել է 54 մլն դրամ արժողությամբ հողին ամրակցված այլ անշարժ գույք Աբովյան քաղաքում։ Իսկ թե ինչի համար է 5 մլն դրամ ստացել «Հայփոստից», որը աշխատավարձ չէ, անհասկանալի է մնում»։