08/09/2025

Աստվածաշունչը, որն ինձ ուղեկցել է ընդհատակում և բանտում, նվիրում եմ Վաշինգտոնի թանգարանին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ Աստվածաշունչը, որն իրեն ուղեկցել է թե՛ ընդհատակում, թե՛ բանտում գտնվելիս, նվիրում է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին:

Վարչապետն այս մասին տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել Աստվածաշունչը:

Տեսանյութն՝ այստեղ

Ի պատասխան, Հրապարակ թերթը գրել է․ Եթե հավատանք նրա խոսքին, որ Աստվածաշունչը իր ամենաթանկ սրբությունն է, այն գիրքը, որ նրան ուժ է տվել կյանքի ամենադժվար պահերին, ապա մնում է հարցնել․ ինչպե՞ս կարող է մարդ այդպիսի թանկագին ուղեկցից հրաժարվել այդքան հեշտությամբ։

Բայց երբ հայացք ենք գցում վերջին ութ տարիների նրա «նվերներին», որոնք առատորեն բաժանվել են օտար տերություններին, ակամա հասկանում ենք․ Արցախի և հայրենիքի տարածքների նվիրաբերման կողքին Աստվածաշունչը թանգարանին հանձնելը փոքրիկ դրվագ է միայն։

Ու երբ օգտատերերը մեկնաբանում են․ «Հայաստա՞նը ում ես նվիրելու», «Աստվածաշունչը քո ուղեկիցն է, այն չի կարելի օտարել», «Նվիրիր ուրիշ օրինակ, ոչ թե այն մեկը, որ քեզ ուժ է տվել», «Աստվածաշունչը կարդալու համար է, ոչ թե ցուցասրահի համար», «Մի՛ օտարիր այն, ինչը եղել է քեզ հետ ամենածանր օրերին»…

Երբ  հարյուրավոր ծանր արձագանքներին հետևում ես, մտածում ես մի պարզ բան․ Փաշինյանը երբեք որևէ թանկ բան նվիրելիս ցավ կամ ափսոսանք չի զգում։

Արցախը նվիրելուց հետո Աստվածաշունչն ի՞նչ է, որ չնվիրի…

Եվ իսկապես՝ հավատալ, թե նրա բաժանած «նվերները» թանկ են եղել իր սրտին, ու նա ցավով է հեռացել դրանցից, ուղղակի ինքնախաբեություն է։

Մի գրառում աչքիս ընկավ։ Նման պատմություններ մենք էլ ենք լսել մեր մեծերից․ ասում էին՝ Տան Աստվածաշունչը տնից չեն հանում, քանի որ նա պահապան հրեշտակ է։

Բայց քանի որ այս անգամ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, թեման ավելի հետաքրքիր է դառնում։ Նա հայտնում է, որ իր տան Աստվածաշունչը նվիրել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։
Օգտատերերից մեկը նրա ֆեյսբուքյան էջում պատմում է.

«Աստվածաշունչը, Սուրբ գրվածքները չի կարելի նվիրել կամ տնից հանել։ Եթե Տերը քեզ է կամեցել, ուրեմն՝ ոչ մեկին մի՛ տուր։

Սուրմալուից գաղթած իմ մայրական պապը, որ հարուստ ու երևելի մարդ էր, շատ որբերի էր փրկել սովից։ Գաղթի ճանապարհին տեսնում է գետում խեղդվող կնոջ՝ գրկում փոքրիկ երեխա։ Ինքը ջուրն է նետվում, որ մորը փրկի։ Բայց երբ դուրս է բերում, նկատում է, որ գրկում ոչ թե կին է, այլ Ավետարան՝ բազմադարյան։

Թուրքերը քանդել ու այրել էին եկեղեցիները, Սուրբ գրքերը գցել գետը։ Այդ փրկված Ավետարանը մինչ օրս մեր գերդաստանի սուրբ մասունքն է։ Դա Տիրոջ օրհնությունն է պապիս ու մեր ամբողջ տոհմի համար։

Բայց մեր տանը մեկ այլ Սուրբ գիրք էլ կար։ Տատիկս՝ իբրև «լավ և բարի» մտադրությամբ, այն նվիրում է եկեղեցուն։ Հանձնելուց հետո նա յոթ տարի մահամերձ,  անկողնային վիճակում է անցկացնում։ Հիմա 85 տարեկան է, կենդանի, բայց շատ ուշ հասկացավ, որ սխալ էր արել։ Զղջաց, սակայն արդեն ուշ էր։

Այդ դատավճիռը իր ստվերը թողեց թե՛ նրա կյանքի, թե՛ զավակների ճակատագրի վրա։
Տերը ներեց, բայց թանկ գնով։ Կորսվածը մնում է կորսված…»

Տան Աստվածաշունչը երբեք չի տրվում ուրիշի ձեռքը, նա պահապան է, և նրան կորցնելը՝ նշանակում է կորցնել Տիրոջ օրհնությունը։