08/09/2025

Վաշինգտոնում ՀՀ իշխանությունը տվել է այն ամենը, ինչ պահանջել է Ալիևը․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի  գրառումը․

««Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, թեման փակ է»,- դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Մեզ մոտ միջանցք բառը ո՞ր հարցում է խնդրահարույց․ Ադրբեջանը մինչ այժմ միջանցք ասելով՝ նկատի ուներ արտատարածքային միջանցք, իսկ նախագահ Թրամփը միջանցք ասելով՝ նկատի չունի արտատարածքային միջանցք։ Ստորագրվել է փաստաթուղթ՝ հռչակագիր, որը բացառում է արտատարածքային միջանցքի գոյությունը»,- ընդգծել է Ռուբինյանը։

Ժամանակին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե դեմ են միջանցքային տրամաբանությանը, Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները պատասխանում էին, որ ձեռք բերված պայմանավորվածություններով սուվերենության կամ տարածքային ամբողջականության խնդիր անգամ չկա։

Ադրբեջանի դիրքորոշումն այն էր, որ պետք է լինի միջանցք՝ Հայաստանի ճանաչված տարածքում, սակայն առանց հայկական վերահսկողության այդ hաղորդակցության վրա, և որ միջանցքով անցնողները չպետք է առնչվեն Հայաստանի ծառայությունների և հայ սահմանապահների հետ։

Հիմա, եթե ուշադիր կարդանք Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Հռչակագրի տեքստը, որում ԱՄՆ-ն հանդես է եկել որպես վկա, կտեսնենք, որ հայկական կողմը ամբողջությամբ ընդունել է ադրբեջանական պահանջը։

Իսկ որպեսզի դա արդարացնեն, իշխանության ներկայացուցիչները խրոխտ դեմքով փորձում են համոզել մեզ, թե մինչ այդ Հայաստանից պահանջում էին արտատարածքային միջանցք, բայց մեր հմուտ իշխանությունը պայքարեց և չտրամադրեց այն։

Սա հերթական կեղծիքն է, որն իշխանության ներկայացուցիչը հրամցնում է մեր ժողովրդին։

Վաշինգթոնում իշխանությունը տվել է այն ամենը, ինչ պահանջել է Ալիևը, ուղղակի արդեն առանց Արցախի, առանց Լաչինի միջանցքի և բացարձակապես առանց որևէ վերահսկողության, զուտ ոչ մի բանի դիմաց սառը հաշվարկով և ընդամենը մեկ նպատակով՝ փորձել վերընտրվել 2026-ին։

Միջանցքը չի՛ լինելու, դուք էլ չեք վերընտրվելու»: