08/11/2025

Իսրայելի վարչապետին կանգնեցնում են ծուղակի կամ անդունդի առջև

Իսրայելական մամուլը, վկայակոչելով անվտանգության համակարգի երկու բարձրաստիճան աղբյուրի, գրում է, որ Դոհայում ՀԱՄԱՍ-ի նստավայրի թիրախավորումը, երևում է, ցանկալի արդյունքի չի հասել:

Վարչապետ Նաթանյահուի գրասենյակը, համենայն դեպս, պաշտոնական հայտարարություն չի տարածել, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները ոչնչացվել են:

Իսրայելում, որքանով հասկացվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից լուրջ դժգոհություն է հասունանում: Բանն այն է, որ վերջինս սոցիալական անձնական հարթակում գրառում է կատարել, որ, Իսրայելից ստանալով Դոհայում հատուկ գործողություն սկսելու մասին տեղեկություն, ինքը հատուկ բանագնաց Ուիթկոֆին հանձնարարել է այդ մասին տեղյակ պահել Կատարի իշխանություններին:

Այս առթիվ Իսրայելի մի բարձրաստիճան պաշտոնյա տարակուսանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը մերձավոր դաշնակցից ստացած հույժ գաղտնի տեղեկությունը փոխանցել է նրա ոխերիմ թշնամուն և դեռ ուշացնելու համար ներողություն է խնդրում:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել՝ այդ մասին տեղեկությունները հակասական են: Որոշ աղբյուրներ պնդում են, որ «ՀԱՄԱՍ-ի առաջնորդները շենքը լքել են ռմբակոծությունից վայրկյաններ առաջ»,- այլ տեղեկություններով՝ նրանք «առհասարակ այնտեղ չեն գտնվել»: Թուրքական մամուլը միանշանակորեն ասում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին «փրկել է MIT-ը»:

Իսրայելական «Եդիոտ ահրոնոտը» գրում է, որ Դոհայի գրոհով վարչապետ Նաթանյահուն «վա-բանկ է գնացել, դա Գազայում պատերազմը շարունակելու առիթ էր»: Հարձակման ձախողումը, եթե տեղեկությունը, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները «ողջ են մնացել» համապատասխանում է իրականությանը, Իսրայելի վարչապետին կանգնեցնում են ծուղակի կամ անդունդի առջև:

Եվ եթե Իսրայելի հարձակման մասին Կատարի իշխանությունները տեղեկացել են Թրամփի հատուկ բանագնաց Ուիթկոֆից, ապա ստացվում է, որ ԱՄՆ նախագահը Նաթանյահուին «ներքաշել է ծուղակի մեջ», որից հնարավոր ելքը Գազայում պատերազմի դադարեցումն է:

Հակառակ դեպքում Իսրայելը կենթարկվի միջազգային մեկուսացման: Հրեական պետության հետ երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին նույնիսկ Եվրահանձնաժողովի նախագահ Լայենն է հայտարարել: