17/10/2025

Նոյեմբերի 9-ի գործով անցնող 30 – 40 մեղադրյալներից որևէ մեկը կալանավորված չէ

2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության եւ հրադադարի եռակողմ հայտարարության` կապիտուլյացիայի ստորագրման մասին, 44 օր շարունակ ստի ու կեղծիքի մեջ ապրած եւ հաղթանակին հավատացող մարդիկ վրդովված դուրս եկան փողոց:

Ինչպես բոլոր երկրներում են նման դեպքերում անում` մարդիկ ջարդում-փշրում էին ամեն ինչ` արտահայտելով իրենց վրդովմունքը։ Երեւանում եւս ոմանք ներխուժեցին Ազգային ժողովի, կառավարության շենքեր, մտան կառավարական ամառանոց, ջարդեցին, ավիրեցին։

Իսկ փողոցում իրենց ձեռքում հայտնված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծի ենթարկեցին: 5 տարի շարունակ քննչական մարմինները քննում են այդ օրվա իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործը:

Այդ գործով որոշ քաղաքացիներ արդեն ազատազրկման են դատապարտվել, բայց քննությունը Քննչական կոմիտեում դեռ շարունակվում է։ Եվ ահա, այս տարվա մայիսին` 5 տարի ընթացող քննության շրջանակներում Քննչական կոմիտեն 9 հոգու ձերբակալեց։

Այդ ժամանակ ՔԿ-ից մեզ փոխանցել էին, որ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդություն են ներկայացրել դատարան՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Պարզ չէր, թե 5 տարի անց ինչ նոր հանգամանքներ է պարզել ՔԿ-ն, եւ ինչու են թարմացրել պատերազմի եւ պարտության հետ առնչվող այս վարույթն ու ընդլայնել մեղադրյալների շրջանակը:

Իրավապահ համակարգում խոսում էին, որ այդ նոր ձերբակալությունները հերթական շոուն ապահովելու ծրագրի մասն են կազմում։ Քաղաքական հրահանգ է իջեցվել բոլոր իրավապահ մարմիններին՝ բռնել, մեղադրել, փակել, վախեցնել ընդդիմությանը եւ իշխանափոխության մասին երազողներին։

Ի վերջո, նոյեմբերի 9-ի դեպքերի մասնակիցները, մեծ հաշվով, իշխանափոխություն անելու էին դուրս եկել: Ասում են` այս գործով էլի ձերբակալություններ կլինեն։ Դեռեւս գարնանը իրավապահների տարեկան զեկույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավորները նաեւ նոյեմբերի 9-ի դեպքերի մեղավորներին հայտնաբերելու մասին էին խոսում, եւ ՀՀ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, հավանաբար, այդ ելույթներն ուղիղ հրահանգ էին համարել` ուղղված իրենց:

«Հրապարակ»-ի՝ իրավապահ համակարգի աղբյուրները հայտնում են, որ այդ՝ ձերբակալված 9 անձից եւ ոչ մեկին դատարանը չի կալանավորել, այսինքն՝ մերժել են Քննչական կոմիտեի միջնորդությունները։

Ի դեպ, նշված 9-ից բացի հետո եւս 2 տասնյակ անձի են բռնել եւ ներկայացրել կալանքի, որոնց մասով եւս դատարանները մերժել են կալանք տալու միջնորդությունները։

Այդ 9 հոգուն առնչվող քրեական գործն անջատվել է եւ ուղարկվել տարբեր դատարաններ՝ քննության։ Այսպես, անջատված մասով 4 մեղադրյալի՝ Գեւորգ Ղազարյանի, Հրաչյա Զաքարյանի, Մացակ  Արամյանի եւ Սամվել Մնացականյանի վերաբերյալ գործը դատարանում է՝ դատավոր Դավիթ Արղամանյանի վարույթում։ Նրանց՝ բոլորին, մեկ մեղադրանք է առաջադրված․ «մասնակցել են զանգվածային անկարգություններին՝ վնասել գույք»։ Նրանցից մեկի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառված, մյուս 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։

Նախաքննության ընթացքում մեղադրյալ Սամվել Մնացականյանի շահերը ներկայացրել է փաստաբան Հակոբ Ճարոյանը, որն էլ մեզ մանրամասներ հայտնեց այդ քրեական գործից․ «Այդ ժամանակ տարբեր դատավորների մոտ նույն օրը 9 հոգու վերաբերյալ կալանավորման միջնորդություն էին ներկայացրել, ոչ մեկին դատարանը կալանք չէր տվել, լրիվին բացակայելու արգելք էին տվել։

Իրականում մեղադրանքը շատ թույլ է, խոսքը բոլորի մեղադրանքների մասին է։ Կոնկրետ իմ պաշտպանյալինն ասեմ, թե ինչ է․ մտել է կառավարության շենք, աթոռ է շպրտել, ապակի է ջարդել, գույքային վնաս է պատճառել, դրա համար տալիս են կալանք․ սա է պատկերը։ Ընդ որում, 2020 թվականի դեպք է, դատարանն ասում է՝ էս մարդուն ինչի՞ կալանք տամ, երբ կանչել ես՝ եկել է եւ ոչ մի հակաօրինական գործողություններ չի արել»։

– Իսկ վնասի փոխհատուցման պահանջ կա՞։

– Ես որ պաշտպանում էի, այդ ժամանակ ասեցին՝ մի 30 հազար դրամ մուծվեք` վնասի ապահովում, մուծեցինք, ես չեմ պատկերացնում, որ դրանով որեւէ մեկին կալանք տան։ Չեմ պատկերացնում, որ մեկը դրանով դատվի։

– Այս գործի մասերն առանձնացվե՞լ են՝ տարբեր դատարաննե՞ր են ուղարկել։

– Խումբ-խումբ են անում, նայում են՝ իրար հետ կապ կա, մի կադրում միասին են եղել, առանձնացնում են, ուղարկում են դատարան, թե չէ՝ մասնակիցները շատ են։

– Այսինքն՝ միայն այս 9 անձը չէ։

– Չէ, շատ-շատ են, իմ կարծիքով՝ 30-40 հոգի կլինեն։ Իմ իմանալով՝ ոչ մեկն էլ կալանավորված չէ։ Իմ կարծիքով՝ սա պարզապես քնեցված գործ էր՝ ինչ-ինչ պատճառով վերաբացեցին։ Կոնկրետ Սամվելի մասին եմ ասում՝ հոյակապ մարդ է, մի քանի անգամ ուտելիք է տարել դիրքեր, հետո եկել է, ասել են՝ աթոռ ես շպրտել։