24/11/2025

Մահվան դեպքերը սպորտային տեսություններին խառնելն անբարոյականություն է

Կառավարության վերջին նիստի ժամանակ, խոսելով Վանաձորում հանրաճանաչ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի դպրոց կառուցելու մասին, Փաշինյանը տարօրինակ զուգահեռներ էր անցկացնում ֆիզկուլտուրայի դասերին մասնակցելու, «նորմալ» մարզադահլիճ ունենալու եւ բանակային ինքնասպանությունների միջև:

Հրապարակ թերթը գրել է․ Պատճառահետեւանքային կապն ուղղակի «հանճարեղ» էր. տղաները չունեն «նորմալ» մարզադահլիճ, նրանց մոտ էներգիա է կուտակվում, եւ հնարավոր է, նրանք` գնալով բանակ, ինքնասպանություն գործեն:

«Մենք շատ ենք սիրում խոսել մեր ողբերգությունների մասին, դա մեր ամենաքննարկելի թեման է, բայց մենք չենք նկատել այն ողբերգությունը, որ մեր երեխաների, աշակերտների մի ահավոր մեծ մասը դպրոցը ավարտում, ընդունվում, ավարտում է և այդպես էլ նորմալ ֆիզկուլտուրայի դահլիճ կամ նորմալ խաղադաշտ չունի։

Դա ողբերգություն չի մեզ համար, բացարձակապես ողբերգություն չի։ Դա ո՞նց է ազդել այդ երեխաների հետագա առողջության վրա, ո՞նց է ազդել հետագա կյանքի վրա, այո, ո՞նց է ազդում բանակում միջանձնային հարաբերությունների վրա, ո՞նց է ազդում ֆիզիկական վիճակի և մարտունակության վրա, ո՞նց է ազդում ինքնասպանությունների թվի վրա, որովհետև այդ ամենը մենակ մարմնական և հոգևոր, հոգեբանական պատրաստության մասին է, չէ՞, խոսքը։ Սա ողբերգություն չի, բացարձակապես, ո՞վ է խոսել ընդհանրապես սրա մասին, ոչ ոք», – հայտարարել է Փաշինյանը։

Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանը, որը երկար տարիներ զբաղվել է բանակում ինքնսպանությունների գործերով, բարոյական չի համարում «մահվան դեպքերը սպորտային տեսություններին խառնելը»:
«Նա շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունենում բանակում, ու լավ գիտի, որ ինքնասպանությունների դեպքեր ասածը իրականում ինքնասպանություններ չեն, այլ սպանություններ են: Բայց Փաշինյանն ու իր թիմը փորձում են ստել, խաբել ու իրենց մեղքերն այլոց վրա բարդել, եւ հիմա նոր մոտեցում է իրենց մոտ՝ իբր մտահոգված են այդ դեպքերով:

Այդ տեքստը, որը նա ասում է, ես համարում եմ բարոյական սահմաններից դուրս: Խոսքը պետության պաշտպանության տակ գտնվող, պետության կողմից ստանձնած կյանքի իրավունքը պաշտպանելու պարտավորության ներքո գտնվող զինվորների մասին է, եւ ամենատխուրն այն է, որ Փաշինյանն ու իր թիմի մեծամիտները կարծում են, թե իրենց արտահայտած մտքի գոհարները բոլորը պետք է ընդունեն: Որ այս երկրում էլ ոչ մարդ կա, ոչ խելք ու միտք: Ինքն է դա ասում, եւ վերջ», – ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը նկատում է, որ կեղծ ինքնասպանությունների գործերով անցնող երիտասարդներից շատերը գտնվել են մարզական լավ վիճակում, մասնակցել են 44 օրյա պատերազմին, ինչպես, օրինակ, 3 տարի առաջ բանակում մահացած Պարգև Մարգարյանը և Սարգիս Գրիգորյանը:

«Սուրեն Պապիկյանը չունի այնպիսի ֆանտազիա, ինչպես Փաշինյանը, որի մանիպուլյացիաները պարզ են: Մարդու մասին, զինվորի մասին իրենք մտածել չգիտեն», ասում է իրավապաշտպանը: