28/09/2025

Կողմերից որի՞ համար է Ալիևի միջնորդությունը դարձել չպահանջված

Իսրայելական մամուլը, հղում անելով արաբական աղբյուրներին, ենթադրում է, որ Իսրայելը և Սիրիան շատ մոտ են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի ստորագրմանը:

Ըստ այդմ՝ նախապես ծրագրված էր, որ մի քանի կետից բաղկացած փաստաթուղթը կստորագրվի սեպտեմբերի 24 –ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, բայց ԱՄՆ նախագահի առաջարկությամբ արարողությունը տեղի կունենան սեպտեմբերի 29-ին՝ Սպիտակ տանը՝ Դոնալդ Թրամփի, Բենիամին Նաթանյահուի և Ահմադ ալ-Շարաայի մասնակցությամբ:

Խոսքը, սակայն, իսրայելա-սիրիական համապարփակ կարգավորման մասին չէ: Ըստ տեղեկատվական արտահոսքի՝ կողմերն առայժմ քննարկում են անվտանգության փոխադարձ երաշխիքների հարցը: Նախատեսվում է Սիրիայի և Իսրայելի միջև հաստատել նոր բուֆերային գոտի:

Ընդ որում՝ Գոլանի բարձունքների թեման չի քննարկվում, Իսրայելը կշարունակի վերահսկել նաև Հերմոն լեռան վրա երկու հենակետերը, Սիրիան կպարտավորվի թույլ չտալ, որ իր տարածքն օգտագործվի Իսրայելի դեմ, ինչպես նաև կազմալուծել և զինաթափել իրանական ազդեցության խմբավորումները:

Ի՞նչ արդյունք կստացվի, առայժմ դժվար է կանխատեսումներ անել: Համաձայնագրի նախագծում կա կետ, որով Սիրիայի կառավարությունը պետք է ստեղծի ազգային փոքրամասնությունների «ներկայացուցչության մարմին՝ երկրի քաղաքական ամբողջականության շրջանակներում»: Ենթադրվում է, որ խոսքը քրդերի և դրուզնեի «ինքնավարության» մասին է:

Իսրայելական մամուլը հատուկ ընդգծում է, որ Սիրիայի հետ բանակցությունները «մեկնարկել են Աբու Դաբիում, ապա տեղափոխվել Բաքու, բայց շարունակվել Փարիզում, որտեղ էլ կողմերը հասել են առաջընթացի»:

Կողմերից որի՞ համար է Ալիևի միջնորդությունը դարձել չպահանջված՝ հայտնի չէ, բայց փաստ է, որ իսրայելա-սիրիական կարգավորման «խաղատախտակից» Ալիևը դուրս է մնացել: Ավելի վաղ ադրբեջանական փորձագիտական հանրությունը համոզված էր, որ Նաթանյահուի և ալ-Շարաայի հաշտեցումն Ադրբեջանի համար Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ քաղաքական դաշինքի ձևավորման գրավականն է:

Նախաձեռնությունը, ինչպես տեսնում ենք, անցել է Ֆրանսիային, իսկ ենթադրյալ հաջողությունները կարձանագրվեն Թրամփ-Նաթանյահու-ալ-Շարաա ձևաչափում: