Մերձավանում գիշերը հնչած կրակոցների վայրում առկա են տեսախցիկներ, որոնց ձայնագրություններն առգրավվել են:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նա հավելել է, որ հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք, ուժեղացված ծառայություն է իրականացվում սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու հիվանդանոցում, որտեղ գտնվում է վիրավորը:
Սարգսյանի խոսքով՝ կրակողը եղել է դիմակավորված, մոտեցել է, կրակոցներ արձակել ու դիմել փախուստի: Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ նշելով, որ ընթանում են քննչական և վարույթային մեծածավալ գործողություններ և որոշ հանգամանքներ, նախաքննության շահերից ելնելով, չեն հրապարակվում:
«Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն, այլ մանրամասներ այժմ չեմ կարող հայտնել»,- նշել է Սարգսյանը։
Հարցին՝ կա՞ն տվյալներ, որ սպանությունը վենդետա է եղել և կապ ունի ամիսներ առաջ նույն բնակավայրում տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է, որ քննարկվում են բոլոր վարկածները։
«Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»,- ասել է խոսնակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Տեղում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, հայտնաբերվել են նաև մեծ քանակի ինքնաձիգից կրակված փամփուշտներ:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների` մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր