27/09/2025

Առջևում անձրևներ են, իսկ թափուկի տրամադրումը սոցիալապես անապահով ընտանիքներին դեռ չի սկսվել

Ոսկե աշուն է, շուտով աշնանային, տեւական անձրեւները ցեխոտ, դժվարանցանելի կդարձնեն անտառային ճանապարհները, շատ կդժվարանա անտառի խորքից վառելափայտի, ուժեղ քամուց կամ բնական պատճառներով տապալված ծառերի թափուկի դուրսբերումը:

Հրապարակ թերթը գրել է․ Այդ ժամանակ անտառի խորքից թափուկը դուրս բերելու համար հարկ  կլինի օգտագործել մեծ անցողունակություն ունեցող տրանսպորտային միջոցներ, թրթուրավոր տրակտորներ, ինչը կավելացնի թափուկի տեղափոխման վառելիքի ծախսը։ Տավուշի մարզի սահմանամերձ, անտառամերձ բնակավայրերի հազարավոր ընտանիքներ դեռեւս ձմռան վառելափայտի անհրաժեշտ պաշար չեն ստեղծել։

Օգոստոսի 29-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանին հարցում էի արել․ «Այս տարի ե՞րբ, ո՞ր ամսին է սկսվելու Տավուշի մարզի անտառամերձ համայնքների բնակիչներին ինքնապատրաստումով, անվճար թափուկ վառելափայտի հատկացումը։ Վառելափայտի կարիք ունեցող ընտանիքներին մինչեւ քանի՞ խորանարդ մետր թափուկ վառելափայտ է հատկացվելու, Տավուշի մարզի ո՞ր բնակավայրերի ընտանիքներին է տրվելու թափուկը։ Տավուշի մարզի՝ Իջեւանի, Սեւքարի, Նոյեմբերյանի, Արծվաբերդի անտառտնտեսություններից քանի՞ խմ թափուկ է տրամադրվելու բնակիչներին»։

Սեպտեմբերի 15-ին Միրզոյանից ստացել եմ պատասխան․ «2025 թվականին բնակչությանը ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի տրամադրման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 29-ը։ Թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարեւանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը հաստատված է շրջակա միջավայրի նախարարի  2022 թ. դեկտեմբերի 01-ի N 419-Ն որոշման եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարարի 2022 թ. դեկտեմբերի 05-ի N23-N համատեղ հրամանով։ Համաձայն կառավարության 2011 թ. հոկտեմբերի 27-ի N1535-Ն որոշման՝ վերը նշված բնակավայրերի ցանկում ներառված յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է մինչեւ 8 խմ ծավալով անվճար թափուկ վառելափայտ։ Տրամադրման առաջնահերթությունը տրվում է թափուկ վառելափայտ ստանալու իրավունք ունեցող, ընտանիքների անապահովության  գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող անձանց։ Տավուշի մարզում 2025 թ. համար անվճար թափուկ վառելափայտի բացթողնման առավելագույն չափաքանակները, ըստ «Անտառտնտեսության» մասնաճյուղերի, հետեւյալն են․ Արծվաբերդի անտառտնտեսություն – 4500 խմ, Իջեւանի  անտառտնտեսություն – 2500 խմ, Նոյեմբերյանի անտառտնտեսություն – 5500 խմ, Սեւքարի անտառտնտեսություն – 4000 խմ, ընդամենը՝ 16500 խմ»։

Սեպտեմբերը վերջանում է, սակայն անտառամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին թափուկի անվճար  հատկացումը դեռ չի սկսվել, թեեւ, ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի, այդ գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 1-ից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տարբեր պատրվակներով գնահատման չափորոշիչները խստացնելով՝ տարեցտարի նվազեցնում է ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը, այդ թվում՝ անտառամերձ բնակավայրերում անվճար թափուկ վառելափայտ ստանալու առաջնահերթ իրավունք ունեցող ընտանիքների քանակը։ Ձմռան սկզբին՝ դեկտեմբերին, պարզ կդառնա, թե 16 500 խմ առավելագույն չափաքանակից որքան թափուկ վառելափայտ է տրվել Տավուշի մարզի անապահով ընտանիքներին։