Անկախությունն անանց արժեք է, որը պիտի փայփայել, նրան փոխանցել հոգուդ լույսը, ջերմությունը, հեւքը: Անկախությունն ինձ համար Արցախում ապրած դժվարին, բայց իմաստալից կյանքն էր։
Հիմա մտքերս, սիրտս թե հոգիս կիսատված են, երբ Հայաստանում եմ, բայց երազում եմ իմ գողտրիկ բնօրրանի հարատեւության ու խաղաղության մասին, որ ճոռոմ խոսքերով չլինի, ո’չ մուրալով եւ ո’չ էլ` աթոռապաշտության ձգտումներով։
Անկախությունը երկրի բարեկեցիկ կյանքն է, այն ջանադրությունը, շնորհիվ որի՝ ժողովուրդն ապրի ապահով ու անվտանգ, բարեկեցիկ ու լուսավոր ապագայի հավատով:
Որ համերգների, փառատոների, հանգստյան վայրերի այցելությամբ չորոշվի ժողովրդի ապրելակերպը, այլ նրանց հասանելի պատշաճ աշխատավարձով, նպաստով ու թոշակով, որ հասարակության ներսում բեւեռվածությունն այնքան խոր չլինի ու ճեղքվածքն՝ այնքան մեծ ունեւոր դասի եւ ընչազուրկների միջեւ։
Անկախությունը ոչ մի երկրում, առավել եւս՝ «ժողովրդավարության բաստիոնում», չի կարող լինել պառակտված ժողովրդի տեսքով, ո’չ էլ անտարբերորեն քողարկված նրա լռությամբ, երբ երկիր ու ազգայինարժեքներ են կորցնում:
Եվ ո’չ էլ կուսակցությունների բազմազանությունն է, որ քաղաքական հայացքների համար կամ անձնական վրեժխնդրությունից ելնելով՝ կարելի է մարդկանց ազատազրկել։
Անկախությունը հայրենիքը մաս-մաս հանձնելը չէ, ոչ էլ նահատակների հիշատակն աղարտելը, երբ որ հարկատուներին՝ ընդամենն իրենց քաղաքացիական պարտքն ու պարտականությունը կատարողներին, հերոսներ են հռչակում, իսկ Մեսրոպ Մաշտոցի դիմապատկերը հեռացնում են 4-րդ դարում նրա ստեղծած գրերը բովանդակող ուսումնական ձեռնարկից՝ Այբբենարանից, որը հայ դպրոցականի առաջին գիրքն է։
Անկախությունն մեզ համար Հայոց երկիրն է, որ դարերի խորքից է եկել, դարերի ճանապարհ անցել, հայոց պատմությունն է, հայկական մշակութը, ազգայինն ու հայկականը, որոնց ճակատագիրը նոր օրերում վտանգված են։
Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին է՝ մեր հավատի, միաբանության ու գոյապայքարի վերջին խրամատը, որն այսօր ՔՊ-ական իշխանության եւ, անձամբ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի՝ Նիկոլ Փաշինյանի թիրախում է:
Անկախությունն օդում կախված հասկացություն չէ, այն մեզ պատկերանում է Հայրենիքի սրբացված տեսքով, նրա սահմանների ամուր պաշտպանությամբ, հզոր բանակով, հայրենասեր եւ ուսյալ սերնդով, կրթության որակով, քաղաքացիական ու մարդկային բարձր գիտակցությամբ, հայ ժողովրդի հավաքական կերպարով, համայն հայության համախմբվածությամբ, համերաշխությամբ եւ միասնությամբ:
Այս շղթան չի ավարտվում, կարելի է երկար շարունակել: Հիշենք նաեւ մի հին իմաստնություն՝ ազատ չէ այն Անկախությունը, որն իշխողների կողմից շղթայված է։
Նատաշա Պողոսյան
Բաց մի թողեք
Համապարփակ ամոթ բոլորիս
Յոթուկես տարի է՝ նախկիններին է վերագրվում ՀՀ-ում ամեն վատ բան. Փաշինյանի պես անհայրենիք, անուս մեկի պաշտոնեական վերընթացը
Իմպիչմենտը քաղաքական դատավարություն է․ Փաշինյանն «ինչպես և ինչու է հանձնել Արցախը»