Նախկիններ-ներկաներ խոսույթը 2018-ի «թավշյա» իշխանափոխության արատավոր հետեւանքներից է, որը խոր արմատներ է ձգել հասարակության մեջ: Իշխանական եւ իշխանամերձ շրջանակները նախկինների գործոնն օգտագործում են որպես սեփական ձախողումները, սայթաքումները պարտակելու միջոց։
Յոթուկես տարի է՝ նախկիններին է վերագրվում ՀՀ-ում ամեն վատ բան՝ սկսած 1990-ականների վերջերին Մեղրիի շուրջ տարածքային փոխանակման օրակարգով Քոչարյան-Ալիեւ (ավագ) բանակցություններից, մինչեւ Արցախի հանձնում, երբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու համաձայնագիրը:
Նույնիսկ այս վերջին ակնհայտ փաստը իշխանական քարոզչամեքենան խեղաթյուրելով՝ հասցեագրում է նախկիններին՝ մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահին, որը պետական համակարգում արդեն ավելի քան քառորդ դար չի պաշտոնավարում: Այդ հանգամանքը, սակայն, ՔՊ-ական փոքրիկ խմբակին բնավ չի խանգարում պնդել ու իր կողմնակիցներին հավատացնել, որ Արցախը Ռոբերտ Քոչարյանն է հանձնել. «խեղճ Նիկոլը ի՞նչ անի, Ռոբն ու Սերժն են տվել Ղարաբաղը»: Իսկ հանդիպակաց հարցին, թե «այդ դեպքում ինչո՞ւ չէր Ալիեւը միանգամից վերցրել, այլ 12 տարի անց որոշել է պատերազմով նվաճել, իմաստը ո՞րն է»: ՔՊ-ականն այս հարցի պատասխանը չունի, ուսերն է թոթվում:
«Նախկինների» թեման իշխանությունների համար եւս մեկ կարեւոր գործառույթ ունի՝ հասարակությունը բաժանել թեւերի եւ նրանց միջեւ սերմանել փոխադարձ ատելություն, թշնամանք, ինչը թույլ կտա զանգվածներին դարձնել առավել կառավարելի: Այդ առումով «նախկին-ներկա» գծապատկերի ենթատեսակներից են նաեւ «հայաստանցի-ղարաբաղցի», «մենք-նրանք» խոսույթները, որոնք նույնպես լայնորեն կիրառվում են իշխանության կողմից՝ որպես ժողովրդի ուշադրությունը ներքին ու արտաքին մարտահրավերներից, օրվա հրատապ խնդիրներից շեղելու միջոց: Այսպես, իշխող քաղաքական համակարգը (այսինքն՝ «ներկաները») կարողանում է ճարպկորեն մանիպուլացնել իր նախորդների (այսինքն՝ «նախկինների») գործոնը:
Փաստացի՝ այս երկուսից որեւէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի, սրանք իրար արժեն: Հայտնի ասացվածքը մի փոքր վերափոխելով՝ կարող ենք ասել, որ «ներկան»՝ դա լավ մոռացված «նախկինն» է:
Բայց ժողովրդի մեծամասնությունը ոչինչ չի մոռացել. նա հավասարապես չի ընդունում ո՛չ նախկիններին եւ ո՛չ էլ, առավել եւս, ներկաներին, որոնք պարտության, կորուստների ու մահվան խորհրդանիշ են: ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու մեջ արմատացած այդ խոսույթը նրա կողմից ընկալվում է որպես ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա գործիչներից այլեւս ձերբազատվելու անբռնազբոս ցանկություն։
Հայաստանում այժմ գերազանցապես կա հասարակության կամ, ավելի ճիշտ, ազգի փոխակերպման սոցիալական պահանջ: Ընդ որում՝ խոսքը խորքային փոխակերպման մասին է:
Բանն այն է, որ հին ձեւով գործնականապես հնարավոր չէ եւ արդեն չի էլ ստացվի ապրել, իսկ ներկան անբարեհույս է, նվաստացուցիչ եւ հղի՝ ազգային ինքնության կորստով: «Նախկին-ներկա» խոսույթն իրականում անձանց մասին չէ, հին ու նոր կենսակերպերից, բարքերից, գաղջից հրաժարվելու եւ արմատական փոփոխություններ իրականացնելու մասին է՝ հասարակայնորեն պահանջված առողջ, անաղարտ մթնոլորտի ու բարենպաստ միջավայրի մասին:
Այդպիսի միջավայր չհաջողվեց ստեղծել հետանկախական շրջանի երեք նախագահներից եւ ոչ մեկին: Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ քաղաքական սերնդափոխության համակարգը կարոտ մնաց խնամքոտ ձեռքի:
Երկրում տիրող այսօրվա ծանր, անմխիթար վիճակը երեկվա ապականված միջավայրի արգասիքն է: Ինքնին հայաստանյան քաղաքական միջավայրի ցուցիչ է այն, որ հնարավոր դարձավ Նիկոլ Փաշինյանի պես անհայրենիք, անուս մեկի պաշտոնեական վերընթացը: Ամո՛թ նրա նախորդներին՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
«Հայացք Երեւանից»
Բաց մի թողեք
Համապարփակ ամոթ բոլորիս
Ազատ չէ այն Անկախությունը, որն իշխողների կողմից շղթայված է
Իմպիչմենտը քաղաքական դատավարություն է․ Փաշինյանն «ինչպես և ինչու է հանձնել Արցախը»