Թվում է` քաղաքային իշխանությունները խիստ են մտահոգված քաղաքի հիմնախնդիրներով, որոնք, մեղմ ասած, քիչ չեն (էլեկտրականության մատակարարում, ջրամատակարարում, ջրահեռացում, կոյուղի, ավտոկայանատեղիներ, տրանսպորտ, աղբանոցներ, կանաչապատում, օդի աղտոտվածություն, երթեւեկության խցանումներ…), այն աստիճանի են մտահոգված, որ, ասենք, երթեւեկության խցանումների դեմ պայքարի գործին ներգրավել են նույնիսկ դպրոցականներին` նրանց ստիպելով վաղ արթնանալ:
Իրականում, սակայն, այս եւ նման ուրիշ «ճիգերը» (կայանքի թանկացումներ, նոր նշաններ, երթեւեկության ուղղությունների փոփոխություններ) ձեւական են, կեղծավորություն, ոչինչ չեն փոխում, որովհետեւ քաղաքի խնդիրներով իսկապես մտահոգ իշխանությունը խնդիրներից արդեն խեղդամահ լինող քաղաքում այսքան շինթույլտվություն չէր շռայլի աջ ու ձախ, եւ սա՝ ոչ միայն ծայրամասերում, այլեւ հենց քաղաքի սրտում, ամենածանրաբեռնված փողոցներում:
Սրա վառ օրինակը Օրբելու՝ Բաղրամյանին հարող տարածքում երեք երեսուն, թե երեսունհինգ հարկանի երկնաքերերի արդեն թափով ընթացող շինարարությունն է, պատկերացնո՞ւմ եք` Օրբելի, Բաղրամյան, Կիեւյան, քաղաքի ամենաբեռնված փողոցներն են, որ այսօր արդեն դժվարանցանելի են, վաղը, երբ բնակեցվեն այս երեք գիգանտները, կդառնան լրիվ անանցանելի, իսկ Կոմիտասից եկող հոսքը կբախվի անասելի կուտակումների, այսինքն` իսպառ կխցանվեն մայրաքաղաքի երթեւեկության հիմնական երակները:
Սա կանխատեսելու համար հաշվարկների կարիք չկա, պարզ տրամաբանությունը լիովին բավարար է (հաշվարկները «հաշվարկվում» են երեւի թե քաղաքային իշխանությունների պատվերով` ի բավարարումն սեփական շահերի): Եվ այս տոտալ կառուցապատման վերջը չի երեւում, մի հսկա շենք էլ Բաղրամյանի վրա է պատուհասվում (Պռոշյանին հարող տարածքում), նաեւ` Կոմիտասի վրա (շուկայի հարեւանությամբ), սրան գումարենք արվարձանային թաղամասերի անսանձ շինարարությունները, եւ պարզ կերեւա, որ մի քանի տարուց քաղաքը վերածվելու է կատարյալ դժոխքի:
Թթվածնի պակասից շնչահեղձ լինող քաղաքում մի՞թե նպատակահարմար չէր լինի զսպել այս շինարարական մոլուցքը, շինարարության համար առանձնացրած տարածքները, գոնե մեկումեջ, տրամադրել կանաչապատմանը, ծառատունկին (խոսքն այն գաճաճ, նոսրասաղարթ, դեկորատիվ-թիթիզ ծառերի մասին չէ), ասենք` ի՞նչ կանաչապատման մասին կարող է խոսք լինել, եթե հաճախ հենց կանաչ տարածքներ են քանդվում, շնորհվում շինարարությանը (օրինակ` Դալմայի այգիները): Քաղաքապետարանի բյուջեն այսօր կլցվի, ոմանց գրպանները, կարծում եմ` նույնպես, բայց ի՞նչ է լինելու քաղաքի վիճակը…
Առհասարակ, քաղաքապետարանի ձեռնարկները կարծես թե իրար հետեւից ձախողվում են` մետրոյի «Աջափնյակ» կայարանը, դե, մշտապես խոստացվող-չիրականացող միֆ է, երբ հարցնես, կասեն՝ նախագծային փուլում է, տրանսպորտի խնդիրը, չնայած ուղեվարձի թանկացմանը, չի լուծվում (ի դեպ, «հարմարավետ» հորջորջվող չինական ավտոբուսները բնավ էլ հարմարավետ չեն, երեւի ամենաէժանագիններից են, խոտան ունեն` անդադար լխկլխկալով ցնցվում են` այս ու այն կողմ շպրտելով ուղեւորներին, ըստ ամենայնի` շատ արագ շարքից դուրս են գալու), աղբավայրի խնդիրը չի լուծվում` ժամանակ առ ժամանակ հրդեհվում է ու գարշահոտ ծխով ծածկում քաղաքը, թափառող շները «սեռազատումներից» հետո էլ ակտիվ սեքս են անում, ծննդաբերում-բազմանում, ոհմակներ կազմում ու տեռորի ենթարկում քաղաքացիներին, փողոցային առեւտուրը ծաղկում է, ծաղկում են նաեւ հանցավորությունը, թմրամոլությունը, խաղամոլությունը, մայթերով շարունակում են սուրալ «սամակատները»՝ ահաբեկելով անցորդներին։
Այս խնդրի լուծման համար կարծես թե ինչ-որ օրենք ընդունվեց, բայց ո՞վ է հետեւողը, ոնց կար` մնում է, ավելին` անպատժելիությամբ խրախուսված` «սամակատներին» են միացել հեծանիվները, նույնիսկ` մոտոցիկլետները, որ տռտռալով բարձրացել` գնում-գալիս են մայթերով․ ո՞վ պիտի սաստի, ո՞վ պիտի պահի կարգը… Եվ սա` ոստիկանական պարեկների գերառատության պայմաններում, ո՞ւր են նրանք, ինչո՞վ են զբաղված, նայում ես` չկան ու մեկ էլ հանկարծ հայտնվում են ու կատաղի շվշվոցներով կուտակվում խաչմերուկներին` ավելի խճճելով երթեւեկությունը, իբր` տեսեք, գործ ենք անում…
Այո, մայրաքաղաքն արագորեն վերածվում է դժոխքի, եւ այդ դժոխքում ապրելու ենք մենք` շարքային երեւանցիներս, ոչ շարքայիններն արդեն իրենց պատսպարաններն ունեն՝ տարբեր հով ու զով, անաղմուկ վայրերում, կթռնեն, կփրկեն իրենց, մե՞զ ով կփրկի, քաղաքն ո՞վ կփրկի…
Չի լինելու փրկություն, քանի դեռ լուռ ենք, անմասնակից, քանի դեռ թույլ ենք տալիս, որ մեզ հետ վարվեն` ինչպես փորձարարական կենդանիների հետ…
Գուրգեն Խանջյան
Բաց մի թողեք
Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին․ Լուսանկար
Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. Լուսանկարներ
Սամվել Կարապետյանի դատական նիստը արագացրել են, որ ակցիան դատարանի մոտ չկայանա․ Լուսանկար