15/10/2025

Եթե բոլոր գեներալներին էլ իշխանությունը ձերբակալի` հասարակությունը չի արձագանքի

ՀՀ վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ մերժվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը. դատավճիռը ստացավ օրինական ուժ, և նա պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնենք, որ նա մեղավոր է ճանաչվել զինվորական պաշտոնեական անփութության համար, որը պատերազմի ժամանակ անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել։ Վերջնական դատավճիռը՝ 5,5 տարի ազատազրկում, հաստատվեց Վերաքննիչ դատարանի կողմից հունիսի 18-ին։

Բայց ավելի ուշագրավ է հանրության արձագանքը. հայ քաղաքացին նախկինի նման չի ընդվզում, չի ասում «Մեր Ջալալն է, մեր հերոսն է,  ինչո՞ւ եք տանում»: Եվ եթե բոլոր գեներալներին էլ իշխանությունը ձերբակալի, կարծես հասարակությունը չի արձագանքի։

Սա վկայում է, թե որքան է իշխանությունը նսեմացրել հերոսներին, բանակը և հանրության վստահությունը: Ժողովուրդը, որը նախկինում պատրաստ էր պաշտպանել հայրենիքի պաշտպաններին, այժմ լռում է. իրենց լռության, չխոսելու ու իշխանության հետ գործարքի գնալու պատճառով հանրությունն  էլ չի պաշտպանում հերոսներին:
Սա բացահայտ ցույց է տալիս իշխանության ավերը, հասարակության պառակտումը և հերոսների արժեզրկումը։ 44-օրյա խայտառակ պատերազմից հետո իշխանությունը այս կերպ քանդում է բանակի հեղինակությունը և կուժն ու կուլան կոտրում  գեներալների գլխին, որպեսզի ինքը խուսափի պատասխանատվությունից։ Եվ սա միայն գեներալների հեղինակազրում չէ. Փաշինյանն ինքը եղել է գերագույն հրամանատար, և հենց նրա ղեկավարության շրջանում է տեղի ունեցել բանակի արժեզրկումը՝ պատասխանատվության խուսափմամբ։

Ավելին, հենց սա է նրանց ասած «Բանակի բարեփոխումը»՝ մի համակարգ, որտեղ չկա հերոս զինվորական, որի վրա հանրությունը դողա, և որտեղ «հերոսներն ու զինվորական հեղինակությունները» այլեւս չեն պաշտպանում իրենց երկրի պաշտպանությունը։