15/10/2025

Էջմիածնում ՔՊ-ն նոր տեխնոլոգիա է օգտագործում՝ սովորական քաղաքական թրաֆիքինգ է

Նոյեմբերի 16-ին նշանակված են Էջմիածին համայնքի ավագանու ընտրություններ: Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում խայտառակ պարտությունից հետո եւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությանը հաղթանակ է պետք:

Ուզում են ցույց տալ, որ իրենց վարկանիշն այնքան էլ ցածր չէ, որքան դրա մասին մտածում եւ խոսում են բոլորը, եւ, բացի այդ, ուզում են փորձարկել մի ընտրական տեխնոլոգիայի արդյունավետություն, որը կարող են կիրառել նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Փարաքարի ընտրություններում ընդամենը չորս մասնակից կար, եւ այդ պայմաններում անվիճելի հաղթանակ տարավ Վալոդյա Գրիգորյանը, որը ներկայացնում էր «Միասնություն» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիրը» գրեթե կրկնակի քիչ ձայն էր ստացել, քան հաղթող դաշինքը: Գյումրիում ընտրության մասնակից ուժերի թիվն անհամեմատ ավելի շատ էր` 9 մասնակից, այս պայմաններում ՔՊ-ն առաջատար էր` ստացել էր 36 տոկոս, տոկոսային հարաբերակցությամբ մոտավորապես այնքան, որքան ստացել էր Փարաքարում:

Գյումրիում եւս ընդդիմությունը կարողացավ կոալիցիա ձեւավորել եւ ՔՊ-ին դուրս թողնել քաղաքի կառավարումից: ՔՊ-ի համար այս 2 ընտրություններից հետեւությունն այն էր, որ իշխանությունն իր վարչական, քրեական եւ այլ ռեսուրսներով 33-36 տոկոս ձայն է կարողանում ապահովել, ինչը բավարար չէ իշխանություն ունենալու համար:

Որովհետեւ, երբ մնացած 65 տոկոսը հավաքվում է մի տեղ, կամ առանձին կտորներով կարողանում են միանալ` իշխանություն են ձեւավորում: Ուրեմն ի՞նչ է պետք անել. հնարավորինս մեծացնել ընտրության մասնակից քաղաքական ուժերի թիվը, դրանով փոքրացնելով նրանց` անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունը: Ահա՝ այս տարբերակն է փորձարկվելու Էջմիածնում:

Էջմիածին քաղաքի եւ համայնքի կազմում մտնող գյուղերի բնակիչներն ուղղակի զարմացած են այն ակտիվությունից, որ այժմ դրսեւորվում է իրենց շուրջ: Համայնքում ուղղակի մարդաորս է սկսվել` ոչ թե ընտրողների, այլ՝ ավագանու անդամի թեկնածուների որս:

Տարբեր քաղաքական ուժեր հանդիպում են համայնքներում քիչ թե շատ հայտնի, հեղինակություն վայելող մարդկանց հետ եւ նրանց առաջարկում մտնել իրենց նախընտրական ցուցակ, լինել քաղաքապետի կամ շարքային ավագանու թեկնածու: Մարդիկ, ովքեր քիչ թե շատ հասկանում են, թե ինչ է կատարվում, եւ ուր է տանում այս ամենը, հրաժարվում են մասնակցել ներկայացմանը, մյուսները, առաջնորդվելով տարբեր շահերով, համաձայնում են:

Ավագանու անդամի թեկնածու են դառնում ոչ թե այդ կուսակցության անդամները կամ համախոհները, այլ նախկինում այդ կուսակցության անունը չլսած ու գոյության մասին անտեղյակ մարդիկ, որոնց ուղղակի կարողանում են շահագրգռել կամ ազդեցության այլ լծակներով ստիպել, որ դառնան թեկնածու: Սա սովորական քաղաքական թրաֆիքինգ է:

Արդեն մեկ տասնյակից ավելի կուսակցություններ են հայտարարել, որ պատրաստվում են մասնակցել համայնքապետի ընտրություններին: Ընդ որում՝ այնպիսի կուսակցություններ են ի հայտ եկել, որոնք վաղուց մոռացվել էին հասարակության կողմից, որեւէ մասնակցություն չեն ունեցել վերջին 7-8 տարիների ընտրական գործընթացներին, շատերը նոր են ստեղծվել, եւ այս ընտրություններն իրենց առաջին փորձառությունն են:

Բացի ՔՊ-ից, բոլորն ընդդիմադիր են, պայքարելու են իշխանության եւ նրա թեկնածուի դեմ: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե ընտրություններին 15-20 կուսակցություն մասնակցի, իսկ դա միանգամայն ռեալ թիվ է, միայն 500-ից ավելի ավագանու թեկնածու կարող է լինել:

Հիմա այդ 500-ը բազմապատկեք այդ մարդկանց ընտանիքի անդամների, ծանոթ-բարեկամների, խնամի, համադասարանցիների թվի վրա եւ կստանաք 10 հազարից ավելի փոշիացող ձայն: Այդքան ընտրող, որ կարող էր գնալ ընտրության եւ քվեարկել ՔՊ-ի դեմ, ոչ ՔՊ-ական թեկնածուի օգտին, հիմա իրենց ձայնը տալու են ինչ-որ մարդկանց, ովքեր չեն ընտրվելու ավագանու անդամ, քանի որ իրենց ներկայացրած կուսակցությունը չի հավաքելու բավարար թվով ձայներ, արդյունքում ՔՊ-ին դեմ քվեարկած մարդկանց ձայները գումարվելու են հենց ՔՊ-ին` որպես ամենաշատ ձայն ստացած կուսակցություն, ինչի արդյունքում ՔՊ-ն ազատ եւ արդար ընտրությունների միջոցով դառնալու է հաղթող ուժ, Էջմիածինը, որ մերժում է ՔՊ-ին, ունենալու է ՔՊ-ական քաղաքապետ:

Էջմիածնում արդեն հանրային տրամադրություն կա, որ քաղաքական ուժերի նման մեծ մասնակցության, ՔՊ-ի դեմ միասնական ճակատ չկազմելու, ընդդիմադիր ընտրողների ձայները ջլատելու պատճառով իշխանության թեկնածուն հաղթելու է: Մարդիկ ասում են, որ եթե այդ կուսակցությունների եւ դրանց թեկնածուների իրական նպատակը ՔՊ-ին հաղթելն է, նրանք պետք է կարողանան ինչ-որ ֆորմատ գտնել եւ ընտրություններին միասնական ճակատով մասնակցել:

Այն արդարացումը, որ Էջմիածնում կարող են կրկնել Գյումրու տարբերակը, կեղծ է. ի տարբերություն Գյումրու, Էջմիածնում չկան այնպիսի ընդդիմադիր հեղինակություններ, ինչպես Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը կամ Ռուբեն Մխիթարյանն էին:

Ընտրություններին դեռ մեկուկես ամիս ժամանակ կա, եւ ընդդիմության համար եւս այս ընտրությունները փորձաքար են, հանուն առաջնային նպատակի` ՔՊ-ի պարտության եւ իշխանությունից հեռացման, մի կողմ դնելու երկրորդական հավակնությունները։