Ադրբեջանական Vesti-baku առցանց լրատվամիջոցը, հղում անելով իշխանության «միանգամայն վստահելի աղբյուրներին», սենսացիոն հրապարակում է արել, ըստ որի՝ ԱՊՀ երկրների Դուշանբեի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Իլհամ Ալիևին ասել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին «կանխել է նրա դեմ մահափորձը»:
Իշխանական աղբյուրները լրատվամիջոցին ասել են, որ նախագահի աշխատակազմի նախկին երակրամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևը «կապ է հաստատել Ռուսաստանի ազդեցիկ զինվորականների հետ և նրանց տեղեկացրել, թե որ ժամին է Իլհամ Ալիևի օդանավը Բաքվից թռչելու դեպի Սանկտ –Պետերբուրգ»:
Ըստ լրատվամիջոցի, Իլհամ Ալիևի օդանավի «GPS նավիգացիոն համակարգը պետք է ստանար կեղծ ազդանշաններ և կորցներ թռիչքի ավտոմատ կառավարումը»: Այդ հանձնարարությունը տրվել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովին, որ «նա փորձել է կատարել իր նախկին ենթակաների միջոցով»:
Վերջին պահին, սակայն, նախագահական ինքնաթիռի փոխարեն օդ է բարձրացել Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը, որին կես ժամ հետո հետևել է Ադրբեջանի թիվ մեկ բորտի թռիչքը: Եթե Իլհամ Ալիևը կես ժամով չուշացներ Սանկտ-Պետերբուրգ թռիչքը, ապա «հարձակման կենթարկվեր հենց նրա ինքնաթիռը»:
Որքանո՞վ է հավանական այս վարկածը, դժվար է ասել: Ադրբեջանական լրատվամիջոցները նույն օրը հայտնել են, որ Իլհամ Ալիևը, ստանալով Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի աղետի ենթարկվելու լուրը, «ընդհատել է դեպի Սանկտ-Պետերբուրգ թռիչքը և վերադարձել Բաքու»:
Դուշանբեում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման բաց մասում Իլհամ Ալիևը հրապարակայնացրել է, որ օդանավից հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ և տեղեկացրել, որ վերադառնում է Բաքու:
Տպավորություն է, որ Ալիևը Պուտինին «կրիզիս-հեռախոսազանգ» է կատարել, որպեսզի անձնական ապահովության երաշխիքներ ստանա և, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի նախագահը նրա խնդրանքը կատարել է:
Ինչ վերաբերում է նրա դեմ Ռամիզ Մեհթիևի «կազմակերպած մահափորձին», ապա վարկածը, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետը, որ հինգ տարի է՝ փաստացի տնային կալանքի տակ է և անկասկած նրա ցանկացած տեղաշարժ, հեռախոսային խոսակցություն հատուկ ծառայությունների կողմից ֆիքսվում է, հազիվ թե կարող էր որևէ մեկի միջոցով խափանել թիվ մեկ բորտի նավիգացիոն համակարգը:
Իսկ եթե այդպես չէ, ուրեմն Ադրբեջանի ԶՈՒ-ում կան Իլհամ Ալիևի մահը ցանկացողներ: Այս դեպքում արդեն նրան չի օգնի ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլև Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Բաց մի թողեք
Սեփական սեռը արու գրածին քաղաքապետ նշանակած թիմը բոցվում է տեխնիկական վրիպակի վրա․ Լուսանկար
Ի՞նչ է սպասվում Մեհթիևի ընտանիքի անդամներին, մասնավորապես՝ նրա որդուն, որ ուժային կառույցի փոխնախարար է
Ալիևին որքանո՞վ կհաջողվի ամեն ինչ պահել կառավարելիության ռեժիմում