26/10/2025

Ռուսաստանը Բերինգի թունելով «կվերադարձնի՞» Ալյասկան, թե՞ Չուկոտկան «կհանձնի» Միացյալ Նահանգների՞ն

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Բուդապեշտում հանդիպմանն ընդառաջ միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել, որ օոգոստոսի 15-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահն առաջարկել է Բերինգի նեղուցում «թունել կառուցել, որ Ալյասկան կկապի Չուկոտկային»:

Հոկտեմբերի 19-ին ԱՄՆ հետ առևտրա-տնտեսական համագործակցության վերականգնման բանակցություններում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրևը փաստացի հաստատել է, որ նման նախագիծ քննարկվում է:

Ըստ Դմիտրևի, թունելի երկարությունը կրկնակի գերազանցում է Ֆրանսիան Մեծ Բրիտանիային կապող «եվրաթունելին», այն գնահատվում է ութ միլիարդ դոլար, կառուցումը կարող է տևել շուրջ տասը տարի:

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը պարզաբանել է, որ թունելը նախատեսված կլինի ոչ միայն ավտոմոբիլային, այլև երկաթուղային հաղորդակցության համար: Խոսքը, նրա ներկայացմամբ ԱՄՆ-Կանադա-Ռուսաստան-Չինաստան երկաթուղային հաղորդակցության մասին է:

Ռուսաստանի համար տրանսպորտային այդ նախագիծն, անշուշտ, տնտեսական լուրջ նշանակություն կունենա: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ անդրուրալյան տարածքները գրեթե անմարդաբնակ են:

Միացյալ Նահանգները կարող են ներդրումներ կատարել, բայց, հավանաբար, Վաշինգտոնի համար ավելի կարևոր է Չինաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, որ, անկասկած, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կամրապնդի ԱՄՆ աշխարհաքաղաքական դիրքերը:

Այս հեռանկարում Ուկրաինայի ճակատագիրը Թրամփի համար, գուցե, այնքան էլ էական չէ: Մանավանդ որ Չուկոտկա-Ալյասկա թունելի ծրագիրը համեմատվում է Լամանշի՝ մայրցամաքային Եվրոպան Մեծ Բրիտանիային կապող հաղորդակցության հետ:

Ալյասկան Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին վաճառվել է նախանցյալ դարում: Պուտինի համար Ռուսաստան-Ալյասկա հաղորդակցությունը, թերևս, խորհրդանշական իմաստ էլ ունի: Բայց նկատի ունենալով կողմերի ներդրումային հնարավորությունների անհամաչափությունը, հարց է ծագում՝ Ռուսաստանը Բերինգի թունելով «կվերադարձնի՞» Ալյասկան, թե՞ Չուկոտկան «կհանձնի» Միացյալ Նահանգների՞ն:

Ամեն դեպքում այդ ծրագիրն ավելին է, քան՝ զուտ ՌԴ և ԱՄՆ-ի միջև «ցամաքային» ուղղակի կապի հաստատումը: