26/10/2025

Ալիևը քանդում է ՀԱՊԿ-ը, թե՝ ինքն է միանում ՀԱՊԿ-ին

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը սոցիալական X հարթակում Իլհամ Ալիևի Ղազախստան այցի առթիվ խիստ ուշագրավ գրառում է կատարել:

Հաջիևը վստահեցրել է, որ Ադրբեջան-Կենտրոնական Ասիա համագործակցության նախկին ձևաչափը «տարրալուծվել է և վերափոխվել միասնականության, որ արտացում է խորացված ինտեգրացիա, միասնական աշխարհաքաղաքական տարածքի կազմավորումը»:

Հաջիևի ձևակերպմամբ, ձևավորվել է «ժողովուրդների ընդհանուր պատմության, մշակույթի, սովորույթների և լեզվական հարազատության վրա հիմնված միասնական ճակատագիր»: Ադրբեջանի նախագահի օգնականի այդ պնդումները երկու առումով խնդրահարույց են:

Բանն այն է, որ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներից չորսը թուրքախոս են, մեկը՝ ոչ: Տաջիկստանը թե պատմությամբ, թե մշակույթով և լեզվով ընդհանուր ոչինչ չունի Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների հետ:

Հաջիևի երկրորդ՝ Ադրբեջան-Կենտրոնական Ասիա «միասնական աշխարհաքաղաքական տարածք կազմավորելու» թեզն առավել քան արտառոց է: Կենտրոնական Ասիայի երեք երկրները՝ Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ են, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Կենտրոնական Ասիա-Ադրբեջան «միասնական աշխարհաքաղաքական տարածք կազմավորելու» համար կամ Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը պետք է հեռանան ՀԱՊԿ-ից կամ Ադրբեջանը պետք է անդամակցի ՀԱՊԿ-ին:

Երկու տարբերակներն էլ աշխարհաքաղաքական առկա իրավիճակում անիրատեսական են: Մանավանդ որ բոլորովին վերջերս Դուշանբեում գումարվել է Ռուսաստան-Կենտրոնական Ասիա խորհրդաժողով, ինչն ակնհայտորեն վկայում է, որ Մոսկվան Կենտրոնական Ասիայում այլ ռազմաքաղաքական դաշինք չի հանդուրժի:

Ադրբեջանի նախագահի օգնականն, իհարկե, նման համարձակ գրառում չէր կարող անել՝ չունենալով Իլհամ Ալիևի համաձայնությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ նրանից հրահանգավորված չլինելով:

Գործնականում Իլհամ Ալիևի Ղազախստան պետական այցը կողմերի միջև ռազմավարական, աշխարհաքաղաքական նշանակության հրապարակային պայմանավորվածությունների չի հանգեցրել:

Ալիևը քաջ գիտի, որ Ղազախստանի նախագահը մոտ ապագայում պետական այց կկատարի Մոսկվա: Հիքմեթ Հաջիևի սոցցանցային գրառումն այդ իմաստով հասցեագրված է Վլադիմիր Պուտինին և շատ որոշակիրոեն բացահայտում է Տոկաև-Ալիև փակ բանակցությունների «ետնաբեմը»:

Մնում է հասկանալ՝ Ադրբեջանա-Կենտրոնական Ասիա «միասնական աշխարհաքաղաքական տարածքի կազմավորման» մասին տեղեկատվական արտահոսքով Ալիևը Պուտինից ապահովագրվո՞ւմ է, թե՞ նրա առջև բացում Տոկաևի «գաղտնիքը»: