25/10/2025

«Թուրք անվանվելուց» չվիրավորվող Փաշինյանին չեն վնասի նաև Ալիևի գովեստի խոսքերը

Պետական այցով Ղազախստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ բավականին ուշագրավ, առաջին հերթին՝ ռազմատենչ ու հակահայկական խոսույթից տրամագծորեն տարբերվող, հայտարարություններ արեց:

Դրանք հետաքրքրական էին նաև այն իմաստով, որ Հայաստանի համար որոշակի «հաճելի նորություններ» էին պարունակում, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մասին, պարզվում է, պիտի որ տեղյակ լինեին ՀՀ իշխանությունները:

Այսինքն, պարտավոր էին ու հաստատապես տեղյակ էին, որովհետև, դատելով Ալիևի հայտարարությունից, դրանցից մեկն այլևս փաստ է, բայց դրա մասին հաջորդիվ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ժամանակաշրջան է սկսվել։ Նախ, ելույթ ունենալով Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստում՝ հայտարարել է Ալիևը. «Այսօր նոր փուլ է սկսվում, ես նույնիսկ կասեի՝ նոր փուլ է սկսվել՝ խաղաղության փուլ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եվ վերջին բախումներից երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի բավականաչափ բարձր մակարդակ»։

Նա ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ նշելով, որ դա արժանի է ամենաբարձր գովասանքի, հընթացս «քաղաքական կամքի բարձր մակարդակ»-ից մի փոքր բաժին հանելով իր «համերկրացի» Փաշինյանին, ինչպես օրերս բնորոշել էր ԱՄՆ նախագահը:

Եթե ադրբեջանական մասմեդիայում, փորձագիտական շրջանակում հաճախ էինք հանդիպում Փաշինյանի մասին որոշակի դրվատական ձևակերպումների՝ մեզ հայտնի պատճառներով, ապա Ալիևի շուրթերից նման բան լսելն, անկեղծ ասած, զարմանալի է: Այդուհանդերձ՝ սա ակնարկ կամ ազդակ է՝ առաջին հերթին ուղղված Հայաստանի վարչապետին:

Կամ շնորհակալություն է հայտնում նրան «տնային առաջադրանքները գերազանց կատարելու» համար կամ հուշում՝ «ով աշխատի, նա՝ կուտի»: Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ Նիկոլը, վստահաբար, շարունակելու է անխոնջ ու անվերապահ կատարել Բաքվի պահանջները:

Ադրբեջանի նախագահը, սակայն, «համեղ ուտեստ» ուներ Հայաստանի համար, կամ, ինչպես ռուսներն են ասում՝ «Вишенка на торте»: Արդեն Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում նա ազդարարեց, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

«Պետք է նաև ասեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից (բնորոշումն իրենն է – խմբ.) ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը այլևս միայն թղթի վրա չէ, այլ նաև գործնականում», – հայտարարել է նա այնպիսի վերամբարձությամբ, որ կարծես շատ մե՜ծ «լավություն» է արել հայերին:

Պաշտոնական Երևանի արձագանքն, այս դեպքում, բացառիկ արագ էր. վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը շտապեց «դուրս գալ» Ալիևի «լավության» տակից․ «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։

Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ»։ Զավեշտ է, Ալիևից ենք առաջինն իմանում, որ Ադրբեջանի տարածքով հացահատիկ ենք ստացել Ղազախստանից:

Ադրբեջանի ղեկավարի «նորություններն» այսքանով չսահմանափակվեցին, պնդեց․ «Բացի նրանից, որ այժմ պլանավորում և իրականացնում ենք, «Զանգեզուրի միջանցքի» (բնորոշումն իրենն է – խմբ.) նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։  Ադրբեջանում բոլոր ճանապարհային և երկաթուղային կապերի աշխատանքները կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ դա նույն տեմպերով կիրականացվի նաև այլ երկրներում, որի դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը»:

Անկախ ռազմավարական այդ գերկարևոր հանգույցի վերաբերյալ թուրք-ադրբեջանական բնորոշումից, Սյունիքի ճանապարհ կասենք, թե «Թրամփի ուղի», մեկ բան ակնհայտ է, Ալիևի վերջին հայտարարությունները չեն կարող պատահականություն լինել: Դրանք, ամենայն հավանականությամբ, արվել են փոխադարձ ու մեզ համար հերթական «ցավալի ու աղետաբեր» պայմանավորվածությունների արդյունքում:

Եվ ոչինչ, որ առջևում Հայաստանում նոր խորհրդարանական ընտրություններ են, «թուրք անվանվելուց» չվիրավորվող Փաշինյանին չեն վնասի նաև Ալիևի գովեստի խոսքերը: Վերջին հաշվով, «համերկրացի» են, չէ՞ …