2023 թ․ ապրիլի 5-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան համայնքի Խաշթառակ գյուղի բնակիչներ, հայր եւ աղջիկ՝ Սամվել եւ Մարիաննա Հակոբջանյանների դատավարությունը։
Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թ․ օգոստոսի 16-ին, ժամը 14-ի սահմաններում Խաշթառակում իրեն պատկանող առանձնատանը, իր հանգիստը խանգարելու պատճառով, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է իր անչափահաս թոռան՝ 2014 թ․ հունվարի 13-ին ծնված Սերգեյ Անուշավանի Հակոբջանյանի դեմքին, ինչի հետեւանքով նա վայր է ընկել ննջասենյակի հատակին՝ գլխով հարվածելով բազմոցի ոտնակին, եւ ստացել է առողջության համար ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։
Երեխան ստացած մարմնական վնասվածքներից 2020թ․ օգոստոսի 25-ին Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է։ Բացի այդ, Ս․ Հակոբջանյանը 2020թ․ օգոստոսի 16-ի երեկոյան Խաշթառակում, իրեն պատկանող առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ փայտով մի քանի անգամ հարվածել է անչափահաս թոռանը՝ 2016թ․ սեպտեմբերի 19-ին ծնված Նաիրի Ղալումյանին, ապա վեր բարձրացրել նրան եւ գցել հատակին, վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։
Մորը՝ Մարիաննա Հակոբջանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մինչեւ 2020թ․ օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տարբեր կենցաղային առիթներով, դիտավորությամբ՝ ձեռքերով, ոտքերով, փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր անչափահաս երեխաներին՝ 2016թ․ ծնված Նաիրի Դավթի Ղալումյանին, 2014թ․ ծնված Նարե Դավթի Ղալումյանին, 2011թ․ ծնված Նարեկ Դավթի Ղալումյանին, 2018թ․ ծնված Նիկ Էդգարի Անտոնյանին, եւ եղբոր անչափահաս որդիներին՝ 2014թ․ ծնված Սերգեյ Անուշավանի Հակոբջանյանին, 2016թ․ ծնված Արտյոմ Անուշավանի Հակոբջանյանին։
Ս․ Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ (առողջությանը ծանր վնաս հասցնելը), 15-րդ կետերով, 167 հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 9-րդ կետերով եւ 196 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով (ֆիզիկական ցավ եւ տառապանք պատճառելը)։ Մ․ Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել 196 հոդվածի 2-րդ մասով։ Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
Այս գործով դատական շատ նիստերի Մ․ Հակոբջանյանը չի ներկայացել՝ պատճառաբանելով, թե դատարան ներկայանալու համար տրանսպորտի փող չունի։ Դատավոր Սամվել Մարդանյանը դատական նիստերը Բերդ քաղաքի նստավայրի փոխարեն Իջեւանի նստավայրում է նշանակել, որ Մարիաննան կարողանա ներկայանալ։ Որոշ նիստերի էլ Մարիաննան չի ներկայացել հղիության պատճառով։
Դատական վերջին նիստը կայացել է սույն թվի հոկտեմբերի 15-ին, հաջորդը նշանակված է նոյեմբերի 14-ին:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում եմ, որ երկրորդ խմբի հաշմանդամ, 8-ամյա կրթությամբ միայնակ մայր՝ 1992թ․ ծնված Մարիաննա Հակոբջանյանը նախկինում դատվել է սուտ մատնության համար։ Նա 2015 թ․ հուլիսի 25-ին կատարել է սուտ մատնություն, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թ․ լույս 23-ի գիշերը Իջեւանի բնակիչներ Վ․ Ա․-ն, Ա․ Ի․-ն, Ա․ Խ․-ն եւ Ն․ Ի․-ն Իջեւանի ավագ դպրոցի հարակից տարածքում գտնվող շինությունում իր նկատմամբ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքով, իր կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ: Իսկ 2016 թ․ հունվարի 13-ին ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ մատնություն է կատարել՝ բացատրություն տալով, թե Իջեւանի Բլբուլյան 2-րդ նրբանցքի բնակիչ Ս․ Ս․-ն իր բնակարանը, պոռնկությամբ զբաղվելու համար, 2015 թ․ հուլիսի 4-ից մինչեւ 2016 թ․ հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տրամադրել է իրեն: 2017թ․ հունվարի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Մ․ Հակոբջանյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` երեք դրվագով, եւ 333 հոդվածի 1-ին մասով, եւ դատապարտել ազատազրկման մեկ տարի ժամկետով, սակայն կիրառել է Քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` փորձաշրջան նշանակելով մեկ տարի ժամկետով:
Խաշթառակից տեղեկացա, որ Մարիաննա Հակոբջանյանի անչափահաս 3 երեխաներն այժմ գտնվում են «ՍՕՍ-Մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղում, եւս մեկը՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը։ Մարիաննայի եղբոր՝ Անուշավանի կինը մահացել է, նրա անչափահաս երեխան այժմ ապրում է Սյունիքի գյուղերում մեկում՝ խնամակալի տանը։ Մ․ Հակոբջանյանը ներկայում ունի քաղաքացիական ամուսին եւ մի քանի ամսական երեխա, նա Երեւանի մոտակա բնակավայրերից մեկի սննդի օբյեկտում աման լվացող է աշխատում։






Բաց մի թողեք
Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառի տարածքում գտնվող կոշիկի պահեստում․ Լուսանկարներ
Իշխանությունն օհանավանցիներին խոստացել է կարկուտի դեմ պաշտպանիչ ցանցեր տրամադրել՝ կարգալույծ քահանային աջակցելու դեպքում
Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա տղայի մարմին