25/10/2025

Սա ահաբեկելու փորձ էր՝ ուղղված ոչ միայն նրան, այլև մյուս քաղաքական ուժերին՝ նախազգուշական մեսիջ

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անդրադարձավ Գյումրու քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը։

Նրա խոսքով՝ եթե քաղաքապետին պատշաճ կերպով ծանուցեին, նա անպայման կներկայանար քննությանը։ Գրիգորյանի կարծիքով՝ տեղի ունեցածը նպատակ ուներ ցուցադրական բնույթ ունենալ. «Սա ահաբեկելու փորձ էր՝ ուղղված ոչ միայն նրան, այլև մյուս քաղաքական ուժերին՝ նախազգուշական մեսիջ տալու համար»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք նրա ֆեյսբուքյան գրառումը կապված էր Վարդան Ղուկասյանի հետ։ Գրիգորյանը պատասխանեց, որ այն Ղուկասյանին չէր վերաբերում. «Ես սովորություն չունեմ դժվար իրավիճակում գտնվող մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելու։ Գրառման իմաստը կապված էր նախընտրական շրջանում արված կանխատեսումների հետ։ Տարբեր լրագրողներ ու բլոգերներ փորձել են ինձ ներգրավել քաղաքական քննարկումների մեջ, երբ ես զբաղված էի հանդիպումներով ու բանակցություններով։ Այդ ժամանակ ես մի քանի քաղաքական ուժերի և գործիչների զգուշացրել էի, որ նման իրավիճակ կարող է առաջանալ»։

Գրիգորյանը հավելեց, որ իր գրառումը պարզապես արձագանք էր այն ամենին, ինչ նախապես կանխատեսել էր քաղաքական զարգացումների վերաբերյալ։