26/10/2025

ՔՊ նախընտրական ցուցակի քաստինգը սկսված է` «ով ավելի նողկալի կլինի» անվանակարգի համար

2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ, իշխանությունը հստակ մարտավարական գիծ է որդեգրել՝ «ստրախ գանյատ» անել քաղաքական օպոնենտների, Հայ առաքելական եկեղեցու, շարքային քաղաքացիների շրջանում։

Հրապարակ թերթը գրել է․ Ոմանց բանտ նստեցնել, ոմանց հոգեբանական տեռորով խեղճացնել, երկրում ձեւավորել վախի եւ ապատիայի մթնոլորտ, որպեսզի համապետական ընտրություններին ժողովուրդը հիասթափված լինի, հույսը կտրած, որ իր քվեով կարող է բան փոխել երկրում, ուստի մի կողմից չմասնակցի ընտրություններին, մյուս կողմից՝ հիասթափվի բոլոր թեկնածուներից, եւ ՔՊ-ի ընտրվելու շանսերն ինքնաբերաբար մեծանան։

Որքան շատ հուսահատված մարդ լինի երկրում եւ որքան քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան իշխանությունը՝ իր կայուն էլեկտորատով, ավելի բարձր տոկոսներ կխփի։

Ասում են՝ իշխանության անցկացրած բոլոր սոցհարցումներով անգամ ՔՊ-ի լավագույն արդյունքները չեն գերազանցում 20 տոկոսը, բայց տարբեր տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է այդ թիվը բարձրացնել։

Իսկ եթե մի հատ էլ արբանյակ կուսակցություն անցկացնեն, ասենք՝ Արամ Զավենիչին կամ արեւմտամետների ինչ-որ խառը դաշինք, իշխանությունը պահելու հարցը կարելի է լուծված համարել։

Վերջին օրերի գործողություններով, ըստ էության, իշխանությունը նպատակ ունի այս սցենարը փորձարկել Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում։ Նոյեմբերի 16-ի ընտրություններից հաշված օրեր առաջ Գյումրու ընտրված համայնքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելով՝ մեսիջ են հղում էջմիածինցիներին, որ զուր մի կոտորեք ձեզ, ընտրություններին մի մասնակցեք, միեւնույն է՝ ամիսներ հետո իշխանությունը «խմբագրելու» է ընտրությունների արդյունքները, ինչպես ժամանակին արեց Վանաձորում եւ Ալավերդիում, ինչպես մի տարի առաջ եւ հիմա անում է Գյումրիում։

Եթե հաջողեն, չի բացառվում, որ ճնշումներն էլ ավելի մեծացնեն եւ գնան արտահերթ ընտրությունների։

Այս ծրագիրը կյանքի կոչելու ընթացքում, ինչպեսեւ սպասվում էր, ՔՊ-ում հրմշտոց է սկսվել՝ ով ավելի անձնվիրաբար եւ ստրկամտորեն կծառայի իրենց վերարտադրության սուրբ գործին, ով ավելի ցինիկ ու նողկալի կլինի, ով ավելի խայտառակ հայտարարություններ կանի օրենքի եւ իրավունքի դեմ, ով ավելի շատ կքծնի Նիկոլ Փաշինյանին` նպաստելով կեղտոտ մթնոլորտի ձեւավորմանը։

ՔՊ-ում հատկապես քննարկում են ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գերակտիվությունը: Մարդ, որը նշանակված է Թուրքիայի հետ բանակցող, բայց վերջին օրերին այնպիսի անհավասարակշիռ, անադեկվատ պահվածք է դրսեւորում, որից պարզ է դառնում, թե ինչու են մեր արտաքին քաղաքականությունը, Թուրքիայի հետ հարաբերությունները շրիշակից ցածր մակարդակի վրա հայտնվել։

Նա բոլոր հարցերի մասնագետ է, իր կարծիքն է հայտնում թե՛ Եկեղեցու դեմ պայքարի ժամանակ, թե՛ ընդդիմադիր համայնքապետերի, թե՛ անկախ մամուլի, այդ թվում` «Հրապարակի»։ Երեկ էլ ցինիկացել էր «Պատիվ ունեմ»-ի ներկայացրած իմպիչմենտի համար հող նախապատրաստող նախագծի քննարկման ժամանակ։

Ռուբինյանը գերազանցում է անգամ երբեմնի ՔՊ ԲՏՌ-ներին՝ Վահագն Ալեքսանյանին, Գեւորգ Պապոյանին, Արթուր Հովհաննիսյանին։ Վարդան Ղուկասյանի «դատավճիռը» դեռ նախօրեին կնքած՝ նրան կաշառակեր հռչակած Ռուբինյանը երեկ ծաղրում էր «Պատիվ ունեմ»-ի ներկայացրած նախագիծը, ասում էր, թե «սիրով կհանդիպի» Մամիջանյանի հետ, բայց՝ Հանրապետականի «ինքնալուծարման օրակարգի շուրջ»։

ՔՊ նախընտրական ցուցակի քաստինգը սկսված է` «ով ավելի նողկալի կլինի» անվանակարգի համար բազում թեկնածուներ են մարտնչում։