Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը։
Մանուկյանը հարց բարձրացրեց՝ «Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ո՞վ է՝ Իլհամ Ալի՞ևը, թե՞ Գևորգ Պապոյանը»։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր՝ ղազախական ցորենը առաջին անգամ Ադրբեջանով է ուղարկվելու Հայաստան, իսկ դրանից հետո Պապոյանը նույն տեղեկատվությունը կրկնել է՝ առանց հայկական կողմի նախաձեռնությամբ հայտարարելու։
Պատգամավորը նշեց, որ նման իրավիճակներում տեղեկությունը պետք է առաջինը հայտարարվի Հայաստանի կողմից։ Նրա խոսքով՝ սկզբնական պահին տպավորություն էր, թե ցորենը երկաթգծով է տեղափոխվելու՝ անցնելով Իջևանով, սակայն հետագայում պարզվել է, որ այն Վրաստանի տարածքով է մտնելու Հայաստան։
Մանուկյանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանի ինքնաթիռները արդեն օգտագործում են Հայաստանի օդային տարածքը՝ ընդգծելով, որ նման զարգացումները վտանգավոր նախադեպ են ստեղծում։
Նա հավելեց, որ դեռևս 1993-ին Թուրքիան փակեց Հայաստանի սահմանը, և այժմ պետք է զգուշավոր լինել՝ չկրկնելու նույն սխալները. «Պատրաստ եմ ցանկացած բան անել, եթե որևէ մեկը հստակ ու հոդաբաշխ բացատրի, թե ինչպես և երբ են այս համաձայնությունները ձևավորվել։ Բայց ես վստահ եմ, որ ոչ ոք ճշգրիտ չի կարող պատասխանել, քանի որ բոլորը պարզապես կրկնում են լսած կլիշե արտահայտությունները»:






Բաց մի թողեք
Որտեղի՞ց է մարդը վերցնում այս անհեթեթ մտքերը, հայկական կոնյակ կա և իրավունք ունի լինելու
Ում համար և ինչ նպատակով են նոր վերելակ կառուցելու ԱԺ-ում․ Կառավարությունը հաստատել է որոշումը
Սկզբից հանձնում ես Արցախի հեկտարներով ցորենի մշակվող դաշտերը, հետո ուրախանում, որ Ադրբեջանով ցորեն ես ներկրելու