Ադրբեջանական իշխանամերձ մամուլում տեղեկություն է տարածվել, որ «հետաքննվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի և Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի հակապետական համագործակցությունը»:
Ըստ նույն աղբյուրների, որ պաշտոնապես դեռևս չեն հաստատվել, 87-ամյա Մեհթիևին ներկայացվել է իշխանությունը բռնությամբ զավթելու, սահմանադրական կարգը տապալելու փորձի և պետական դավաճանության մեղադրանք, նա հարցաքննվել է: Վարույթն իրականացնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:
Մեհթիևի և Քերիմլիի համագործակցության առթիվ «Մայր հայրենիք» կուսակցության առաջնորդ Ֆազայիլ Աղամալին մամուլին ասել է, որ նրանք «օգտագործել են վտարանդի լրագրողներին և Ադրբեջանի իշխանությունների, նախագահ Իլհամ Ալիևի մասին սոցիալական ցանցերում վարկաբեկիչ նյութեր տարածել»: Աղամալին պնդել է, որ Քերիմլին Նեհթիևի «հովանոցի տակ է գտնվում 2003 թվականից»:
Ադրբեջանցի մի շարք ուսումնասիրողներ բազմիցս նշել են, որ Ժողճակատ շարժումը կազմավորվել է Հեյդար Ալիևի հովանու ներքո, իսկ անմիջական վերահսկողություն իրականացրել է ՊԱԿ-ի գեներալ Վիկտոր Պոլյանիչկոն, որ 1988 թվականին նշանակվել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար:
Քաղաքագետ Զադուշտ Ալիզադեն «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում վկայում է, որ կուսակցական պաշտոնից հեռացված Մեհթիևը պարբերաբար հանդիպումներ է ունեցել Աբուլֆազ Էլչիբեյի՝ Ժողճակատ շարժման առաջնորդի, հետ՝ կատարելով Հեյդար Ալիևի հրահանգները:
Բաց աղբյուրներում բազմաթիվ վկայություններ կան, որ Այազ Մութալիբովի պաշտոնանկությունը կազմակերպել է Ժողճակատը, որպեսզի Հեյդար Ալիևի համար իշխանության վերադարձի ճանապարհ հարթվի: Ի վերջո, 1993 թվականի ամռանը Հեյդար Ալիևը իշխանության է վերադարձել Էլչիբեյի հրաժարականի շնորհիվ:
Ըստ երևույթին, Մեհթիևի կալանավորումը Բաքվում քաղաքական քննարկումների առիթ է տվել: Բացառված չէ, որ նրա հանդեպ Ալիևի վերաբերմունքը համարվում է «երախտամոռություն»: Այդ տպավորությունը ցրելու համար էլ, հավանաբար, թիրախավորվում է Ժողճակատի առաջնորդ Քերիմլին, որ Էլչիբեյի կառավարությունում պետական քարտուղարի պաշտոն է զբաղեցրել և ալիևյան իշխանափոխության մանրամասնություններին, անկասկած, լավատեղյակ է:
Մամուլի հրապարակումներն, ամենայն հավանականությամբ, զգուշացում են, որ եթե նա անցնի զգայուն բացահայտումների, ապա կհայտնվի Մեհթիևի վիճակում: Այդուհանդերձ, մեծ է հավանականությունը, որ Ալիևի համար ստեղծվի բավական բարդ ներքաղաքական կացություն:






Բաց մի թողեք
Թուրքիան փաստացի մտել է նախընտրական շրջան` Էրդողանի պարտությամբ
Պուտինը կկորցնի Չինաստանի հովանավորությունը
Ադրբեջանական «խաղաղարարությունը» կարող է վտանգել նաև իրանա-ադրբեջանական հարաբերությունները