25/10/2025

Դա անվտանգության երաշխիք կլինի՞, թե՞ սպառնալիք

Բողոքելով աներոջ՝ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու դեմ, Գյուրմրիի առաջին փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ասել է, որ իշխանությունները խեղաթյուրում են քաղաքապետի խոսքերը, նա ասում է՝ միություն կազմենք հզորների հետ, ասում են՝ ուզում եք Հայաստանը գուբեռնյա դառնա:

Խոսքը Ռուսաստան – Բելառուս միութենական պետությանը Հայաստանի միանալու մասին է: Նախ՝ Հայաստանի սահմանադրությունը և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը քաղաքապետին, համայնքի ղեկավարին չի օժտում երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող գործունեություն ծավալել կամ քարոզչություն իրականացնել:

Երկրորդ, միութենական պետության մասին ռուս-բելառուսական պայմանագիրն ստորագրվել է 1999թ. դեկտեմբերի 8 –ին, հինգ օր հետո՝ դեկտեմբերի 13-ին վավերացվել ՌԴ պետական դումայի կողմից:

Ընդ որում, պայմանագիրը խորհրդարանի ստորին պալատի վավերացմանը ներկայացրել է այդ պահի դրությամբ Ռուսաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Վլադիմիր Պուտինը:

Այդ փուլում և հետագա ութ տարիներին Հայաստանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանը, հաջորդ տասնամյակում՝ Սերժ Սարգսյանը: Ազգային ժողովում նրանք ունեցել են կամ բացարձակ, կամ կոալիցիոն մեծամասնություն:

Հարց է ծագում, շուրջ քսան տարվա ընթացքում Քոչարյանը կամ Սարգսյանը երբևէ Մոսկվայի և Մինսկի հետ շփումներում միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարց բարձրացրե՞լ են:

Երրորդ, Քոչարյան-Սարգսյան իրավահաջորդ պաշտոնավարման երկու տասնամյակներին Վարդան Ղուկասյանը մի փուլում Գյումրիի քաղաքապետ է եղել: Նա Հայաստանի նախագահ Քոչարյանի կամ Սարգսյանի հետ այդ հարցով քննարկում ունեցե՞լ է, որևէ նախաձեռնություն ցուցաբերե՞լ է: Եթե՝ այո, ապա ի՞նչ արդյունքի է հասել: Եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ է այսօր «հզորների հետ միություն կազմելու» քարոզչություն սկսել:

Չորրորդ, Հայաստանը միութենական պետության երկու սուբյեկտների՝ Ռուսաստանի և Բելառուսի, հետ ընդհանուր սահման չունի: Միութենական պետությանն անդամակցելու քարոզիչները գործնականում ինչպե՞ս են պատկերացնում դա: Հայաստանը պետք է Կալինինգրադի մարզի «կարգավիճա՞կ» ունենա:

Եվ, վերջապես, Հայաստանի երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի, համար ոչ միայն միութենական պետությունը, այլև Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայությունն է անընդունելի: Ու եթե Հայաստանը «միանա հզորներին»,- այդ դեռ հարց է՝ նրանք դա ցանկանո՞ւմ են, – ապա դա անվտանգության երաշխիք կլինի՞, թե՞ սպառնալիք: