Դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները հայտնվել են ծանր վիճակում․ նրանց վրա տարածվում է ՌԴ իշխանությունների սահմանած մուտքի ժամկետը` մեկ տարվա ընթացքում ընդամենը 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն, ինչը նշանակում է, որ շատ վարորդներ արդեն լրացրել են այդ 90 օրը, եւ ոմանց անգամ արտաքսել են արել երկրից, իսկ նրանց հաջորդ մուտքը կարող է լինել հաջորդ տարի կամ 5-10 տարի անց, նայած, թե ինչքան ժամկետով են արտաքսվել երկրից:
Իսկ բեռներ փոխադրող վարորդի համար դա նշանակում է երկար ամիսների պարապուրդ եւ վաստակից զրկվել: Նրանք արդեն մի քանի շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են անում կառավարության շենքի դիմաց։ Նախօրեին փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեպի Բագրատաշենի անցակետ, նաեւ` Բավրա եւ Գոգավան անցակետեր տանող ճանապարհները։
Մի ակցիա էլ արեցին Ռուսաստանի դեսպանատան մոտ, սակայն հարցը չի կարգավորվում, որովհետեւ ՀՀ կառավարությունը եւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը որեւէ հարց լուծելու անընդունակ են: Ի դեպ, միջինասիական երկու պետություն` Ղազախստանն ու Ղրղզստանը, լուծել են այդ հարցը, եւ այդ սահմանափակումը նրանց քաղաքացիների վրա չի տարածվում:
Ռուսաստանի օրենսդրական այդ փոփոխությունները վերաբերում են ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը չի նշվում: ՌԴ-ում տարվա ընթացքում գումարային 90 օր մնալու իրավունքը վերաբերում է ուղեւորափոխադրում եւ բեռնափոխադրում իրականացնողներին։
Բեռնափոխադրող վարորդների խնդրի հետ կապված՝ Գեւորգ Պապոյանը խորհրդարանում ասել էր, թե զբաղվում են այդ հարցով, բայց դեռեւս ոչ մի տեղաշարժ չկա։
Պապոյանն ասել էր. «Հայաստանի կառավարությունն առաջարկով պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար ՌԴ-ում գտնվելու 90 օրվա ժամկետը փոխարինվի 180 օրով՝ մեկ տարվա ընթացքում։ ՌԴ մեր գործընկերները կիսում են մեր մտահոգությունները, եւ, իմ տեղեկություններով, արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է օրենսդրական նախաձեռնություն, որն այդ խնդրի լուծմանն է ուղղված»։
Հայաստան-Ռուսաստան ճանապարհին գտնվող «ֆուռի» վարորդներից մեկը` Մացոն, մեզ հետ զրույցում մեր հարցին, թե ինչ իրավիճակ է հիմա, արդյո՞ք ճանապարհը բաց է, եւ անարգել մեկնում են Ռուսաստան, ասաց` այսօրվանից բաց են անցակետեր տանող ճանապարհները. «Այսօր մենք բացել ենք անցակետերը, իրենց հունով աշխատում են։ Մեզ պատասխանել են, որ հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ նիստ ա, զբաղվում են։ Սա միայն վարորդների խնդիրը չէ, մի շաբաթում 200 վարորդի են դեպորտ արել` 5-10 տարով»։






Բաց մի թողեք
Նրանք ուզում են գողանալ հոգևորների հոգին՝ տաճարը դարձնելով աշխարհիկ կլուբ
Որքան շատանում են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են