26/10/2025

Կարգալույծ լինելուց հետո նրա բոլոր քայլերն անընդունելի են․ Տեր Զարեհ քահանա

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ նախօրեին կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն՝ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաեւ Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը:

Հրապարակ թերթը գրել է․ Ըստ հայտարարության՝ Տ. Արամ քահանա Ասատրյանը «Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին: Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատեւել է կարգազանց ընթացքի մեջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց: Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաեւ իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»: Մայր Աթոռը հաղորդել է, որ այսուհետ Արամ քահանա Ասատրյանը կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

Այս որոշումը, որը, ի դեպ, վաղուց էր հասունացել, փոթորկել է «Քաղպայմանագիր» կուսակցությանը եւ իշխանամերձ շրջանակները: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, օրինակ, գրել էր․ «Խստորեն դատապարտում եմ Կտրիճ Ներսիսյանի հերթական հակաեկեղեցական քայլը: Տեր Արամին կարգալույծ անելը որեւէ կերպ արդարացված չէ եւ Կտրիճ Ներսիսյանի ապօրինի ճնշումների մաս է: Կտրիճ Ներսիսյանը ոչ միայն պիտի լքի վեհարանը, այլեւ հենց ինքը պիտի կարգալույծ արվի»:

Կարգալույծ արված քահանա Տեր Արամն էլ իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր. «Այսօր առավոտյան Կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբի հետ (մինչ այդ շուրջ մեկ ամիս խնդրել եմ ինձ ներկայացնել Հանձնախմբի հետ հանդիպելու նպատակը), եւ իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է հայտնի «տնօրինության» որոշումը։ Երանի թե նույն արագությամբ պատասխանեին, թե ինչու Հանձնախումբը նվազագույնը երկու տարի չի արձագանքել Կաթողիկոսի կարգապահական խնդրահարույց ընթացքին»։ Ապա կարգալույծ եղած հոգեւորականը հայտարարեց, թե կիրակի օրը Սուրբ Հովհաննավանքում պատարագ է մատուցելու, իսկ վարչապետը հայտարարեց, որ մասնակցելու է այդ պատարագին: Ու ՔՊ-ում սկսեցին մարդ հավաքել, որ գնան Օհանավան:

Բայց ինչպե՞ս կարող է կարգալույծ արված հոգեւորականը պատարագ մատուցել: Դա նույնն է, թե լիազորությունները դադարեցված դատավորը մարդ դատի, թոշակի գնացած մանկավարժը դպրոցում աշակերտներ կրթի:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը «Հրապարակի» հետ զրույցում զերծ մնաց կոնկրետ գնահատականներ հնչեցնելուց, սակայն վստահեցրեց, որ կարգալույծ հռչակված որեւէ հոգեւորական չի կարող հոգեւոր ծես, պատարագ մատուցել, քանի որ կարգալույծ արված քահանան այլեւս հոգեւորական չի համարվում, ուստիեւ չի կարող հոգեւոր ծառայություններ մատուցել: Մենք մի քանի հարց ուղղեցինք նաեւ Տեր Զարեհ քահանա Աշուրյանին:

– Տեր Հայր, կարո՞ղ է կարգալույծ արված հոգեւորականը պատարագ մատուցել:

– Ոչ, եթե այդպես է, ապա խոսքը կամայականության մասին է: Յուրաքանչյուր հոգեւորական ունի հնազանդության ուխտ եւ չպետք է մոռանա, որ այն իշխանությունը, որն իրեն որպես քահանա օծել է, կարող է կարգալույծ հռչակել: Ինչպես ասվում է Ավետարանում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում»:

– Հայ առաքելական եկեղեցին չունի անվտանգության ծառայություն, հասկանալի է, որ ոստիկաններն էլ հլու-հնազանդ ծառայում են օրվա իշխանությանը: Երբ հոգեւորականը չի ենթարկվում Եկեղեցու որոշումներին եւ կամայականություն է դրսեւորում, ի՞նչ քայլեր կարող են հաջորդել դրան:

– Անկեղծ ասած, կդժվարանամ այս հարցին պատասխանել: Այո, Եկեղեցին չունի անվտանգության ծառայություն: Հավատացյալները պետք է գիտակցեն, որ կարգալույծ արված հոգեւորականն իրավունք չունի գործունեություն ծավալելու: Այդ պահից սկսած՝ իր կատարած բոլոր արարողություններն անընդունելի են եւ Եկեղեցու կողմից վավերական չեն: Օրինակ` մկրտություն, պսակ, հաղորդություն եւ այլն: