26/10/2025

Ո՞րն է «անսանձի սանձահարման» ոչ ռազմական միջոցը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում պաշտոնապես խոսքը ՌԴ նախագահ Պուտինի ղեկավարությամբ «ռազմավարական միջուկային ուժերի վարժանքի» մասին է:

Փաստացի Վլադիմիր Պուտինը ցուցադրել է Ռուսաստանի «միջուկային երրորդության» հնարավորությունները: Տեսանյութում պատկերված է խճուղային տեղաշարժի «Յարս» հրթիռակիրը և համանուն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը:

Երկրորդ տեսանյութում ցուցադրվում է Բարենցի ծովում «Բրյանսկ» սուզանավից «Սինևա» դարձյալ միջմայրցամաքային հրթիռի արձակումը, երրորդում՝ թե ինչպես է TU -95MS ռազմավարական ռմբակոծիչն արձակում թևավոր հրթիռները:

Տեսանյութից չի հասկացվում, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը ե՞րբ է ղեկավարել ռազվարական միջուկային ուժերի «վարժանքը», բայց հրապարակումը ժամանակային առումով համընկնում է միջազգային մամուլում կազմակերպված տեղեկատվական արտահոսքին, որ Բուդապեշտում նախատեսված Թրամփ-Պուտին «գագաթնաժողովը հետաձգվում է կամ առհասարակ չեղարկվել է»:

Ընդ որում, Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել է, որ Թրամփ-Պուտին «հանդիպման կազմակերպումը դադարեցվել է»: Ըստ իրազեկ աղբյուրների, դա տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցից հետո, երբ կողմերին չի հաջողվել համաձայնեցնել անգամ իրենց հանդիպման օրակարգը:

Փորձագիտական իշխող տեսակետ կա, որ Պուտինը մերժել է Ուկրաինայում զորքերի շփման առկա գծով հրադադարի հաստատման առաջարկությունը, ինչին հաջորդել է ԱՄՆ նախագահի կոշտ հայտարարությունը, որ «անիմաստ հանդիպման վրա ծախսելու ժամանակ չունի»:

Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 22-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Վաշինգտոն է այցելել, որպեսզի ԱՄՆ նախագահին համոզի Ուկրաինային հեռահար հրթիռներ հատկացնելու հարցում: Ըստ երևույթին, Պուտինը «միջուկային երրորդության» ցուցադրում է կազմակերպել՝ ազդակ հղելով, որ հարկ եղած դեպքում չի խուսափի գործի դնել միջուկային զինանոցը:

Ուկրաինային Tomahawk չտրամադրելու որոշումը Սպիտակ տունը հիմնավորել է «էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությամբ»: Ուկրաինայի նախագահ Զելենսկին, մինչդեռ, տպավորություն է փոխանցել, որ Թրամփը Պուտինին «ևս մեկ հնարավորություն է տվել»:

Իրողություն է, որ Ռուսաստանի նախագահն այն մերժել է և միջուկային «ողջույն է հղել» Վաշինգտոնին: Կարելի՞ է ասել, որ դա կանխորոշում է «Պուտինի գործի հաղթանակը»: Իսկ եթե՝ ոչ, ապա ո՞րն է «անսանձի սանձահարման» ոչ ռազմական միջոցը: