26/10/2025

Ռեպրեսիվ մեթոդներն էլ կարող են մաշվել, հնանալ, հոգնեցնել

Ռեպրեսիվ մեթոդներն էլ կարող են մաշվել, հնանալ, հոգնեցնել:

Հրապարակ թերթը գրել է․ Մարդիկ կարող են դրանց հանդեպ հակաթույն մշակել, դրանց սովորել: Ուստի քաղաքական հետապնդումներն այնպիսի հզոր ու անվրեպ զենք չեն, ինչպես թվում է մեզ: Եվ երբ հանրությունը սկսի չվախենալ ու հանգիստ վերաբերվել կալանավորումներին, երբ ոչ թե ոգեւորվի ու խրախուսի կալանքները, այլ մերժի ու արհամարհի:

Երբ հասկանա, որ կալանքն արդարադատության կայացման հետ ոչ մի կապ չունի, եւ միայն վայրենի, հետամնաց երկրներում են առանց դատարանի որոշման մարդկանց տարիներով փակում բանտում:

Երբ սկսի կասկածել բոլոր քրեական վարույթներին, դատախազ-քննիչների որոշումներին, եւ այդ հսկա համակարգերը հիմնովին վարկաբեկվեն ու արժեզրկվեն, Նիկոլ Փաշինյանը եւ բռնապետական հովեր ունեցող ցանկացած մեկը ստիպված կլինեն հրաժարվել կալանքը որպես զենք իրենց հակառակորդների դեմ կիրառելուց:

Ինչպե՞ս անել դա, ինչպե՞ս հասնել այն բանին, որ հասարակության մեծ մասն առողջ մոտեցում ունենա իրավական գործիքակազմին:

Մի ճանապարհն այն է, որ Փաշինյանի դեմ դուրս եկած այն պապիկը, որն ասում էր` բա ինչի՞ չես բռնում-նստացնում, ինքն էլ ծիծաղով ասում էր` դե, հերթով բռնում ենք, էլի, պապիկի հարեւանները պետք է երեկոյան գնային իր տուն եւ գեղավարի ամոթանք տային չար, մաղձոտ, իր կյանքից դժգոհ, մարդկանց կալանավորմամբ ուրախացող այդ տարեց մարդուն: Բացատրեին, որ եթե Երեւանում մարդ են նստացնում, դրանից քո կյանքը չի լավանում, դրանից երկրում կոռուպցիան չի նվազում, արդարություն չի հաստատվում:

Իհարկե, վստահ չեմ, որ կհասկանար, բայց կարծում եմ` հաջորդ անգամ Նիկոլին տեսնելիս մի քիչ կմտածի` խոսելուց առաջ: Թեեւ պարզ է, որ նման պապիկներին գտնել-խոսեցնելը, նրանց «պատվերը» կատարելը Նիկոլի ընտրությունն է, ոչ թե պապիկի: