Հարցազրույց Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու համամասնական ընտրություններում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրացուցակը գլխավորող, Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ։
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին մեկնարկեց Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որի մասին տեղեկատվությունն ու նախորդ օրը Էջմիածնում անցկացրած մեր ժամանակի մասին այստեղ։
Պարոն Մեխակյան, ոչ վաղ անցյալում Դուք ընտրվեցիք և ղեկավարում էիք Խոյ խոշորացված համայնքը, որի Էջմիածնին միավորման արդյունքում արտահերթ ավագանու ընտրություններ են։ Միացման արդյունքում որն ավելի շահեց՝ Խոյ, թե՝ Էջմիածին համայնքը։
Կարող եմ համոզված ասել, որ երկուսն էլ շահեցին։ Շահել ասելով թերևս պետք է հասկանանք, որ հանդիսանալով պատկան մարմին, մենք պետք է ապահովենք բնակչության կարիքները ՏԻՄ-երին վերապահված լիազորությունների շրջանակում։ Մասնավորապես՝ բարեկարգման, սպասարկման, աղբահանության, սանմաքրման, կրթության, մշակույթի, սպորտի հետ կապված աշխատանքները։ Այդ ամենի համար համայնքային իշխանություններին պետք է բյուջե, իսկ այն մեծապես ձևավորվում է ՀՀ կառավարությունից ստացվող դոտացիաների միջոցով, որի հաշվարկի հիմքում մի շարք բաղադրիչներ են՝ բնակչության թիվ, բնակավայրերի քանակ և այլն։
Հենց դա նկատի ունենալով ձևակերպեցի հարցը, որովհետև Էջմիածնում բնակչությունն ավելի շատ է, քան Խոյ խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում, սակայն Խոյում էլ բնակավայրերի քանակն է շատ։
Թեև՝ խոշորացման արդյունքում ձևավորված Վաղարշապատ համայնքի բյուջեն անհամեմատ մեծանալու է, սակայն համայնքներում շարունակում են այնպիսի գերխնդիրներ մնալ, որ եղած բյուջեով միանգամից ու շատ տեսանելի չենք կարող բոլոր խնդիրները միանգամից լուծել։ Փոփոխություններ, բարելավումներ միանշանակ կլինեն, սակայն ասել, թե հինգ տարում ամբողջ համայնքները կբարեկարգենք ու այլևս անելու որևէ բան չի մնա, կհասցնենք միջին եվրոպական մակարդակին, իհարկե՝ այդպես չէ։
Օրինակ․ 2019 թվականին ես աշխատանքային այցով մեկնել եմ Ավստրիա՝ ուսումնասիրելու տեղական քաղաքականությունը համայնքներում, որտեղ յուրաքանչյուր համայնքի բյուջեն նվազագույնը 50 մլն եվրո է կազմում, ինչը բնականաբար անհամեմատելի է մերօրյա իրավիճակի հետ։ Մեզ մոտ խնդիրները լուծելու համար, հատկապես բարեկարգման հարցերում՝ ասֆալտապատում, ոռոգման համակարգ, կոյուղիների արդիականացում և այլն, անհամեմատ ավելի շատ գումարներ են անհրաժեշտ, բայց մենք հետևողականորեն առաջ ենք ընթանում։ Մենք չենք ասֆալտապատելու որևէ ճանապարհ, քանի դեռ այդ հատվածում կոյուղին ու բոլոր ենթակառուցվածքները փոխված չեն։
Այս ամենով հանդերձ՝ ով կշահի, ես կարծում եմ, որ շահեկան վիճակում կլինեն և գյուղաբնակը, և քաղաքաբնակը, որովհետև Խոյի վարչական շրջանները լինելով նախկինում Էջմիածնի շրջանի գյուղեր, բնակիչները գրեթե բոլոր ենթակառուցվածքային հարցերով կապված են Էջմիածնի հետ, այստեղ են բանկերը, պետական հաստատությունները, առևտրային կազմակերպությունները, անգամ շուկան։ Բոլոր բնակավայրերից հասարակական տրանսպորտային կապ կա դեպի Էջմիածին։ Ավելին, Խոյ համայնքի կենտրոնը Գեղակերտ գյուղում էր, սակայն մի շարք գյուղերից տրանսպորտային կապ չկար Գեղակերտի հետ, Էջմիածնի հետ բոլորն են կապված։ Այնպես որ, վերախոշորացումը շատ ճիշտ որոշում էր, որի արդյունքում կշահեն խոշորացված Վաղարշապատ համայնքի բոլոր բնակավայրերը։
Նոյեմբերի 16-ին կայանլիք ավագանու համամասնական ընտրություններում Դուք գլխավորում եք իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ընտրացուցակը։ Եղել եք Խոյ խոշորացված համայնքի ղեկավարը, այնուհետև նշանակվել՝ Արմավիրի մարզպետ ու վերադարձել Էջմիածնի քաղաքապետի ժ/պ, այժմ էլ հավակնում եք գլխավորել Վաղարշապատ խոշորացված համայնքը։ Մի տեսակ նահանջ չէ՝ գործադիրից՝ մարզպետից վերադարձ ղեկավարելու համայնք։
Մարզպետը տարածքային կառավարման մարմին է, իսկ սա համայնքապետը՝ տեղական ինքնակառավարման, որոնց գործառույթները շատ հստակ են ու շատ տարբեր։ Մի բան հստակ է, որ համայնքի ղեկավարի գործը միանշնակ շատ ավելի բարդ է, ավելի անշնորհակալ, բայց ավելի հողի վրա է՝ և արված աշխատանքն է հստակ երևում, և՝ չարվածքը։ ՏԻՄ-ը ՀՀ-ում այն եզակի կառույցներից մեկն է, որ մարդու կյանքի բոլոր ոլորտների հետ կապ ունի, հետևաբար՝ բնակչության բոլոր շերտերի հետ ունի ահռելի մեծ անելիք։ Այդ առումով դժվար է համայնքի ղեկավարի ու համայնքապետարանի աշխատանքը, բայց ես կարծում եմ, որ արհեստավարժ անձնակազմ ունենալու, միջազգային կազմակերպությունների ու Կառավարության հետ ճիշտ աշխատելու արդյունքում ամեն բան հաղթահարելի է։ Տասնամյակներով լուծում չստացած խնդիրները մենք ի զորու ենք կարգավորել, առաջին հերթին սումբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Կառավարությունն ունի մեկ այլ բաղադրիչ ևս, որ կոչվում է Մասնակցային բյուջետավորում, ինչը նաև տեղական ժողովրդավարության տեսնկյունից շատ կարևոր գործիք է, երբ բնակիչներն իրենք են առաջադրում խնդիրները, որի արդյունքում էլ նրանց մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը բավականաչափ մեծանում է։
Այժմ կարելի է ասել, որ Դուք առավելապես ծանոթ եք Խոյ խոշորացված համայնքի բնակավայրերի խնդիրներին, թե այս ընթացքում հասցրել եք ծանոթանալ նաև Էջմիածնի հիմնախնդիրներին։ Որոնք են Վաղարշապատ խոշորացված համայնքի գլխավոր հիմնախնդիրները, որոնք հերթով խոստանում եք լուծել ընտրություններում հաղթելու դեպքում։
Կարող եմ ասել՝ հավասարապես ծանոթ եմ բոլոր խնդիրներին, որովհետև նախ իմ աշխատանքային գործունեությունս սկսել եմ Էջմիածնի քաղաքապետարանից, այնուհետև՝ փոխքաղաքապետի պաշտոնից։
Խոյ համայնքը ղեկավարելով՝ բնականաբար ծանոթ եմ բոլոր հիմնախնդիրներին, նույնիսկ հերթականությամբ պարզ է, թե որը որից հետո, ինչ պետք է անենք, որպեսզի բնակավայր առ բնակավայր առաջ ընթանանք։
Ինչ վերաբերում է Էջմիածին քաղաքին, անգամ յուրաքանչյուր թաղամաս իր առանձնահատկությունն ու խնդիրներ ունի, կան թաղամասեր, որոնց խնդիրները բնորոշ են գյուղական բնակավայրերի հիմնահարցերին, կան թաղամասեր, որոնք խիստ քաղաքային բնորոշում ունեն։
Էջմիածինը տուրիստական մեծ պոտենցյալ ունեցող քաղաք է, որի հարցում մենք մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի զբոսաշրջիկներին պատմամշակութային, եկեղեցիների միջավայրից դեպի քաղաքային միջավայր կարողանանք ներգրավել՝ հետաքրքիր ժամանցային վայրերի, այգիների, պուրակների արդիականացման տեսքով։ Նոր փառատոններ, միջոցառումներ կազմակերպելու ցանկություն ունենք, որպեսզի տուրիստներին ուղղորդենք նաև դեպի քաղաքային միջավայր։
Ինձ համար խնդիրները հստակ են, որովհետև այս ժամանակահատվածում, ես կամ եղել եմ գրեթե բոլոր թաղամասում, շենքերի բակերում, ինքս եմ արձանագրել բոլոր հիմնահարցերը, եթե ոչ, ապա աշխատակազմն՝ իմ հանձնարարությամբ, շրջել է բոլոր թաղամասերում և գույքագրել ամեն բան։ Դրանց արդյունքում է ձևավորվել մեր նախընտրական ծրագիրը, որն իհարկե ընդհանրական է, սակայն մենք գիտենք յուրաքանչյուրի ներքո ինչը ինչպես, որտեղ պետք է կատարվի։
Ինչպիսի քարոզարշավ եք ծրագրում անցկացնել, և՝ ընդհանուր առմամբ, ընտրապայքարում առկա քաղաքական ուժերիդ միջև, որքանով կլինի քաղաքակիրթ։
Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում տեղ գտնող իմ հասցեին ցեխշպրտոցիները և աշխատանքներիս սևացման գործընթացները, որոնց նպատակն է շեղել քաղաքացիների ուշադրությունը, ես կարծում եմ, որ իհարկե մեզ չեն կարող խանգարել, փոխարենն ավելի շատ էներգիա ու թափ են հաղորդելու, որպեսզի շատ աշխատենք ու ավելի շատ ներկայացնենք մեր աշխատանքները, ավելի շատ շփվենք մեր քաղաքացիների հետ։
Մեր քարոզարշավը լինելու է ավելի շատ հողորդակցությունների միջոցով՝ ամենօրյա շփումներ քաղաքացիների հետ։ Ուղիղ շփում, ուղիղ բանավեճ, ես կարծում եմ, որ կկազմակերպվի նաև բանավեճ ուղիղ եթերում, որտեղ ընտրապայքարում առկա քաղաքական ուժերի մասնակցության պարագայում ամեն բան ակներև կլինի։ Մենք ասելիք շատ ունենք։
Պարոն Մեխակյան, էլի մամուլն է մեղավոր ամեն ինչում։ Ի վերջո, Ձեզ քննադատում են թերևս ոչ թե որպես Արգիշտի Մեխակյան անհատականություն, այլ որովհետև գործող իշխանության թեկնածուն եք, գլխավորում եք ՔՊ համամասնական ընտրացուցակը։
Այո, հիմնականում քննադատությունը պայմանավորված է, որ իշխող կուսակցության ընտրացուցակն եմ առաջնորդում, բայց այնքան է ամեն բան խառնվել, որ ոմանք անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ են անում՝ արհեստական բանականությամբ տեսանյութեր են պատրաստում իմ մասին՝ իբր իմ մասնակցությամբ, զրպարտիչ լուրեր են հրապարակում՝ հղում կատարելով տելեգրամյան անհայտ ու կեղծ ալիքներին, ետևում մարդ, անուն չկա, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից։ Պարզապես քննադատություն չէ թե համայնքպետ, մարզպետ աշխատածս տարիներին ինչ թերություններ եմ ունեցել, որովհետև տեսանելի որևէ թերություն չկա, ես աշխատանքները միշտ պատշաճ եմ կատարել, մանրակրկիտ, հետևողական, շատ ջանք եմ ներդրել՝ աշխատակազմի հետ միասին, ամեն բան տեսանելի է եղել, իրական քննադատության պատճառ չկա։
Մի բանն է լավ, ճիշտ է համայնքը մեծ է, բնակչությունը 100 հազարից ավելի է, բայց իմ անձի ու ընտանիքի ճանաչողությունն էլ է մեծ, որպեսզի մարդիկ չհավատան կեղծ լուրերին։ Ես ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ շարունակում եմ ապրել նույն կերպ, նույն ձևով, ոչինչ չի փոխվել, անգամ՝ նյութական առումով ավելի է վատացել, քան՝ լավացել է, փոխարենը հասկանալի է, որ քաղաքական գործընթացները ենթադրում են չգրված կանոններ, կարող են կարմիր գծեր էլ հատվեն, բայց բանականությունն ու խելամտությունը, ինչպես նաև կատարված աշխատանքն արդյունք տալու է։
Մենք նախորդիվ հանդիպել ենք Խոյի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Խոյ խոշորացված համայնքում ձեր կողմից տրված նախընտրական խոստումների որ մասը հասցրեցիք կատարել։
Թերևս՝ մեծ մասը, որովհետև բոլոր այն ուղղություններով, որ մենք ծրագրել էինք աշխատել մեծածավալ աշխատանքներ են կատարվել։ Օրինակ․ մի քանի նոր մանկապարտեզների բացում ենք ունեցել, մի քանիսն էլ շինարարական փուլում են։ Ակտիվ համագործակցել ենք դպրոցների հետ, բավարարել դրանց կարիքները, որոնք իհարկե համայնքապատկան չեն, սակայն կրթական, մշակութային, սպորտային բազում ծրագրեր ենք իրականացրել։ Բարելավել ենք մարզիկների ու նրանց մարզիչների աշխատանքային միջավայրը, նրանց նաև քաջալրել ու ֆինանսապես աջակցել ենք։ Ասֆալտապատումներ են իրականացվել գրեթե բոլոր գյուղերում, խմելու ջրագծեր են փոխվել ու անցկացվել, ևս մի քանիսն ու կարելի է ասել, որ գյուղական համայնքներում այլևս խմելու ջրի խնդիր չենք ունենա։ Գազաֆիկացման աշխատանքներ ենք իրականացրել, օրինակ Լեռնանիստում, մյուս գյուղերի նորակառույց թաղամասերում, այժմ ընթանում է բաժանորդների կազմման աշխատանքերը։ Գրեթե բոլոր գյուղերում կանգառասրահներ ենք կառուցել, մշակութային տներ ենք վերանորոգել, խմբակներ ավելացրել ․․․ Սպորտային փառատոններ ենք կազմակերպել, թվարկումը երկար է։ Մի խոսքով, չունենք այնպիսի բնակավայր, որտեղ կապիտալ աշխատանք չի իրականացվել։
Ինչպես է ձևավորվել ՔՊ ավագանու համամասնական ընտրացուցակը, ինչ սկզբունքով ․․․
Մեր կարգախոսը, սկուզբունքն է․ Ընտրիր ազնվությունը, հոգատարությունն ու աշխատանքը։ Այսինքն՝ մենք ընտրացուցակում ներառել ենք այնպիսի մարդկանց, ովքեր իրենց աշխատանքային և մասնագիտական ոլորտներում ազնիվ են, հոգատար, աշխատասեր ու արդյունք ապահովող։
ՔՊ համամասնական ընտրացուցակում կան և գործող ավագանիներ և Խոյ, և Էջմիածին համայնքներից, ովքեր իրենց փորձով, կազմակերպվածությամբ շարունակելու են իրենց գործունեությունը նաև համայնքային կազմակերպման ոլորտներում։ Մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներից ունենք թեկնածուներ, բժիշկներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ ․․․ Փորձել ենք բոլոր ոլորտները ներառել, որպեսզի մշտական կապը այդ ոլորտների հետ լինեն մշտական։ Բոլորը չէ, որ կուսակցականներ են, կան և անկուսակցականներ։
Որքան եք գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունները։
Մենք միանշանակ ունենալու ենք բացարձակ հաղթանակ 50 +1, որովհետև ունենք կատարած տեսանելի ու տարիներ ի վեր չլուծված խնդիրների լուծմանն ուղղված հսկայածավալ աշխատանք։ Մասնավորապես՝ ժամանակավոր պաշտոնակատարի այս աշխատանքում ևս մենք բոլոր ծառայությունների որակը շեշտակի բարձրացրել ենք, հետադարձ կապ ենք հաստատել բնակչության հետ։ Շատ աշխատանքներ նախագծման փուլում են, շատերն էլ վաղուց արդեն մեկնարկել են, իրագործվում են։ Դեռ որոշակի ժամանակահատված առաջ ՀՀ կառավարությունն, օրինակ, 500 մլն դրամ է ներդրել ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ՝ կոյուղիների փոխարինում, փողոցների ու մայթերի հիմնանորոգում և այլն։ Վստահությունը, որ ընտրությունների արդյունքում ունենալու ենք բացարձակ մեծամասնություն Վաղարշապատի համայնքապետարանի ավագանիում արդյունքն է այն բանի, որ անցած ժամանակահատվածում եղել ենք ազնիվ ու օգնող մեր բնակչությանը, կարծում եմ, որ աշխատանքն ու շփումները բնակիչների հետ տալու է իր արդյունքը։ Մենք ցեխ չենք շպրտում որևէ մեկի վրա, բայց խիստ հակադարձում ենք այլ քաղաքական ուժերի սուտ տեղեկություններին ու շարունակում ենք մեր աշխատանքը։
Ձեր կոչը, խոսքն ընտրողներին, գուցե առավելապես նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրեն։
Կոչ եմ անում մեր համայնքների բնակիչներին, որպեսզի նոյեմբերի 16-ին իրենց քվեն տան թիվ 7-ին՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին՝ ի դեմս ինձ, Արգիշտի Մեխակյանիս, որ գլխավորում եմ ընտրացուցակը, որովհետև մենք հետևողական ենք լինելու մեր աշխատանքներում, մենք հետևողական ենք լինելու այն հարցերում, որոնք բնակիչները բարձրաձայնում են և շարունակելու են բարձրաձայնել, մենք հետևողական գույքագրելու և վեր ենք հանելու բոլոր խնդիրները, որոնք կան համայնքներում ու դրանց լուծման ուղիները գտնելու, իրականացնելու ենք միասին։ Այդ ամենը կարևոր է իրականացնել ամուր, ազնիվ ու աշխատասեր թիմով, ինչպես նաև համագործակցությամբ անհատականությունների, բարերարների և հատկապես՝ Կառավարության հետ։ Միջազգային կազմակերպությունների հետ էլ մեր աշխատանքը նոր թափ է ստանալու, որովհետև այս ընթացքում ձևավորվել է փոխադարձ վստահություն։






Բաց մի թողեք
«Վատիկանը տարածքով աննշան է, բայց միջազգային հարաբերություններում ծանրակշիռ դեր ունի»
Ադրբեջանը փաստացի միանում է Եվրամիություն – Կենտրոնական Ասիա համաձայնություններին ու մերժում Պուտինին
Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում