Հոկտեմբերի 24-ին ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Ըստ այդմ, Պուտինը և Ալիևը «քննարկել են երկկողմ օրակարգի ակտուալ հարցերը՝ շարունակելով Դուշանբեում կայացած բանակցությունների թեման, կողմերը վերահաստատել են տնտեսական և առևտրական կապերի, ինչպես նաև էներգետիկ և կոմունիկացիոն-լոգիստիկ ոլորտներում կապերի հետագա զարգացմամբ փոխադարձ հետաքրքրությունը»:
Աչքի է զարնում, որ Պուտին-Ալիև հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրության տեքստում կողմերի միջև «ռազմավարական համագործակցության» մասին որևէ հիշատակում կամ նույնիսկ ակնարկ չկա:
Մինչդեռ Ռուսաստանը եւ Ադրբեջանը 2022թ. փետրվարի 22-ին նախագահների մակարդակով ստորագրել են ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին քառասուն կետից բաղկացած հռչակագիր: Դա, իհարկե, վավերացում անցած և իրավական պարտադիր ուժ ունեցող պայմանագիր չէ, բայց քաղաքական առումով թե Մոսկվայի, թե Բաքվի կողմից մինչև անցյալ տարեվերջ ընդունվում էր որպես ուղենշային:
Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել վերջինիս Ղազախստան կատարած պետական այցից մի քանի օր հետո: Ակնկալվում է, որ նոյեմբերին Մոսկվա կայցելի Ղազախստանի նախագահը: Ադրբեջանական փորձագետները տեսակետ են հատնել, որ Տոկաև-Ալիև բանակցություններից հետո «ձևավորվում է եվրասիական նոր միջավայր»:
Ակնարկն ակնհայտորեն այն մասին է, որ Ադրբեջանը փաստացի միանում է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա համաձայնություններին, իսկ դրանք Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը թուլացնելու նպատակ են հետապնդում:
Համատեղ ի՞նչ էներգետիկ ծրագրեր կարող են իրականացնել Ռուսաստանը և Ադրբեջանը: Առայժմ խոսք է գնում Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան գազատարի կառուցման մասին:
Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին, ապա Բաքուն, կարծես, վերջնական համաձայնություն չի տվել Ռուսաստան – Իրան երկաթուղային հաղորդակցության նախագծին: Ըստ երևույթին, Մոսկվան և Բաքուն ռազմավարական դաշնակցային հարաբերությունների տիրույթից արդեն դուրս են:






Բաց մի թողեք
«Վատիկանը տարածքով աննշան է, բայց միջազգային հարաբերություններում ծանրակշիռ դեր ունի»
Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան
Ուկրաինան հազիվ թե դեմ լինի Եվրամիություն-Կենտրոնական Ասիա համագործակցությանը