Քննչական կոմիտեի քննիչների ծանրաբեռնվածությունն անցյալ տարվա համեմատ ավելացել է: Հանցագործության մասին մոտ 2 հազարով ավելի հաղորդում են ստացել, մոտ 400-ով ավելի վարույթ են քննել միայն ամռան 2 ամսվա՝ հուլիս-օգոստոսի ընթացքում:
Հրապարակ թերթը գրել է․ «2025 թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին ընդհանուր 13 հազար 456 հաղորդում, որից 10 հազար 356-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 2024 թ. նույն ժամանակահատվածում` 12 հազար 25 հաղորդում, որից 9 974-ով նախաձեռնվել է քրեական վարույթ»: Վիճակագրությունը մեզ է տրամադրել ՔԿ խոսնակը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ ՔԿ-ն ու դատախազությունն օրնիբուն աշխատում են, հանցագործություններ բացահայտում: Ինչո՞ւ են հաղորդումներն այսքան շատացել: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը կարծում է, որ վիճակագրությունն ուռճացվում է, եւ որքան ավելի շատ են վարույթները, այնքան ավելի վատ են աշխատում քննիչները:
«Երբ որ քննիչն ունի իր վարույթում 30 գործից ավելի գործ, ինչն արդեն աննորմալ թիվ է, դրանից իր աշխատանքի որակն ընկնում է: Իսկ այսօր մեր քննիչներն իրենց վարույթում ունեն 110, 120, 150, 180 գործ: Սա արդեն նշանակում է, որ այդ քննիչները չեն աշխատում ու լրիվ իրավունք ունեն չաշխատելու: Որովհետեւ կհարցնեն՝ ինչո՞ւ այս գործով չես աշխատել, կասի՝ էդ գործով չեմ արել, փոխարենը էն մի գործն եմ արել, 30 գործից ավելի՝ վերջ, ծանր է աշխատելը»:
Սիրունյանը ֆիքսում է նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունը, որը նույնպես ամսեամիս ավելանում է: «Բայց դատավորները մեղք չունեն, որովհետեւ նրանք ստանում են այդ աղբը դատախազությունից: Եթե նորմալ դատավորն ունի 15, առավելագույնը՝ 20-ից ավելի քրեական գործ, համարի, որ վերջ` նրա աշխատանքը կազմալուծված է:
Այստեղ շահում է միայն դատախազությունը, որը պարծենում է, թե էսքան գործ ենք հարուցել, էսքան գործ ենք ուղարկել դատարան: Սա թոզ փչել է, ուրիշ ոչ մի բան: Աննա Վարդապետյանի օրոք դատարան ուղարկված քրեական գործերի թիվը քառապատկվել է:
2500-3000 քրեական գործն այսօր դարձել է տարեկան 12 հազար գործ: Այսօրվա թիվ եմ ասում՝ 2025 թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ 10 հազար 200-ից ավելի քրեական գործ է մուտքագրվել դատարան, ու դեռ հոկտեմբերը չի վերջացել»:






Բաց մի թողեք
Մանվել Գրիգորյանի փեսային տուգանել են
Փոքր երկրում հեշտ է պրոցեսներ գեներացնելը․ Կրկին փորձի՛ր
Ամեն ինչ հարամելու, ավերելու «արվեստը»