Ռուսաստանի խոշոր նավթային ընկերություններից «Լուկօյլը» երկու օրվա ընթացքում շուրջ 1 միլաիրդ դոլար է կորցրել, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո Մոսկվայի բորսայում նրա արժեթղթերն ունեցել են միանգամից 7,2 տոկոսի անկում:
Այդ մասին The Moskow Times-ին հղում անելով՝ գրում է Բաքվի իշխանամերձ minval- politica-ն: Երկրորդելով այս տեղեկությունը, haqqin.az-ը հիշեցնում է, որ «Լուկօյլը» 1994թ. «դարի գործարքով» տիրապետում է նավթային կոնսորցիումի 10 տոկոս բաժնեմասին և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի և գազի խոշոր արդյունահանողներից մեկն է:
Ադրբեջանական մամուլն ուշադրություն է հրավիրում իրողությանը, որ Իլհամ Ալիևի հետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է նախաձեռնել «Ռոսնևթ» և «Լուկօյլ» ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից մեկ օր հետո:
«Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարների, և դա ամենևին էլ ռուսատյացություն չէ, այլ իրականությունը գնահատելու և նոր իրավիճակին հարմարվելու անհրաժեշտություն»,- եզրահանգել է ադրբեջանցի հեղինակը, ինչից կարելի է զգուշորեն ենթադրել, որ Պուտինը փորձել է շոշափել նուրբ հարցեր, բայց Ալիևը մանևրել է՝ զգուշանալով Թրամփի զայրույթին արժանանալուց:
Գրեթե միաժամանակ տեղեկություն է հայտնվել, որ Բուլղարիայի խորհրդարանը «նախնական հավանություն է տվել «Լուկօյլի» սեփականություն հանդիսացող նավթավերամշակման գործարանը և բենզալցակայանների ցանցն ադրբեջանական SOCAR-ին վաճառելու գործարքին»:
«Լուկօյլը» բենզալցակայանների ցանց ունի նաև Ադրբեջանում: Մեծ է հավանականությունը, որ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունը, որի սեփականատերն էթնիկ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովն է, Կասպյան կոնսորցիմում մասնաբաժինը և ենթակառուցվածքները վաճառի Ադրբեջանին:
Բացառված չէ, որ այդ հողի վրա ռուս-ադրբեջանական նոր, բայց արդեն առարկայական տարաձայնություններ ի հայտ գան: Բանն այն է, որ Կասպյան կոնսորցիումի բաժնետերն, իհարկե, «Լուկօյլն» է, բայց դա քաղաքական, Ռուսաստանի նվազագույն հավակնությունները բավարարող որոշման արդյունք է:
Ադրբեջանը չի կարող հաշտվել Կասպից ավազանում «Լուկօյլի» գործունեության դադարեցման հետ, բայց և չի փորձի աջակցել կամ ամերիկյան պատժամիջոցները շրջանցող գործարքի գնալ: Ալիևը, հավանաբար, կառաջարկի գնել «Լուկօյլի» մասնաբաժինը: Իսկ թե ո՞ւմ պետք է վճարի, կորոշի, երևի, Վլադիմիր Պուտինը:






Բաց մի թողեք
Այսօրվանից թույլատրվում է բեռնատարների տարանցիկ երթևեկությունը Թուրքիայից դեպի Ադրբեջան, որ ճանապարհով
Պուտինը վախենում է հեղափոխությունից
Իրականությունը, երևում է, «մի փոքր» այլ է. Պուտինը ստում է